ԿարևորՀասարակություն

Արցախցիներին կացարանով կապահովեն Չարենցավանում և Ծաղկաձորում

Շուշեցի Ստելլա Միրզայանն իր համաքաղաքացիների հետ այսօր  Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց է։ Եկել է հասկանալու իրենց հետագան ու  կացարան ունենալու  ճակատագիրը։ Հարազատ քաղաքը լքել է  հոկտեմբերի  27–ին, երբ մնալու հույս չի եղել։ Երևանում օթևանել են  անծանոթ ընտանիքում։ Մինչ օրս պետական  որևէ կառույցի դուռ ընտանիքը չի  թակել։ Տղան Ստեփանակերտում է, նոր կացարան է փնտրում։  

«Իմ տղան այնտեղ է,  հետաքրքրվում է, դեռևս բնակարան չկա։ Ժողովուրդը շատ է, բնակարանները քիչ են և չեն  կարողանում  բոլորին միանգամից տեղավորել։ Դժգոհությունը, ինչպես բոլոր արցախցիներինը, այն է, որ տեղահանվել ենք և որքան պետք է բարի մարդկանց միջոցով ապրենք»։

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում մոմավաճառ կինը այնտեղ  թողել է  երկու բնակարանն ու ընտանեկան փոքրիկ բիզնեսը։ Այսօր դատարկաձեռն Երևանում է։ Արցախ վերադառնալու ցանկությունը մեծ է, եթե ապահովեն կացարանով։

«Ես պատրաստ եմ, իսկ իմ թոռներին պատրաստ չեմ տանել այնտեղ, որովհետև այն, ինչ որ նրանք  տեսել են, շոկի մեջ են։ Ես չեմ ուզում մնալ Հայաստանում, ամուսնուս հետ վերադառնալու եմ  Արցախ, բայց  թոռներիս համար դեռ շուտ է»։

Ավելի շատ պատրաստ է վերադառնալ Շուշի ու նորից վերակառուցելու  տունը։ Փախստականի մի փորձ արդեն ունի։ Ղարաբաղյան պատերազմից հետո Բաքվից է վերաբնակեցվել  բերդաքաղաքում։ Ստելլա Միրզայանին ու նրա համաքաղաքացիներին ընդունեց  Հայաստանում Արցախի ներկայացուցիչ  Սերգեյ Ղազարյանը։  Հայրենակիցներն իրենց հուզող հարցերով  մշտապես կարող են  դիմել ներկայացուցչությանը, արդեն լրագրողների հետ զրույցում ասաց Սերգեյ Ղազարյանը։

«Խոսքը գնում է մի քանի հազարավոր մեր հայրենակիցների մասին։ Եվ այդ հարցերին օրերի ընթացքում արագ լուծումներ տալը այնքան էլ հնարավոր չէ։ Բայց այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են»։

Խնդիրները  ցուցակագրել են ու ներկայացնելու են երկու հայկական պետությունների կառավարություններին։ Հանդիպումից հետո  արցախցիներին  կացարանով ապահովելու որոշակի լուծումներ արդեն  կան, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։

«Այսօր արդեն մեզ տվյալներ են տվել, որ Ծաղկաձորում և Չարենցավանում  կացարաններ կան նրանց համար նախատեսված։ Դե ով որ մեզ դիմում է , մենք առաջարկում ենք։  Բայց կան նաև հրաժարվողներ։  Մարդիկ կան, որ վարձով բնակարաններ են ուզում։ Բայց դրանք էլ աստղաբաշխական թվեր են, որոնք հարցը լուծել հիմա անհնար է»։

Առայժմ  համապատասխան կացարաններ չկան նաև Արցախում, այդ իսկ պատճառով  տուն ու տեղը կորցրած մարդկանց տեղափոխությունը չեն կարողանում  ապահովել, եզրափակեց  քաղաքապետը։

Back to top button