ԿարևորՀասարակություն

Արվեստագետները կոչ են անում գործել և զինվորների մասին խոսել՝ գլուխ խոնարհելով

Մտավորականներն ու արվեստագետները այսօր հրաշքի են սպասում։ Իրենց պայքարի է հանել կարևոր ու կենսական նշանակության հարց․ «Օգնեք գտնենք մեր գերիներին» ասում են նրանք ու սպասում, որ հրաշք կլինի, ու գոնե այս հարցի շուրջ հասարակությունը կհամախմբվի։ Գերիների վերադարձի, անհետ կորածներին գտնելու ու զոհվածների դիերը ծնողներին հանձնելու պահանջով այսօր նախաձեռնված երթին մասնակցում էին արվեստի գործիչներ մտավորականներ ու պարզապես սրտացավ, մտահոգ քաղաքացիներ։

Դերասան Հրանտ Թոխատյանը Ազատության հրապարակում հավաքվածներին նախ ողջունեց, ապա հիշեցրեց, որ իրենց կազմակերպած ակցիան չունի ու չի կարող ունենալու որևէ քաղաքական երանգ։ Դերասանը նշեց, որ մեր բոլորի օրակարգում այսօր ընդամենը մի հարց կա․ օգնել մեր տղաներին, որոնք գերության մեջ են կամ թշնամու  վերահսկողության տակ անցած տարածքներում։

«Մեկը հեռացում է ուզում, մյուսը փոփոխություն է ուզում, մյուսն էլ, ընդհակառակը, ասում է՝ ամեն ինչ նորմալ է, թող հենց այսպես էլ մնա․․․ Դա այսօր այս հարցի հետ որևէ առնչություն չունի։ Կա պահանջ իշխանությանը զբաղվել գերիների հարցով, եթե դեռ չեն զբաղվում, և կա պահանջ աշխարհին՝ սատարել մեզ, որպեսզի մենք կարողանանք մեր զավակներին վերադարձնել։ Այ սա է խնդիր համար մեկը»,- ասաց Հրանտ Թոխատյանը։

Ակցիայի մասնակիցները Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Ռուսաստանի դեսպանատուն, դեսպանին հանձնելու նամակ– դիմումը, որում մասնավորապես ասվում է, որ յուրաքանչյուր րոպե հապաղելը վտանգում է մեր հայրենակիցների կյանքը, այդ ուշացումները կարող են Ադրբեջանին ստիպել մտածել, որ իր հանցագործությունները այդպես էլ անպատիժ են մնալու։ Նամակում արվեստագետները նշում են, որ այն, ինչ այսօր կատարվում է տարածաշրջանում, վաղը կարող է իրականացվել աշխարհի ցանկացած կողմում։ Ակցիայի մասնակիցները խնդրանքով դիմում են Ռուսաստանի դաշնության դեսպանին, որ վերջինն իր հնարավորությունների սահմանում միջամտի հարցի լուծմանը, ինչպես նաև խնդրանքը հացնի Ռուսաստանի իշխանություններին։

Երթի ընթացքում պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը դիմում է բոլորին և հորդորում զոհվածների մասին խոսելիս անպայման գլուխ խոնարհել։

«Էսօր էտ մարդկանց մասին խոսելիս ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է գլուխ խոնարհած խոսեն։ Որովհետև այդ տղաները չեն գնացել միայն իրենց ծնողներին պաշտպանելու։ Խոսքս ուղղում եմ հատկապես պաշտոնյաներին․ այդ ծնողների հետ խոսելիս գլուխներդ կախ կխոսեք, տոններդ չբարձրացնեք, իմացեք որ ստորակետը որտեղ եք դնում։ Ձեր հիմար պոպուլիստական խոսքերը էտ ծնողների ականջներին չփաթաթեք։ Եթե կարող եք օգնել, օգնեք, կոնկրետ օր ու ժամ ասեք»,– ասաց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

Պրոդյուսերի կարծիքով՝ ստորագրված համաձայնագրի ամենամեծ թերությունն այն է, որ դրանում հստակ նշված չեն ժամկետներ գերիների կամ դիերի վերադարձի համար, ինչն էլ Ադրբեջանին թույլ է տալիս ամեն կերպ խոչընդոտել գործընթացին։

«Տարածքը տալիս ենք, մեր երեխեքին գոնե հետ չտա՞ն,  հետ չբերե՞նք, հողին չհանձնե՞նք էտ երեխեքին, ծնողը չիմանա իր երեխայի շիրիմը որտե՞ղ է, պետք է գնա ՊՆ–ի դարպասների մո՞տ ծաղիկ դնի։ Եթե այս հողում են ծնվել, ուրեմն իրենց վերջին հանգրվանը պիտի այստեղ լինի»,– ասաց Ռուբեն Մխիթարյանը։

Քանի որ օրը ոչ աշխատանքային օր էր, ակցիայի մասնակիցները դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպել չկարողացան, բայց Հրանտ Թոխատյանը մտավորականների ու արվեստագետների դիմումը թողեց նամակների արկղում․ «Սիրելի բարեկամներ,  հենց նոր նամակը հանձնեցինք, և հուսով եմ, որ կընթերցվի, և մենք պատասխան կստանանք, որի մասին բոլորիդ կտեղեկացնենք»։

Ակցիայի մասնակիցներին կտեղեկացվի նաև հետագա քայլերի ու գործողությունների մասին։ Մասնակիցները նախատեսում են նմանատիպ դիմում– նամակներ տանել տարբեր երկրների դեսպանատներ և պահանջել երկրներից ու միջազգային կազմակերպություններից գործել ։

«Ես խնդրում եմ, որ այսօրվա ակցիան ևս ավարտենք բարձր ծափահարություններով։ Թող այդ ծափահարությունները հասնեն իրենց՝ երկնքում լինի, Աստծո կողքը ուզում է լինի, որտեղ ուզում ա լինի»,– ակցիան եզրափակեց Ռուբեն Մխիթարյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button