ԿարևորՀասարակություն

Եռաբլուրի խոսուն լռությունը ու լուռ աղմուկը

Եռաբլուրից հպարտ են վերադառնում․․․ բարձունքում հաղթողներն ու անմահներն են․․․  Եռաբլուրից հպարտ են վերադառնում, բայց մինչ վերադարձը մոլորված են լինում․․․

Հենց եկեղեցու մոտ արևի ուղիղ ճառագայթները ստիպում են, որ գլուխդ խոնարհես, խոնարհ ու մտքերի մեջ թաթախված բարձրանաս․․․

Աջ կողմում պատվո պահակախումբն է, օրական մի քանի անգամ նույն սառնասրտությամբ ճանապարհում են անմահներին  ու հեռանում․ վաղը, ցավոք,  անպայման նորից են գալու։ Ծաղիկների ճնշող բույր կա, մի քանի հուղարկավորություն միաժամանակ․ բոլորի լացը նույն կորստի մասին է, որ պարբերաբար ընդհատվում է նվագախմբի նվագով, որը էլի նույն կորստի մասին է։

Եվս երեքը գնացին․․․ դեպի մեր ու իրենց այսուհետև մշտական միակ հանդիպման վայր։ Հանդիպելու ենք․․․ հաղթողների հետ անպայման հանդիպում են, միայն շատ կարևոր է ժամ առ ժամ անծայրացող գերազմանում հաջորդ անգամ կարողանաս գտնել հանդիպման մշտական վայրը։ Ես կարողացա․․․ գտա ընկերոջս, գտա գերեզմանի երբեմնի ամենածայրում, իսկ հիմա արդեն` սկզբում․․․

Եռաբլուրում ամեն օր մի քանի հուղարկավորություն կա․․․ բլրի սուրբ հողը երևի երբեք այսքան մարդաշատ չի եղել․․․ աշխատանքային լուռ իրարանցում կա, լուռ, խնամքով, բայց արագ են աշխատում․ գործ շատ կա, աշխատանքային լուռ ու սառնասիրտ իրարանցում է, միայն շինարարական տեխնիկան է աղմկում․․․ ծառի տակ գերեզմանափորերը ընդմիջում են անում․․․ ձախ կողմում նոր աստիճաններ են ավելանում, մյուս կողմում` նոր ճանապարհ, որ տանի գերեզմանի նոր ծայրը, որ վաղը հաստատ էլ ծայր չի լինի․․․

Եռաբլուրը արդեն սերունդներ ունի․ շատերին հանդիպեցինք․․․ էստեղ հանդիպում են բոլոր պատերազմներն ու պատմությունները․․․ հանդիպել եմ հրամանատար Արմեն Մարտոյանին․․․ իր ընկերների հետ է․․․ եկել է, որ իր և մյուսների, ազգի մեջ ի վերջո հաղթողի գենն արթնանա․․․

«Եկել ենք խոնարհվենք, հարգանքի տուրք մատուցենք մեր հերոսներին։ Սա սարսափելի կորուստ է մեզ համար։ Մեր ազգը երբեք չի հանդուրժել պարտությունը, առավել ևս` կապիտուլացիա։ Մենք պետք է արթնացնենք մեր մեջի հաղթողի գենը։ Հայ ազգը պետք է մի բռունցք դառնա, որ կարողանա հաղթել։ Մենք անգղներ չենք, մենք արծիվներ ենք»

Պատմության միջով քայլում ենք․․․ պատերազմի առաջին օրվանից երկու ամիս է անցել․․․ պատմությունը կրկնվում է, ազատամարտիկ Գրիգոր Գևորգյանը երեք պատերազմի է մասնակցել, վերջին կռվին Օմարի լեռներում է եղել․ պետք է կռվել մինչև վերջ։

Այսօր մենք ունենք Եռաբլուր, այսքան զոհեր․․․ մեր բալեքն են, մեր ազատամարտիկներն են։ Շատ վատ ենք զգում։ Կոպիտ ասած` մեռած ենք, բայց թաղած չենք։ Մի բան միանշանակ է․ պետք է շարունակենք պայքարել ու կռվել։

Վերադառնում ենք․․․ Եռաբլուրից հպարտ են վերադառնում․․․արևի արդեն մայր մտնող ճառագայթների միջից Արարատն է փայլում, Արարատին նայում ենք եռագույների արանքով, նոր ու դեռ թաց հողաթմբերի մոտ շատ եռագույններ կան․ մի քարի վրա երկտող կա․․․  «Դու քո կյանքով, քո սխրանքով պատգամ եղար բոլորին, որ սիրեն ազգ, սիրեն երկիր ու միշտ հաղթեն ոսոխին»։

Ցուցադրել ավելի
Back to top button