ԿարևորՔաղաքական

Բելգիայի դաշնային խորհրդարանը Ադրբեջանից պահանջելու է զորքերը դուրս բերել Արցախից

Ֆրանսիայի Սենատի և Նիդեռլանդների խորհրդարանի օրինակին հետևելով՝ Բելգիայի ներկայացուցիչների պալատն պատրաստվում է ընդունել բանաձև, որում դատապարկում է Արցախի հայ ազգաբնակչության դեմ Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ և օտարազգի վարձկանների մասնակցությամբ սանձազերծված ադրբեջանական ռազմական ագրեսիան: Բանաձևը նաև դատապարտում է խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից կանխամտածված հարձակումները և կաստետային և ֆոսֆորային ռումբերի կիրառումը, հայտնում են ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ
Բելգիայի Հայ դատի հանձնախմբից։

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը և Բելգիայի Հայ դատի հանձնախումբը ողջունում են ս.թ. դեկտեմբերի 2-ին Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձաժողովի կողմից ընդունած բանաձևը, որն առաջիկայում քննարկվելու և ընդունվելու է խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում:

Բանաձևը հստակորեն պահանջում է, որ Ադրբեջանը և նրան սատարող թուրքական ուժերն ու վարձկանները զորքերը դուրս բերեն Լեռնային Ղարաբաղի տարածքից, որը նվաճվել է բռնի ուժի և բռնության գործադրմամբ: Բանաձևի նախաբանում խոսվում է նաև Արցախի հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման մասին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքներ, և շեշտվում է, որ այդ սկզբունքները ոտնահարվել են Ադրբեջանի կողմից:

Քանի որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մեջ չի նշվում Արցախի կարգավիճակի մասին, Բելգիայի խորհրդարանը կոչ է անում երկրի կառավարությանն աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների անհապաղ վերսկսումը, որը նպատակ կունենա Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ որոշում հաստատել, մասնավորապես հաշվի առնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Լիագումար նիստում բանաձևի ընդունումից հետո Բելգիայի կառավարությունը խնդիր կունենա պահանջել Թուրքիայից դադարեցնել ռազմական միջամտությունը ղարաբաղյան հակամարտությունում և անմիջապես վերջ տալ Հարավային Կովկասում իր ապակայունացնող դիրքորոշմանը: Թուրքիան պետք է նաև դադարի խթանել սիրիացի վարձկանների և ջիհադականների տեղափոխումը և տեղակայումը Լեռնային Ղարաբաղում և կազմակերպի նրանց անհապաղ տեղահանումը տարածաշրջանից: Ըստ բանաձևի՝ Թուրքիայի կողմից ցանկացած միջամտություն հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկող առաքելությանը համարվելու է վտանգավոր տեղի բնակչության անվտանգության համար: Ցանկացած նման առաքելություն պետք է ստանձնի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը և Բելգիայի Հայ դատի հանձնախումբը նաև ողջունում են այն փաստը, որ Բելգիայի ներկայացուցիչների պալատը դիմում է կառավարությանը՝ եվրոպական գործընկերների հետ անել հնարավոր ամեն բան՝ նպաստելու համար Արցախում ավերված կամ վնասված շենքերի վերակառուցմանը, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախի բնակչությանը և զոհեր ունեցած և փախստական ընտանիքներին: Կառավարությունը կաջակցի, որպեսզի UNESCO-ն առաքելութուն ուղարկի ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի տարբեր շրջաններ՝ հանուն ճարտարապետական և կրոնական ժառանգության պահպանման:

Բանաձևը նաև անդրադառնում է հրադադարից հետո հայկական հասարակության մեջ առկա կարևորագույն մի խնդրի, այն է՝ գերիների վերադարձը: Ներկայացուցիչների պալատը խստագույնս դատապարտում է ռազմագերիների սպանության փաստը և պահանջում է, որպեսզի պատերազմի հանցագործություններ իրականացնողները հետապնդվեն և պատժվեն: Բանաձևով առաջարկվում է անհապաղ միջազգային դիտորդներ ուղարկել՝ ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ ռազմագերիների խոշտանգումների և սպանությունների վերաբերյալ ապացույցներ հավաքելու նպատակով:

Եվրոպայի Հայ դատի գրասենյակը և Բելգիայի Հայ դատի հանձնախումբը կոչ են անում Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամներին ընդունել բանաձևը գալիք լիագումար նիստի ընթացքում և հավաստիացնում են, որ հետամուտ կլինեն, որպեսզի քվեարկված դրույթները հնարավորինս արագ իրականացվեն կառավարության կողմից:

Back to top button