ԿարևորՀասարակություն

Մտավորականներն առաջարկում են գերիներին օգնելու տարբերակ

Երևանի ամենակենտրոնում կանգնած է շենքը, վրան մեծ տառերով գրված «Կինոթատրոն ՄՈՍԿՎԱ»։  Բացօթյա «ներկայացում է», բեմի վրա կանգնած են ռեժիսոր, դերասան, կինոպրոդյուսեր, դիմացը՝ «հանդիսատես»։ Բայց արվեստի գործ չի ծնվում։ 

«Մենք չպետք է լռենք, հերիք եղավ լռենք»,– ասում է երգահանը ու ռուսերենով ավելացնում՝ ես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եմ, դիմում եմ Ռուսաստանի կառավարությանը ու խնդրում՝ ստիպել Ադրբեջանին կատարել պարտավորությունները․․․։

Հայ մտավորականներն են։ Հավաքվել են՝ աշխարհին հասցնելու իրենց ու այն ծնողների ձայնը, որոնց զավակները պատերազմի ընթացքում կորել են, գերի են ընկել կամ զոհվել, որոնց զավակներից դեռ որևէ նորություն չկա․

«Ժամանակն է, որ արթնանան, այսպես ասած, հասարակ մարդիկ։ Հիմա, երբ կրիտիկական պահ է, մենք պիտի լինենք Հայ, մենք պիտի անենք այն, ինչ չեն անում ուրիշները։ Կհարցնեք՝  ես ի՞նչ անեմ, ո՞նց օգնեմ, որ վերադառնան մեր դիերը, ես ինչ անեմ, որ ադրբեջանցիները կատարեն իրենց պարտավորությունը և վերադարձնեն գերիներին ասեմ՝ ես դիմում եմ ոչ միայն էն մարդկանց, որոնք էստեղ են հավաքվել, մեքն դիմում ենք բոլոր հայերին, որոնք ապրում են բոլոր երկրներում Երկուշաբթի օրվանից դիմեք ձեր երկներին խնդրանքով անկախ նրանից՝ որտեղ եք դուք ապրում։ Դիմեք ձեր կառավարություններին, դիմեք կարմիր խաչին, դիմեք մակ։ Դիմեք խնդրանքով ստիպել ադրբեջանին կատարել իրենց պարտավորութուն՝ը վերադարձնել գերիներին»։

Մինչ հավաքի մեկնարկը զբոսնում էի կինոթատրոնի տարածքում։ Ներկայացումների մասին ազդարարող պաստառները սովորականի պես իրենց տեղում են։ Պաստառները կան, ներկայացումները՝ ոչ։ Դրանցից մեկի վրա Վարդան Պետրոսյանի նկարն է, դիմացը՝ ինքը, Պետրոսյանը։ Փորձում եմ զրույց սկսել, խնդրում է՝ սպասեք, տեսնենք՝ ի՞նչ է լինելու, հիմա բառեր չունեմ, հասկանամ՝ իրենք ինչ են առաջարկելու։

Իրենց առաջարկը հնչում է խոսակցությունից րոպեներ անց՝ բեմահարթակում կանգնած Արմեն Գրիգորյանի, Մհեր Մկրտչյանի, Հրանտ Թոխատյանի կողմից.

«Մենք քանի՞ հոգի ենք հայ։ էքանով, որ էստեղ կանգնա՞ծ ենք։ 2.5 մլն, որ Հայաստանու՞մ ենք, 150.000+ Արցախում ե՞նք, թե՞ 10 մլն ենք։ եթե 10 մլն ենք ուրեմն էդ 10 մլն երկուշաբթի օրվանից կսկսի գրել նամակ ամեն մեկը կգրի իր խոսքերով և կխնդրի իր կառավորաթյանը ստիպել Ադրբեջանին կատարել իր պարտավորությունը՝ վերադարձնել գերիներին ու զոհվածների դիերը»։

Բեմահարթակից առաջարկվում է աշխարհասփյուռ բոլոր հայերին գրել նամակ, որի բովանդակությունը կլինի խնդրանքը՝ ստիպել ադրբեջանական կողմին՝ ազատել հայ գերիներին, թույլ չտալ Հայ գերիների պատվազրկումը Բաքվի շքերթում, շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին։

«Անցել ա քաղաքական կուսակցությունների ժամանակը, ես չեմ ասում՝  իրենք սխալ են ու քաղաքական կուսակցություններ պետք չեն, իրենք պետք են պետականաշինության համար, բայց շատ ավելի կարևոր է, որ մենք Հայաստանում ունենանք հասարակություն։ Որ ամեն մարդ հասկանա, որ ինքը կարևոր է»։

Ներկաները տեղում որոշեցին՝ միայն այս հավաքով չեն սահմանափակվելու։ Նոր հանդիպումը նշանակվեց կիրակի, ժամը 12–ին։ Այս անգամ բեմ չի լինելու, իրենց բողոքը և պահանջը արվեստի մեկ այլ տարրով՝ լուսանկարներով են ներկայացնելու

Խաղաղ բողոքի ակցիան ավարտվում է ծափերով՝ ուղղված զինվորներին՝ ապրող ու նահատակված, գերիներին, որոնք հետ են գալու։ Նորից հանդիպում եմ Վարդան Պետրոսյանին, բոլոր բառերը դեռ չի գտել, բայց լրագրողների մի քանի հարցերի պատասխանում է, խոսում պառակտված հասարակության ու միավորվելու կարևորության մասին․

«Երբեմն ցավը հասնում է այն մակարդակի, երբ մենք ստիպված համախմբվում ենք, ցավով եմ ասում, բայց բանը դարն էլ կարող է հասնել․ ցավն էն աստիճան ուժեղանա, որ մեքն դրան էլ հասնենք։ Էսպիսի պարտությունից, կապիտուլյացիայից հետո անգամ, երբ տեսնում ես՝ մարդիկ ինչ են բղավում, ինչից են խոսում, իրար ինչի համար են մողադրում․․․ավելի վատին էլ կարող է հասնել։ Նախ պետք է հասկանալ, որ մենք պարտավոր ենք ապրել․ ապրելը շատ կարևոր պարտականություն է։ Ապրելը միայն լավ ապրել չէ, ապրելը նաև վատ ապրել է, ծանր պայմաններում ապրել է․ պետք է հիշել ու հասկանալ, որ մենք շատ ավելի վատ ժամանակներ ենք ապրել, շատ շատ․ մեր ժողովուրդը ապրել է աննկարագրելի ծանր պահեր․ կարողացել է ապրել։ Մենք պետք է ցավը դնենք մեր կողքին, տեսնենք դրան ու մեկ անգամ ևս հաղթենք։ Սա շատ դժվար բան է։»

Կյանքը մեզ վրա ապրելու պարտականությունն է դնում, արվեստագետները առաջարկում են հասարակություն դառնալ, ծնողները՝ սպասում են իրենց որդիներին։ Երեք կողմերն էլ, ըստ էության, նույն բանի մասին են խոսում։ Վերագտնել ապրելու իմաստը, շարունակել ապրել ու ապրել՝ հնարավորինս լավ պայմաններում։

Ցուցադրել ավելի
Back to top button