ԿարևորՀասարակություն

Հապաղումը կարող է ճակատագրական լինել. բողոքի ցույց՝ Ստեփանակերտում

Այսօր առավոտից անհետ կորածների ծնողներն ու հարազատները բողոքի ցույց են կազմակերպել  մայրաքաղաք Ստեփանակերտում: Նրանք փակել են կենտրոնական՝  Ազատամարտիկների պողոտան: Հայաստանից և Արցախից հավաքված ծնողների հետ հանդիպել է  Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Ստեփանակերտի կենտրոնական փողոցում հավաքված  ծնողներն ու հարազատներն ասում են, որ ճարահատված Ստեփանակերտում փողոց են փակել։ Ժամանակն անցնում է, իսկ իրենք ճակատից տուն չեկած զինվորի մասին լուր չունեն: Հապաղումը կարող է նաև ճակատագրական լինել: 

Հավաքվածների հետ հանդիպել է Արցախի Հանրապետության  Մարդու իրավունքների պաշտպանը: Խնդրին Արտակ Բեգլարյանը ծանոթ է: Պատերազմի առաջին օրից փաստահավաք առաքելությամբ են զբաղված. այդ թվում նաև  հակառակորդի մոտ  հայտնված տղաների  ճակատագրով են  հետաքրքրվում, նյութեր հավաքում, համագործակցում այլ կառույցների հետ:

Այնպես չի, որ արդյունք չկա, քանի որ 400-ից ավելի  մարմին արդեն հանվել  կամ փոխանակվել է, այլ հարց է, որ կոնկրետ` ընդ որում՝ շատ դեպքերով, արդյունք դեռեւս չկա: Ադրբեջանը միտումնավոր ձգձգում է գործընթացը:

Պաշտպանն ասում է, որ Արցախի և Հայաստանի  իշխանությունները  պետք է   բոլոր ջանքերն ու լծակները   գործադրեն, որ մարդասիրական խնդիրներն արագ լուծվել։   

Արցախից որոնողական աշխատանքներին մասնակցում են արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները, սակրավորների խմբերը: Մյուս կողմերն են Ադրբեջանը, ռուսական խաղաղապահներն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները:    Այսօրվա դրությամբ հիմնական աշխատանքը զոհված զինծառայողների մարմինների որոնման ու փոխանակման ուղղությամբ է: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության սպա Հունան Թադևոսյանի խոսքով` այդ աշխատանքներն ավարտվել են միայն Շուշի քաղաքի տարածքում:

Այսօր առաջին անգամ որոնումներն ընդգրկել են Հադրութ քաղաքի հարակից Տյաք գյուղը:

Հենց այս ուղղություններում է, որ ամենաշատն են անհայտ ճակատագրով  զինվորները: Բանակցությունները, ինչպես նաև  որոնման աշխատանքները ամենօրյա են: Ստեփանակերտում բողոքի ակցիային մասնակցող անհետ կորածների ծնողներն ու հարազատները պաշտոնյաների  բացատրություններից բավարարված չեն: Ասում են, որ ճանապարհ փակելուց չեն հրաժարվելու  այնքան  ժամանակ,  մինչև կոնկրետ պատասխան չստանան:

Back to top button