ԿարևորՀասարակություն

100 տարի առաջ Կարսը Հայաստան էր և վերջ

Ես ու Չարենցը երբևէ չենք հանդիպել։  100 տարի առաջ ինքը, հիմա ՝ ես, հանգիստ չունենք․ երկիր Նաիրին նորից վտանգված է։

Մի օր, այսինքն՝ մի գիշեր, ժամը մոտավորապես երեքին, քաղաքի բոլոր տների պատուհանների ապակիները հանկարծ զրնգում են թափով եւ նույն վայրկյանին լսվում է ահռելի մի պայթյուն: Սարսափած քաղաքացիք դուրս են թափվում տներից եւ սկսում են դեպի դաշտը, դեպի գերեզմանոցը փախչել։

Թերթում եմ վեպը։ Հատված է, թվում է՝ պատմություն է շատ հասարակ ու ողբերգական՝ մի ԱԹՍ-ի պայթյունի և դրանից փախչող Արցախցիների մասին։ Այո, սա իսկապես պատմություն է շատ հասարակ ու ողբերգական, բայց առանց կրակոցի, շուրջ 100 տարի առաջ հանձնված Կարսի մասին։ Սա պատմություն է այն ժամանակներից, երբ շատերն էին կարծում, թե Կարսը Հայաստան է և վերջ։

«Չարենցի ամբողջ գրականությունը Հայաստան ուրվագծելու գրականություն է, ինչ դուրս է եկել Չարենցի գրչից՝ Հայաստանի ձևակերպումն է»։

Ո՞վ է Հայաստանը․ Իր «Երկիր Նաիրի»  վեպի առաջաբանում Չարենցը մտահոգությունն է հայտնում մի երևույթի մասին, որը նրա աչքերի առաջ է հայտնվում տարբեր կերպարանքներով։ Հետագայում Չարենցը նշում է, որ իրեն հանգիստ չի տալիս երկիր Նաիրին, որի գոյությունը  հարցականի տակ է։ Բանաստեղծ Մհեր Արշակյանի խոսքով Երկիր Նաիրին հրատապ է այսօր, հրատապ է վաղը և հրատապ է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ փափուկ է Հայաստանի Հանրապետության ողնաշարը և քանի դեռ մեր մարմնի ներսում չունենք հենման կետ․

«Երկիր Նաիրի բոլոր կերպարները իրենք իրենց տարանջատել էին իրենց երկրից։ Երկիր Նաիրին որևէ կապ չուներ օրինակ Մազութի Համոյի հետ։ Երկիր Նաիրին կորել էր ավելի շուտ, քան նրան սկսեցին կործանել։»  

Հնամյա, հին մի երազ,

Երկիր՝ դարերի ուրու…

Գրում է Չարենցն ու ավելացնում, որ հին ու նոր հրաշալիքներով լեցուն Նաիրյան ծննդավայր Կարսն այլ կերպ չի կարողանում նկարագրել։ Մեկ հարյուրամյակ առաջ վերցրին Առաքելոց վանքը, հիմա՝ Դադիվանքը, մեկ հարյուրամյակ առաջ հանձնվեց Կարսի բերդը, հիմա՝ Շուշիի բերդը։ Երևի լավ է, որ ես ու Չարենցը երբեք չենք հանդիպել, եթե իրեն հարցնեի, ինչու՞ կրկնվեց պատմությունը, ենթադրում եմ կվրդովվեր, որ «Երկիր Նաիրին» այդքան անուշադիր ենք կարդացել․

«Պատմությունը կրկնվում է, որովհետև մարդիկ չենք փոխվում, այսինքն Կարսի բնակիչը այսօր Շուշիի բնակիչն է, այդ պարզ պատճառով։ Պատմությունը չի կրկնվում, մարդիկ չեն փոխվում, իսկ եթե մարդիկ չեն փոխվում շարունակում են կերտել նույն պատմությունը»։  

Անցյալի նույն կետ վերադառնալ չի կարելի – ասում է պատմաբան Մհեր  Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, Չարենցն իր Երկիր Նաիրիում, որտեղ ներկայացված է Հայաստանի Առաջին հանրապետության ժամաբնակաշրջանը, ցույց է տալիս, որ սխալները ոչ միայն հասկանալ, այլ ապագայում կանխել է պետք․

«Պատմությունը բացառիկ հնարավորություն է տալիս ապագայի համար կանխատեսել՝ հիմնելով անցյալի վրա։ Եվ եթե ներկայում մատնանշվում է այն, ինչ կարող է վերաճել ողբերգական ապագայի, լիովին հնարավոր է այլ սցենար ստանալ»։

Պատմաբանի խոսքով, 1915 թվականի հայոց ցեղասպանությունից հետո 1920 թվականը կորուստների տեսանկյունից երկրորդ ողբերգական հարվածն էր Հայաստանի և հայերի համար, կորուստների շարքում էր նաև Չարենցի ծննդավայրը՝ Կարսը․

«Հայաստանի Հանրապետությունը հասել էր անկման կիզակետի և մեզ վրա կորուստներ պիտի նստեին  և դրանք պիտի արտացոլվեին տարածքային կորուստների ձևով։ Այստեղ իր յուրօրինակ տեղն էր զբաղեցնում Կարսի մարզը իր Կարս կենտրոնով, որը եղավ կարևորագույն կորուստներից մեկը  և մատնանշեց թուրքերի ՝ դեպի Ալեքսանդրապոլ ազատ շարժը»։

Չարենցի «Երկիր Նաիրին» կարդացած մարդը դժվար թե Մազութի Համոյին չճանաչի։ Մազութի Համոյին, որը ողբում էր պարտության ամոթից, ում թշնամին կախաղան հանեց եւ գլխավերեւում ցուցանակ փակցրեց ՝ «Մ. Հ. Ա. Ն.» վերտառությամբ, ինչն էլ նշանակում է ՝ «Մազութի Համո Արքա Նաիրի»: Երևի հիշեցիք խաչված Քրիոստոսին։ Բայց Կախաղանն ու Խաչելիությունը ոչինչ չփոխեցին, որովհետև․

«Մազութի Համոները ծնվում են դիմադրողականության անկումից։ Մազութի Համոյի հեղինակը ես եմ, Մազութի Համոն ինքնածին չի, Երկիր Նաիրին կործանողները ծնում են իրար, Երկիր Նաիրին կա, մարդը ծնում է նրա կործանումը» ։

Ցուցադրել ավելի
Back to top button