ԿարևորՏնտեսական

Որքա՞ն կշարունակվի դրամի արժեզրկումը

Սեպտեմբերի 25-ին  դոլարն արժեր շուրջ 485 դրամ, այսօր՝  ուղիղ երկու ամիս անց,  դոլարը գնվում է  508 և  վաճառվում` շուրջ 520 դրամով։ Դոլարի թանկացումն ու դրամի արժեզրկումը սկսվեց Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողություններին ու Հայաստանում ռազմական դրություն հայտարարելուն զուգահեռ: Պատերազմի հետևանքով ստեղծված անկայուն իրավիճակը հանգեցրեց դոլարի նկատմամբ պահանջարկի ավելացման ու դրամի արժեզրկման:

Տնտեսագետ Հրանտ Միքայելյան․ «Մենք ունենք վճարային բալանսի վատթարացում, որը քովիդի համավարակով  և պատերազմով է պայմանավորված, և դրանց տնտեսական հետևանքներով՝ արտաքին առևտրի նվազում, արտահանման նվազում և այլն։ Այս ամենից ելնելով Հայաստան  մտնում է  ավելի քիչ արժույթ  և դուրս է գալիս ավելի շատ, սա ազդում է դրամի փոխարժեքի վրա»։

Երեկ ՀՀ կենտրոնական  բանկը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնվեն գործառնություններ։ Ըստ հաղորդագրության ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։ Տնտեսագետ Հրանտ Միքայելյանի խոսքերով, համապատասխան գործառնություններ ասելով Կենտրոնական բանկը նկատի ունի տնտեսական ինտերվենցիաները և ակնհայտ է, որ դեռ երեկվանից դրանք իրականացվում են․

«Կենտրոնական բանկը իր պահուստներից վաճառում է դոլար, որպեսզի բալանսավորի դրամի հետ կապված փոփխությունները, կոպիտ ասած, որպեսզի թույլ չտա դրամի արժեզրկումը։ Սակայն այստեղ պետք է հասկանալ այդ քաղաքականության իմաստը, եթե դրամի վրա ճնշումը հասցվի նվազագույնի և մենք կարողանանք պահել դրամի արժույթը առանց ինտերվենցիաների, բայց եթե ճգնաժամը խորանա, ռեզերվները կծախսվեն և օգուտ չի լինի, ինչպես անցյալում 2008 և 2014 թվականների օրինակները ունենալով»։

Արժութային շուկայում առկա անկայուն դրսևորումների վերաբերյալ Ռադիոլուրի հետ զրույցում իր պարզաբանումները տվեց տնտեսագետ Էգդար Աղաբեկյանը, նշելով որ դրամի արժեզրկումը գնաճի ամենամեծ աղբյուրն է․

«Մենք ներմուծող երկիր ենք  և ներմուծվող ապրանքների գինը կախված  է արտարժույթի փոխարժեքից և երկարատև այս տենդենցներիր պահպանումը մեծ գնաճի է բերելու, Կենտրոնական բանը պետք է փորձի կայունացնել իրավիճակը և այս պահին անում է»։

Տնտեսագետ Էդգար Աղաբեկյանի խոսքերով դրամի արժեզրկումը դեռևս սպասման մեջ է, և ինքնին պայմանավորված և կապված է մի շարք սպասումներով․

«Հենց այս պահին շատ լուրջ գործոններ, որոնք կարող են ազդել դրամի արժեզրկման վրա, իմ դիտարկմամբ չկան, դրանք ավելի շատ սպասումներ են՝ հետպատերազմյան ներքաղաքական լարվածության արդյունքում, քովիդով պայմանավորված սպասվելիք ճգնաժամային դրսևորումներով և այլն»։

ՀՀ տնտեսությունը շարունակում է կրել վնասներ,  հուսանք՝  ապագայում ոչ ինստիտուցիոնալ բնույթի։

Back to top button