ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ են նվազել անհետ կորած պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը

Էջմիածնի քիմիական զորամասի անհետ կորած պայմանագրային զինծառայողների ծնողները, որդիներին փնտրելուց բացի, այլ խնդրի առաջ են նաեւ կանգնել։

Զինծառայող Էրիկ Ներսեսովի  մայրը՝  Լաուրա Ներսեսովան, «Ռադիոլուրին»  պատմեց, որ որդու անհետ կորելուց երեք օր անց`  հոկտեմբերի 20-ին, Էրիկի աշխատավարձը կրճատվել է: Այսինքն՝ հոկտեմբեր ամսվանը ստացել են միայն 24 օրվա համար։

«Հոկտեմբերի 21-ին, երբ կորել են, երեք օրից հետո զինծառայողների աշխատավարձը կտրել են: Մեզ ասացին, թե այդպես է՝ 72 ժամ հետո կտրում են աշխատավարձը, ու, փաստացի, մեզ ընդամենը 24 օրվա աշխատավարձ տվեցին: Էրիկը երեք անչափահաս երեխա ունի, միակ աշխատողն ինքն է, ամուսինս թոշակառու է, իր թոշակով մենք հազիվ դեղերն ենք գնում, դեռ Էրիկի աշխատավարձից էլ է դեղերի վրա գնում: Հիմա ի՞նչ անենք»։

Էրիկը եղել է Զանգելանում, վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 20-ին:  Նույն զորամասի մեկ այլ պայմանագրային զինծառայողի` Ռուդիկ Ալեքսանյանի քույրն էլ՝ Սիրանուշ Ալեքսանյանը, նշեց, որ   եղբոր անհետ կորելուց հետո, երբ փորձել են աշխատավարձը կանխիկացնել, փոխանցված է եղել 98 հազար դրամ` շուրջ 130 հազարի փոխարեն:

«Սկզբից մտածեցինք, որ Ռուդիկն իր անունով վարկ ունի, և այդ պակասորդը դրանով է պայմանավորված: Սակայն բանկից տեղեկացրեցին, որ որևէ պահումներ ու վարկային գծից վճարումներ չեն եղել և ՊՆ-ն է այդքան փոխանցել՝ 98 հազար: Հետաքրքրվեցինք, ասացին, որ քանի որ հոկտեմբերի 21-ից իրենք համարվում են  անհետ կորած, ապա ավտոմատ դուրս են գալիս համակարգից ու դրա համար գումարները պակաս են փոխանցվել»։

Սիրանուշն ասում է, որ   այս պահին իրենց միակ մտահոգությունը  եղբոր վերադարձն է, նրան գտնելը։ Բայց պայմանագրային զինծառայողների հետ պետության այս մոտեցումը վիրավորական է համարում,

«Այս դժվար պահին, երբ աջակցության կարիք կա, պետությունը մեզ  լրիվ միայնակ է թողել»:

«Ռադիոլուրը» պարզաբանումների համար դիմեց ՊՆ։ Մինչեւ ռեպորտաժը պատրաստելը գերատեսչությունից մեզ չեն պատասխանել։ Պատասխանը լինելուն պես կտեղեկացնենք։

Back to top button