ԿարևորՀասարակություն

Թուրքական «փափուկ ուժի» վտանգը

Համակրանքի արժանանալու ռազմվարությունն անշուշտ հիանալի հոգեբանական հնարք է, որը Թուրքիան հմտորեն կիրառում է վերջին տարիների ընթացքում։ Ընդունենք, որ հեշտ չէ, ստեղծել տպավորություն ողջ աշխարհում, որ դու լավագույնն ես, հզոր ես, գեղեցիկ ես, առաքինի ես և որևէ առնչություն չունես թշնամի հասկացության հետ։

Տպավորություն՝ բառի ամենաուղիղ իմաստով,  որը սակայն հաջողվում է ստեղծել թուրքերի կողմից անգամ  շատ հայերի մոտ և անգամ պատերազմի օրերին։

Հոգեբան Կարինե Նալչաջյան․ «Սուլթանին, ժամանակաշրջանը, մարդկանց այդքան հրապուրիչ ներկայացնելը խայծ է, որը մենք կուլ ենք տալիս։ Թշնամու կերպարը խամրում է մեզ համար, թուլանում է այն կերպարը, կորցնում է մարդը իրականության զգացումը  և սկսում է որպես թշնամի չընկալել և դառնում է պոտենցիալ զոհ»։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիան վաղուց է մշակել  «փափուկ ուժի» ռազմավարությունը և իրականացնում է այն մտածված, քայլ առ քայլ։ Բացի սեփական մշակույթը գրքերի, սերիալների, երաժշտության և հնարավոր այլ ձևերով պրոպագանդելը, հիմա թիրախավորել են կրթությունը: Թուրքագետի խոսքով՝ Թուրքիան ահռելի միջոցներ է հատկացնում օտարերկրյա ուսանողներին թուրքական համալսարաններում սովորելու հնարավորություն տալու համար։ Ինչ վերաբերում է վերջին տասնամյակում թուրքական փափուկ ուժի գլխավոր և աշխատող գործիքին ՝ պատմական սերիալներին, ապա նմանատիպը Հայաստանում և հայկական պատմության հիման վրա նկարահանելու համար ֆինանասական ահռելի միջոցներ են պահանջվում, որոնք մեր երկիրը ցավոք չունի․

«Թուրքիան հմտացել է սերիալներ նկարահանելու գործում։ Ամենից շատ հաջողության հասած սերիալներից է Օսմանյան կայսրության մասին պատմող սերիալները, որտեղ պատմությունն ամբողջովին աղավաղված է։ Օսմանյան շրջանը ներկայացված է, որպես փառահեղ կայսերական շրջան, բայց դա չի համապատասխանում իրականությունը, որովհետ Օսմանյան կայսրությունը պահվել է ճնշումներով և հպատակ ժողովուրդներով», — ասում է Ռուբեն Սաֆրաստյանը։

Թուրքական փափուկ ուժի գործիքակազմի, այդ թվում և սերիալների մասին շատերն են խոսում։ ԵՊՀ իրավագիտության Ֆակուլտետի ուսանող Վազգեն Մուրադյանը կարծում է, որ կան թուրքական սերիալներ, որոնք ավելի լավը չեն, քան հայկական սերիալները։ Ավելին, վերջին տարիներին հայ կինոարտադրության մեջ, ինչպես Վազգենն է նշում, ի հայտ են եկել հրաշալի սերիալներ․ այս պահին մտաբերում է «Քաոսը» և «Վերջին ուսուցիչը»։

Իրավագիտության ֆակուլտետի ուսանողն, առաջնորդվելով ընտրության իրավունքի սկզբունքով, նշում է, որ թուրքական սիրային կամ կենցաղային թեմաներ շոշափող  սերիալներից զատ ընդունում և մասամբ անգամ խրախուսում է թուրքական պատմական սերիալների դիտումը, քանի որ դրանք թույլ են տալիս ավելի լավ ճանաչել թշնամուն․  

«Եթե հակառակորդի սերիալը ոչնչով չի տարբերվում օրինակ քո անբովանդակ սերիալներից, գումարա դրա էլ թուրքական է, դա ուրեմն նշանակում է կրկնակի վնաս, հայ մարդու և առհասարակ Հայաստանի համար։Նրանք, ովքեր նայում են այդ սերիալները, որոնք որ պատմական չեն, ոչինչ չեն ստանում, ոչինչ չեն քաղում»։

Հաջորդ զրուցակցիս որոշեցի ուղել այդ հարցը, հասկանալու համար արդյո՞ք ոչինչ չեն տալիս այդ սերիալները․

Իմ Հարցը- Ի՞նչ են տվել թուրքական սերիալները, ի՞նչ եք քաղել դրանցից

Իր Պատասխանը – Ճիշտն ասած ոչ մի բան։

Մարիամն է, առաջ դիտել է թուրքական սերիալներ, ասում է՝ ազատ ժամանակ անցկացնելու մի ձև էր։

«Թուրքական  սերիալներ դիտել եմ, բայց պատերազմից հետո անկեղծ ասած դադարել եմ նայել»։

Մարիամի որոշումը նաև ապագային է վերաբերում․ թուրքական սերիալներ այլևս չի նայելու, ինչ վերաբերում է թուրք գրողներին և նրանց գրքերը կարդալուն, պատասխանում է․

«Չեմ կարդացել, ինձ թվում է՝ դժվար էլ կարդամ»։

Այնուամենայնիվ, վերջին՝ պատերազմական ամսվա ընթացքում ամենից շատ ընթերցված գիրքը Հայաստանում թուրք հեղինակի՝ Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի Բիճը» գիրքն  է։ Վեպտն աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել հայ հասարակության շրջանում, հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ։ Գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ստացվում է աշխարհում այդքան հմտորեն փափուկ ուժ կիրառող Թուրքիան կոշտ ուժ է կիրառում՝ ազգային և հասարակական խնդիրները բարձրաձայնող թուրք մտավորականների հանդեպ, որոնց ցանկում Էլիֆ Շաֆաքը միակը չէ։

Ցուցադրել ավելի
Back to top button