ԿարևորՀասարակություն

Ի՞նչ կհաջորդի Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևին

Արցախի լռեցված ձայնը բարձրացվել էր ֆրանսիայի սենատում, որտեղ երեկ՝ նոյեմբերի 25-ին, ընդունվեց մի բանաձև, որով կառավարությանն առաջարկվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Քվեարկությանը մասնակցել է 306 սենատոր, 305-ը կողմ է քվեարկել բանաձեւին, 1-ը՝ դեմ։ Սենատում ծափահարությունների արժանացած բանաձևի արձագանքը կայծակնային արագությամբ հասավ մեր երկիր՝ դառնալով կամ գուցե թվալով լավատեսությամբ համակված ապագայի մի նոր տեսլական:

«Այս բանաձևը ընդամենը նախագիծ է, պարտադիր չէ և օրենքի ուժ չունի», — ասում է ֆրանսիահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը։

Նրա խոսքով՝ ներկայացված բանաձևն առաջին քայլն է, բայց զգոնությունը կորցնել և երազի մեջ ապրել չի կարելի, որովհետև Արցախի Հանրապետության սահմանները դեռևս ճշտված չեն․

«Խոչընդոտներ շատ կան։ Դա ոչ միայն Արցախի դեռևս անհասկանալի և չճշտված սահմաններն են, այլև այն, որ կա Ռուսաստանի հետ խնդիր, ելնելով այն բանից, որ Ռուսաստանը և Թուրքիան համագործակցեցին իրար հետ ՝ առանց Միսնկի խմբի համանախագահությանը հաշվի առնելու, որոնց շարքում է նաև Ֆրանսիան, իսկ մյուս կողմից Ֆրանսիա-Թուրքիա հարաբերություններն են»:

Քաղաքագետ Կայծ Մինասյանի խոսքով՝ ընդունված այս բանաձևը հստակ սահմանում պետք է ստանա, Ֆրանսիայում ընդունում են ԱՀ ինքնավարությունը, թե ինքնորոշումը․

«Նախագծի բովանդակությանն է պետք սպասել, արդյո՞ք երեկվա բանաձևի բովանդակությունն ունի, թե ոչ։ Եթե հանվի ինքնորոշման մասը և խոսվի միայն ինքնավարության մասին, ապա ի՞նչ օգուտ։ Երեկվա նախագիծը և վաղվա նախագիծը իհարկե հույս արթնացնում են, բայց մենք ավելի զգույշ պետք է լինենք և չապրենք երազի մեջ այլևս»։

Ի վերջո, ի՞նչ է առաջարկում Սենատը Ֆրանսիայի կառավարությանը։ Բանաձևի հեղինակները երկրի կառավարությանն առաջարկում են լայնածավալ հումանիտար օգնություն տրամադրել ԼՂ քաղաքացիական բնակչությանը՝ պահանջելով բացել հումանիտար միջանցքներ, Մինսկի խմբի շրջանակում աջակցել բնակչության պաշտպանության անհապաղ իրականացմանը՝ Մինսկի խմբի հովանու ներքո սահմանազատման միջազգային ուժեր տեղակայելու ճանապարհով։

Ռադիոլուրի հետ զրուցել է Մարսելի համալսարանում իրավաբանության և քաղաքագիտության ֆակուլտետում ուսումնառություն ստացած  Քաղաքագետ Վահե Պողոսյանը, որի խոսքով ներհայաստանյան իրականության մեջ երեկվանից որոշակի  թյուրըմբռնումներ կան, և հստակ սահմանումներ տալու կարիք կա: Ֆրանսիան ոչ թե ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը, այլ Ֆրանսիայի Սենատը ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձև:

«Օրենսդիր իշխանության մակարդակով՝ Սենատի կողմից գործադիրին դրվել է մանդատ ՝ ԵԱՀԿ Մինասկի խմբի համանախագահների մակարդակով բանակցային գործընթացը վերսկսելու  համար, որը կհանդիսանա հակամարտության կարգավորման փուլի մի նոր սկիզբ», — ասում է Վահե Պողոսյանը։

Ըստ երեկ ընդունված բանաձևի՝ հարկավոր է Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական հանցագործությունների հետաքննություն իրականացնել, անել հնարավոր ամեն ինչ՝ երկարաժամկետ կարգավորման բանակցություններ ապահովելու նպատակով։ Ի վերջո, սենատորները Կառավարությանը կոչ են անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ու այդ ճանաչումը դարձնել բանակցային գործիք կայուն խաղաղության հասնելու համար: Իսկ ե՞րբ պետք է Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը․

«Արցախի ճանաչման փաստը Հայաստանի ամենակարևոր դիվանագիտական զենքերից մեկն է եղել, դիմակայելու Ադրբեջանաթուրքական էքսպանսիոնիստական քաղաքականությանը։ Դա ողջամիտ հարց է, որ այսօր բարձրացվում է, թե ինչու՞ մենք չենք ճանաչում։ Կարծում եմ Ֆրանսիայի ճանաչումից հետո Հայաստանի կառավարությունը գործուն քայլեր կձեռնարկի՝ ԱՀ ճանաչելու համար»։

Ո՞ր սահմաններով է ճանաչվելու Արցախը անկախ․

«Շատ ճիշտ հարց եք բարձրացնում, այս պահին այդ հարցը սակայն հստակ պատասխան չունի, ինչու՞, որովհետև անգամ պատերազմական գործողություններ դադարից անցել է 16 օր, բայց հստակ բնագծեր չկան։ Մենք ամեն օր լսում ենք ՝ այս գյուղն են լքում, մյուս գյուղ են վերադառնում, ճանաչվելուց առաջ սահմանները պետք է լինեն և դա կախված է հայկական դիվանագիտական նոր քայլեից, նոր շնչից և արևմտաեվրոպական երկրների հետ տարվող աշխատանքներից»,- նշում է Վահե Պողոսյանը։

Սենատի ընդունած բանաձևին են արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Վարչապետն իր ֆեյսբուքյան գրառման մեջ ասել է, որ Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է, իսկ  Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ։ ԱՀ նախագահը իր խորին երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի սենատին, նշելով, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը բխում է արդարության և ժողովուրդների հավասարության սկզբունքներից և կարևոր ներդրում կունենա Հարավային Կովկասում ավելի ամուր անվտանգության, կայունության և կանխատեսելիության ապահովման գործում։

Back to top button