ԿարևորՀասարակություն

Մի քիչ Հայաստանին, մի քիչ` Ադրբեջանին․ Սոթքի սահմանազատման խնդիրը

Սոթքի ոսկու հանքի աշխատողների այսօրվա հերթափոխը չի կարողացել մտնել հանքի տարածք։ Երեկ այնտեղ մուտք գործած ադրբեջանցի զինվորները թույլ չեն տվել։ Երեկ երեկոյան ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որ հանքում աշխատողները դեմ–դիմաց հայտնվեցին թշնամու զինծառայողների հետ։  

-Ոչ մի արտառոց դեպք, ագրեսիա մենք չենք զգացել, բայց այնպիսի մթնոլորտ էր, որ մենք չէինք հասկանում՝ ինչ է կատարվում։ Եկել են ասել՝ դարպասները, սա մեր տարածքն է, եկել են իրենց փաստաթղթերով, իրենց GPS–ներով, նստել են հանքի հենց այն տարածքում, որտեղ մեր աշխատանքային բեյջերով ներկա են գրանցում։ Այդ պոստում հենց հիմա թուրքն է։

-Թողնո՞ւմ են, որ գնանք հանքի տարածք, հիմա այս պահին ռուսն է, մեկ էլ թուրքն է սահմանագծում։ Մենք չգիտենք՝ հայկական կողմից մարդ կա՞, թե՞ չկա։

-Իմ հերթափոխն այսօր էր, ես պետք է գնայի գործի՝ չթողեցինք, որ գնայինք։ Մեր էքսկավատորը բարձրացել էր, որ «ռուդա» բարձեր՝ չեն թողել։ Թուրքի զինվորը իրա ավտոմատով եկել է, ասել՝ արի գնա, մի մտի ստեղ։

44-օրյա պատերազմը կանգնեցնելու համար նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ փաստաթղթի հետևանքով Սոթքի ոսկու հանքը բաժանվում է երկու մասի՝ մի քիչ փոքր մասը մնում է Հայաստանի տարածքում, մի քիչ մեծ մասն անցնում է Ադրբեջանին։ Երեկ երեկոյան պաշտպանության նախարարությունը, այսօր արդեն արտգործնախարարությունը հայտարարեցին․ «Մարտական հերթապահության իրականացման նպատակով՝ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում»։

Այս ամենը, սակայն, դեռ վերջնական չէ, քանի որ պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներ են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական բանակցությունների ճանապարհով։ Արդյունքում` կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ, տեղեկացնում են արտգործնախարարությունից։

Տարածաշրջանից պատգամավոր ընտրված և վերջերս «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած Թագուհի Թովմասյանը տեղում փորձել է ճշտումներ անել՝ նշելով, որ հանքի հետագա աշխատանքի հետ կապված հավաստիացումներ է ստացել։

«Վարդենիսում ով ծնվել մեծացել է, գիտի՝ ինչ է տեղի ունեցել, գիտի, որ մի հատվածը մեր ոսկու հանքի գտնվում է Քարվաճառի շրջանում։ Եթե այդ ցավալի փաստաթղթում մենք տեսնում ենք ադրբեջանական կողմին է անցնում Քարվաճառի շրջանը ամբողջությամբ, ենթադրելի է, որ պետք է անցնի նաև ոսկու հանքի մի մասը։ Ես կապվել եմ բոլոր կողմերի հետ, մասնավորի հետ չեմ կապվել, դա իմ աշխատանքը չէ, պետական կառույցների հետ եմ խոսել, մի քանի օրվա ընթացքում ամբողջ հարցը կկարգավորվի, որովհետև հիմա կատարվում են դեռ սահմանազատման աշխատանքներ, որոնք ոչ միայն Սոթքի հանքավայրի տարածքով պետք է անցնեն, այլ պետք է դեռ շարունակվեն։ Այսինքն՝ առաջիկայում մենք դեռ էլի ենք խնդիր ունենալու, ենթադրում եմ, որովհետև այն հատվածներում, որոնք հասնում են մինչև Ջերմուկի հատված՝ մեր սարերը, այդ սարերում էլ մենք հիմա խնդիր ենք ունենալու։ Մենք դիրքավորվել ենք մեր պատկերացրածով, որ մեր պատկերացումներն ու Ադրբեջանի պատկերացումները չեն համապատասխանում իրար։ Հիմա պետք է նստեն ընդհանուր սեղանի շուրջ ու շարունակեն հասկանալ՝ ինչպես են կիսում սահմանը»։

Մասնավոր ընկերությունը, որին վկայակոչում է պատգամավորը, ռուսական  «Գեոպրոմայնինգ» ընկերությունն է, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքը։ «Սոթքի հանքը խորհրդային տարիներից մշտապես շահագործվել է միայն «Հայ ոսկի» ՊՓԲԸ-ի կողմից», ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Ռադիոլուր»-ին նա տեղեկացրեց, որ մինչև երկուշաբթի հարցազրույց չի տալիս՝ մինչև վերջնական հստակեցումներ արվեն։ Բայց վկայակոչելով ձեռքի տակ ունեցած փաստաթղթերը՝ կասկածի տակ է դնում խորհրդային տարիների տվյալներով իրականացվող սահմանազատումը։

«Գեոպրոմանինգ»–ի հետ կապ ունեցող փաստաբանը ֆեյսբուքյան էջում մանրամասնել է․ «Հանքի տարածքում՝ դրանից հյուսիս և հարավ ընկած մոտ 100 կմ հատվածում, նախորդ դարի 40-50-ական թվականներին նախաձեռնվել են Հայաստանի ԽՍՀ և Ադրբեջանի ԽՍՀ միջև սահմանի դեմարկացիայի աշխատանքներ, որոնք չեն ավարտվել, ու փաստացի փաստաթղթավորված սահմանային գիծ տվյալ հատվածում չի եղել»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ուղերձում նույնպես խոսել է այս խնդրի մասին․   

«Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին նոյեմբերի 9–ի համաձայնագրի, հայտարարության իրագործման գործընթաց է։ Իսկ այդ գործընթացը ենթադրում է նաև այդ թվում, որ Գեղարքունիքի մարզում, մասնավորապես, Հայաստանի զինված ուժերը պետք է տեղակայվեն ՀՀ սահմանին, այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով։ Ես հիմա խոսում եմ կոնկրետ Քարվաճառի հատվածի մասին։ Ընդհանրապես, սահմանազատումը բավականին բարդ գործընթաց է, և ուզենք- չուզենք պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլև՝ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ»։

18 գյուղ միավորող Գեղամասարի խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն իր հերթին վստահեցնում է, որ այսօր իր ղեկավարած համայնքի տարածքը չի խախտվել։ Մեր համայնքի սահմաններից ոչ մի մետր չի զիջվում՝ ասում է։  

Ցուցադրել ավելի
Back to top button