ԿարևորՀասարակություն

ԿԳՄՍ նախարարի երկուսուկես տարին` ըստ խորհրդականի ու ԲՈԿ նախկին նախագահի

ԿԳՄՍ արդեն նախկին նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյբուքյան գրառման մեջ նշել է  չորս կետ, որոնք կարևորագույն նախապայմաններ են զարգացման համար և որոնց ըստ նախարարի հասել էին երկուսուկես տարվա ընթացքում։ Նախարարի առանձնացրած կետերը մեկնաբանում են ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը և ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը։ ԵՎ այսպես` կետ առաջին՝ ուսուցիչները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա։

«Ազատության առումով, եթե քաղաքական ազատությունը նկատի ունի, ապա ճիշտ է ասում, որովհետև 2018թ–ի ընտրություններին ընդհանրապես պետական ապարատի ռեսուրսի կարիքն էլ չկար ընտրությունները հաղթելու համար ու բնականաբար տարօրինակ էլ կլիներ, որ ուսուցիչները ազատ չլինեին էդ հարցում, բայց ուսուցիչները ունեին մասնագիտական հոգատարության կարիք ավելի շատ, որը երևի չտեսան տարվա ընթացքում»,– նշում է Գոգյանը։

«Ոնց կարող է այդպիսի կատեգորիաները ասենք չափվեն ինչ–որ բանով, հա, մարդ կամ ազատ է, կամ թույլ ես տալիս, որ նա ազատ լինի, այսինքն՝ ճնշում չես գործադրում, չես միջամտում, կամ թույ չես տալիս այսինքն՝ էստեղ դրա համար հատուկ աշխատանք տանելու ինչ–որ մեխանիզմներ չկան։ Դնում ես ազատ լինելու քաղաքականությունը, Դուք գիտեք, որ ազատորեն դա լինի ուսուցիչ, տնօրեն իր կարծիքը հիմա արտահայտում է, բոլոր հարթակներում, սոցիալական ցանցերում»,–ասում է Կարաբեկյանը։

Կետ երկրորդ՝ Ստեղծագործողները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա։

«Ստեղծագործողները միշտ էլ ազատ են լինում, ուրիշ բան, որ ստեղծագործող կոչվող ոչ ստեղծագործողներն են վերնախավին շրջապատել ու պետք է ասեմ, որ հիմա էլ այդ նույն վիճակն է` շողոքորթները ստեղծագործ անվան տակ նախարարությունում պակաս չեն եղել»,– մեկնաբանում է Գոգյանը։

«Առավել ևս, եթե մենք խոսում ենք ստեղծագործողների մասին, որոնք ի բնե ազատական մարդիկ են չէ՞, հիմա առավել ևս լայն հնարավորություններ են ստացել իրենց թե ստեղծագործական, թե քաղաքացիական, թե այլ դիրքորոշումները արտահայտելու»,– հավելում է Կարաբեկյանը։

Կետ երրորդ՝ գիտությունը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ ուշադրության չի արժանացել, որքան հիմա:

«Դե, ես լինելով ԲՈԿ–ի նախագահ կարող եմ ասել, որ նախարարը էդ հարցում լրիվ սխալվում է։  Գիտությունը անտեր է եղել երկու տարվա ընթացքում, հոգատարություն չի, իսկ ուշադիր լինելը երևի ինքը ուշադիր հետևել է էդ ամեն ինչին, չեմ կարող ասել, իրեն հարցրեք։ Լիքը բաներ սկսվեց արվել , բայց թվում է մասնագիտական և կամակերպչական հմտությունների պակասի պատճառով շատ բաներ սխալ հասկացվեցին, սկսածն էլ սխալ արվեց դրա արդյունքում, բայց նպատակները ինձ թվում է բարի էին նախարարի։ Ցավոք սրտի, երևի տասնյակ մարդիկ հրաժարվեցին նախարարի պաշտոնից, արդյունքում նշանակվել է մարդ, որը համաձայնվել է հետևաբար իրեն քննադատել էլ շատ չենք կարող, որովհետև ունենք այն, ինչ ունենք»,–խոսքն ամփոփում է Սմբատ Գոգյանը։

«Անմիջականորեն այնտեղ ներգրավված չեմ եղել կարծես թե, բայց ընդհանուր գիտության ոլորտում էլ սկսված բարեփոխումը հիմա բերելու է նրան, որ գիտական հաստատություններն էլ են դասակարգվելու, ցուցանիշներ են արդյունավետության մտել։ Նոր օրենքն էլ բարձրագույն կրթության և գիտության մասին, այն արդեն հաշված օրերի ընթացքում կուղարկվի խորհրդարան, եթե կարճ` էսպես էլի»,–եզրափակում է Սամվել Կարաբեկյանը։

ԿԳՄՍ արդեն նախկին նախարարի՝ Արայիկ Հարությունյանի ամփոփիչ  հրապարակման կետերը, որոնք մատնանշում էին երկուսուկես տարվա ընթացքում նախարարության ձեռքբերումները, մեկնաբանում էին ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը և ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը։

Back to top button