ԿարևորՀասարակություն

Մոնթեն գիտեր՝ հայրենիքի հարցում չեն սխալվում․ Քարվաճառն ազատագրողի ծնունդն է

–Քեզ ինչպե՞ս ներկայացնենք։
–Ոչ մի ձևով։

Սա ասելիս հավանաբար չգիտեր, որ իրեն, իսկապես, որևէ կերպ ներկայացնելու կարիք չկա․ միայն անուն–ազգանունը խոսում է բոլոր նկարագրությունների փոխարեն․

Ինչ ըստեմ, չեմ ուզեր երկար–բարակ բան էներ, իսկական անունս Մոնթե է, Մոնթե Մելքոնյան։  Ավո անունը ես որդեգրեցի որ Շահումյան գացի 91 թվականին։ Անցյալին սփյուռքի մեջ պայքարած եմ մեր ժողովրդի համար և այստեղ եկա նույն պատճառով։ 

Իր պահած հողի վրա իր մասին լեգենդներն ու իրականությունը խառնվել էին իրար։ Մարտունեցիներն իրեն այսպես գիտեին՝ քաջ, վեհ, հզոր ու ասպետական կերպար, որ նվազագույնը «իրեք մետր բոյ օնե․․․»։

Երեք մետր բոյ չուներ․ կուճիր՝ փոքրամարմին մարդ էր, մնացած ամենը համապատասխանում էր իրականությանը․

Կռվել։ Առաջ գնալ։ Խրամատավորվել։ Պահել։
Հակահարձակում ընդունիլ, անոր էլ ջարդել ու վերջ։

Սա Մոնթե Մելքոնյանի աշխատելաոճն էր։ Հենց այսպես, ի թիվս բազմաթիվ սխրանքների, 93 թվականին ազատագրեց Քարվաճառը։

Այսօր Քարվաճառն անցավ Ադրբեջանի հսկողության տակ։
Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։

Նորմալ բան է, որ հայը գա ու իր հայրենիքը պաշտպանե, շատ նորմալ բան է։ Իրավունքն է բոլորի ու նաև պարտականությունն է։ Եվ զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկել նույնն անելու։ Միայն դա է զարմանալի։

Ինքը եկել էր Ամերիկայից, իմացած 7 լեզուները մի կողմ էր թողել՝ սովորել Արցախինը, հնագիտության պրոֆեսորի գրիչի փոխարեն ձեռքը զենք վերցրել։ Թշնամու հետ պատերազմի լեզվով խոսելու ու գլուխները գիտության փոխարեն փամփուշտ մտցնելու ժամանակներ էին։

Այն կամայական սահմանները որ գծեցին 1921 թվականին, ոչ մեկ կապ ունին իրականության հետ,  մենք պիտի վերահաստատենք իրականությունը մեր զենքերով։

Մոնթեն գիտեր՝ ինչ է ուզում, գիտեր՝ ինչպես է հասնելու ուզածին։ Գիտեր նաև՝ սխալվել չի կարելի։ Մի օր մարտունեցիներին հավաքեց շուրջն ու ասաց․ իմ ջոկատը սխալվել է։ Մեկ մարդ ոտքն էր կորցրել, երեքը՝ վիրավորվել։ Մոնթեն չէր կարողնանում ներել իրեն ու սխալը թույլ տվածներին։ Ով որ սխալ անի՝ պետք է պատժվի, նույնիսկ եթե ամենամտերիմ մարդն է։  Սխալներն աններելի էին, մարդկային անգամ մեկ կորուստը՝ բոլոր զենքերից ավելի խոցող։ Կինը՝ Սեդան է պատմում․

«Ես կհիշեմ գիշեր մը շատ ուշ եկավ սենյակ ապրիլ 93-ին, ազերիները հակամարդկային ականանետներով կրակած էին մեր դիրքերը, լեցուն զոհ ունեինք։ Եվ եկավ գլուխը կախ, շատ–շատ տխուր, ըսավ՝ այսքան զոհով Շուշի կգրավեինք, Սեդա, Շուշի  կգրավեինք»։

Բոլոր հաջողությունների ու անհաջողությունների ժամանակ Մոնթեն մի բան հստակ գիտեր․

 «Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք աս գործի մեջ, հաղթենք ու վերջ։ Խաղաղություն պիտի ըլլա միայն մեր հաղթանակով։ Անկարելի է խաղաղություն տեսնել առանց մեր հաղթանակի»։

Ամենից լավ գիտեր՝ պատերազմը խաղ ու պար չէ, գիտեր՝ դժվարություններն անխուսափելի են, բայց

«Ինչքան դժվար է Հայաստանի տնտեսական վիճակ, հասկըցանք, բայց պատերազմն ալ այդպես է։ Պատերազմը միայն դժվարություն է, պատերազմը հաճելի բան չէ։ Եթե մարդիկ կմտածեն, թե իրենց պարզ կյանքը կրնան շարունակել և նույն ատեն պատերազմ տանեն, պիտի հասկանան, որ պիտի զոհվինք, պիտի  լավ չուտենք, պիտի լավ չհագնինք, պիտի դպրոց չերթանք, պիտի մեր ամբողջ ուժը դնենք ռազմական գործի մեջ, հաղթենք ու հետո բոլորիս համար ավելի լավ կլա»։

–Մեծցած ես
–Ես մեծցա՞ծ եմ, նույն չափն եմ։

Մոնթեն անգամ մահից հետո նույն չափը չէ․ ամեն օր ավելի ու ավելի է մեծանում։ Մահվան օրը Սեդան նրա զինակից ընկերներին դիմեց։ Ասված խոսքը ժառանգվեց նաև մեզ․

«Հույս ունիմ, որ հիմա դուք ձեր մեջ ուժ կգտնեք, որպեսզի Ավոյին արածներով, Ավոյին դաստիարակությամբ, Մոնթեի նվիրվածությամբ մեկը կգտնեք ձեր մեջ։ Դուք ձեր մեջ շատ լավ տղաներ ունիք, եթե Մոնթին մենք պիտի տանենք, հոգին միշտ հոս պիտի մնա։ Չի նշանակեր, որ իր տղաները, իր սիրած կռվողները չեն կրնար իր գործը շարունակել»։

Եթե մենք կորցնենք Արցախը՝ կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը, ասել է Մոնթեն։

Կորցրինք․ Արցախի մի մասը, Մոնթեին, իր ազատագրած Քարվաճառը։

Բայց Մոնթեն մարտի գնալիս չէր հրամայում՝ առաջ, ասում էր՝ իմ հետևից։ Ուրեմն առաջ՝ դեպի լիակատար պարտություն գնալու փոխարեն մենք դեռ կարող ենք գնալ Մոնթեի ու նրա գաղափարների  հետևից։

Back to top button