ԿարևորՀասարակություն

Երբ օգնողը վիրավոր զինակիցն է․ մի լուսանկարի պատմություն

Սոցիալական ցանցերում հայտնվել է լուսանկար, որտեղ  շտապ օգնության մեքենայի հատակին պառկած է վիրավոր զինվոր, ծածկոցի տակից երևում է արյունոտ ոտքը, մի ձեռքը ամրակով անշարժացրած է, մյուս ձեռքը բռնել է մեկ այլ վիրավոր զինծառայող՝  գլուխն ու դեմքը վիրակապած, արյունոտ։

Բավականին խոսուն նկար է 2020 թվականի սեպտեմբերի 27–ին սկսված արցախյան պատերազմի մասին։ Նկարի հերոսներից մեկը Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում է բնակվում։ Աշոտ Թադևոսյանն է, պատմում է, որ Ջեբրաիլում է վիրավորում ստացել։

«Երկու ամսվա զինծառայող էի, 27–ի առավոտյան, երբ  հրթիռակոծվեց զորամասը, հասկացանք, որ սա մի այլ պատերազմ է, ավելի հուժկու»։

Աշոտ Թադևոսյանը հիշում է, որ շատ վախեցել է, երբ ոտքերը չի զգացել, մտածել է, թե կորցրել է դրանք։

«Հետո, երբ տեսա ոտքերս, հանգստացա»։ Մոտավորապես 12–13 ժամ պառկած մնացել է գետնին, քանի որ թշնամին անընդհատ հարվածում էր, ոչ մի մեքենա չէր կարողանում  մոտենալ, արնաքամ  էի լինում»։

Կոտրված ողնաշարով ու կոտրված ոտքով, բեկորային վնասվածքներով  Ջեբրաիլից Ստեփանակերտ տեղափոխվելու ճանապարհին է արվել նկարը։ Չգիտի, թե ով է նկարել։ Նկարը գտել է սոցիալական ցանցերում ու զարմացել։ 

Փրկվածը՝  Աշոտ Թադևոսյանը փնտրում է իրեն օգնած զինծառայողին ու ասում, որ սա դեռ վերջը չէ, պետք է կորցրած հողերը դեռ հետ բերել։

Back to top button