ԿարևորՄշակույթ

Խաղաղ Արցախի մասին՝ պատերազմի օրերին․ «Ոսկե ծիրան»-ն ավարտվեց

Նրանք, ովքեր ուզում են ապրել խաղաղության մեջ, պատմում են խաղաղության մասին․

«Գիտեք, երբ ես իմ ֆիլմը նկարում էի, ես ուզում էի պատմել խաղաղ Ղարաբաղի մասին»։

Նորա Մարտիրոսյանն է՝ «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի ռեժիսորը։ «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի «Նվիրում Արցախին» նախագծի մեկնարկը տրվեց նոյեմբերի 1-ին Կաննի կինոփառատոնում ընդգրկված և Արցախին նվիրված նրա այդ ֆիլմի պրեմիերայով։ Ֆիլմը նկարահանվել է Արցախում, այն ժամանակ, երբ քամիներն այսքան անհաշտ չէին  լեռների, մարդկանց, ուր մնաց օտար լեռներից եկած քամիների հետ․

«Նկարահանումներն ամբողջովին կատարվել են Ղարաբաղում, տարբեր քաղաքներում, գյուղերում, որոնց մեծ մասը այսօր մնացել է Ադրբեջանի ձեռքը, իսկ ֆիլմի կենտրոնը Ստեփանակերտի օդանավակայանն է»։

Առաջին հայացքից գուցե կթվա, որ սա այլևս ֆիլմ է այն հայրենիքի մասին, որը մերը չէ։ Բայց  որոշումը, թե որ հայրենիքն է մերը, կայացնում ենք մենք, ես, դու, ռեժիսորը, երաժիշտը, տնտեսագետը և մնացած բոլորը․

«Ամբողջ հայությունն ապրեց մի ահավոր ցնցում և ես որպես հայ, որպես քաղաքացի, որպես արվեստագետ ասում եմ, որ ես դեռ այդ ցնցման մեջ եմ, բայց ես նաև համոզված եմ, որ հաջորդ ֆիլմը, որ նկարելու եմ,  մեծ վերք է տանելու իր մեջ մեր պատմության այս դրվագի մասին»։

«Ոսկե ծիրան 2020»-ն այլևս գրված պատմություն է։  Վիրտուալ սեղանի շուրջ հավաքված ժյուրին դիտել է ֆիլմերը, քննարկել դրանք և արդեն կայացրել որոշումներ․  Ոսկե ու Արծաթե ծիրան մրցանակ ստացած ֆիլմերի անունները ցանկացած պահի կարող են հայտարարվել, «Ոսկե Ծիրան» միջազգային կիոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյան․

«Դժվար է միավորել 5 տարբեր երկրներում գտնվող ժյուրիի անդամներից, սակայն հիմնական ընթացքն ավարտվել է, ժյուրիի անդամները նախազրույց ունեցել են և երկու մրցանկակիրների անունները շատ շուտով կհայտարարվեն»։

Գեղարվեստական տնօրենի խոսքով՝  17–րդ  «Ոսկե Ծիրան»-ը նախ կորոնավիրուսային համավարակի մարտահրավերի առաջ էր, որին հաջորդեց երկրում պատերազմական իրավիճակը։ Այս տարի անցկացված Ոսկե Ծիրանն ունեցավ հիբրիդային ձևաչափ․

 «Առցանց միայն ժյուրիի քննարկումներն են անցել, մեկ պարզ պատճառով, որ ֆիզիկապես նրանք չէին կարող այս տարի ներկա գտնվել։ Բուն փառատոնն առցանց չի անցել, մենք այնուամենայնիվ ունեցանք հնարավորություններ կենդանի կինոդիտումների, առաջին շաբաթը կինոյի տանը, հետո Սինեմասթար և Կինոպարկ կինոթատրոններում»։

Պատերազմի 44 օրերի ընթացքում կինո գնալը  որևէ հայի առաջնահերթությունների ցանկում չէր։ Փառատոնի փոփոխված ձևաչափով մարդիկ դիտում էին Արցախի մասին պատմող և այլ ֆիլմեր, իսկ տոմսերի գումարը փոխանցվում էր Համահայկական հիմնադրամ․

«Այդ օրերին հնարավոր էր միայն Արցախի թեմայով ֆիլմեր ցուցադրել, որպեսզի մարդը չկտրվեր իրականությունից, ընդհակառակը, նրան պատերազմի և խաղաղության մասին սկսեցինք պատմել կինոյի լեզվով»։

Back to top button