ԿարևորՀասարակություն

40 ամյա ՄԻԱՎ-ն ու մեկ տարեկան կորոնավիրուսը

Աշխարհում կան մարդիկ, որոնց օրգանիզմն ի ծնե հաղթել է Մարդու իմունային անբավարարության վիրուսին կամ այլ կերպ ասած ՝ ՄԻԱՎ — ին։ Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյան․

«Ռուսական պոպուլյացիայի 3-5 %-ը գենետիկորեն անընկալ են ՄԻԱՎ-ի նկատմամբ, և  նրանց ոսկրածուծից դոնորական պավաստանյութ է վերցվում մեկ այլ հիվանդի համար, ապա  նվազում է վիրուսային ծանրաբեռնվածությունը»։

ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկական վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է, իսկ ՁԻԱՀ-ը մարդու իմունային անբավարարության վիրուսով պայմանավորված իմունային համակարգի խոր ախտահարումն է։ Որպես ինքնուրույն հիվանդություն, ՄԻԱՎ-ն առաջին անգամ արձանագրվել է 1981 թվականին․ փաստորեն շուտով կլինի 40 տարի, ինչ ՄԻԱՎ/ՁԻԱՀԸ համաշխարհային համավարակ Է։ Եթե 40 տարի առաջ վարակն այնքան սարսափելի էր, որքան օրինակ մեր ժամանակներում կորոնավիրուսը, ապա հիմա կարծես թե դրա մասին այդքան չեն խոսում և գուցե՝ չեն վախենում նույնչափ, թեպետ քարտեզի վրա չկա որևէ երկիր, որտեղ ՄԻԱՎ վարակակիր չլինի, իսկ վերջնականապես  բուժվել  հաջողվել է ընդամենը երկուսին․

«Երկու դեպք կա աշխարհում, երբ ամբողջովին հաջողվել է բուժվել Միավից․ լոնդոնյան պացիենտ  և  բեռլինյան պացիենտ։  Նրանց մոտ արվել է ոսկրածուծի փոխպատվաստում և որպես դոնոր վերցվել է այն մարդուց պատվաստանյութ, որը գենետիկորեն անընկալ է այս վիրուսի նկատմամբ։ Այս պահին ապագայի տեսլականը, այս հիվանդության վերջնականապես ռեալ բուժման, ահա այս ճանապարհով է միայն»:

ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ արթնանում, ապրում, աշխատում են նաև Հայաստանում։ Մեր այսօրվա հերոսը Բեռլինյան ու Լոնդոնյան պացիենտների նման վերջնականապես չի բուժվել, բայց հասկացել է, որ կյանքը շարունակվում է։ Հերոսի ձայնը փոխված է, անունը պայմանականորեն ՝ Երևանյան Պացիենտ․

«Բժշկին հարց տվեցի, թե ինչքա՞ն եմ ապրելու, որովհետև ես երեխա ունեմ ու պարտավորվածություն ունեմ նրա նկատմամբ։ Ինքը մի բան ասեց, որը կայծակնային արագությամբ փոխեց իմ կյանքը, ասաց, ես Աստված չեմ, իսկ դու գիտես, թե ես ինչքան եմ ապրելու, իմ կյանքի տևողությունն ինչքան է։ Ես հասկացա, որ պետք է ապրեմ, այսքան բան»:

Երևանյան պացիենտը պատմում է, որ բժիշկը, ում մոտ սկզբում վախենում էր բարձրանալ, ինքն էր առաջարկում, որ իջնի և արյան անալիզները վերցնի։ Բոլորն ամեն կերպ փորձում էին ցույց տալ, որ այս վարակը չապրելու դատավճիռ չէ․

«Սկզբում մարդկանց հետ շփվում էի, նորմալ չէի պատասխանում հարցերին, հետո սկսեցի մտածել, որ դիմացինս բարեհամբույր խոսում է, ես ինչի համար եմ կոպիտ պատասխաններ տալիս։ Շատ կարևոր է շփումը, կամաց-կամաց ինֆորմացիա ես ստանում և հետո հասկացա, որ կան մարդիկ, ովքեր ապրում են այս հիվանդության հետ  և ապրում են լիարժեք կյանքով»։

Երևանյան պացիենտը, Հայաստանում էլի  3500, իսկ աշխարհում մոտ 40 միլիոն մարդ պետք է շարունակի կյանքը հայ բժշկի տված հարց-բանաձևով․ մեզնից ոչ ոք Աստված չէ  և չի կարող կանխորոշել դիմացինի կյանքի տարիները, բայց մեզնից յուրաքանչյուրը կարող է անել այնպես, որ ՄԻԱՎ կամ այլ վարակով հիվանդ մարդը չբացառի իր կյանքի մնացած տարիները երջանիկ ապրելու տարբերակը։

Back to top button