ԿարևորՀասարակություն

Արցախի գույները՝ Դալմա գարդեն մոլում

Մեկ  տարի առաջ  Արցախում ստեղծվեց «Մարդուկ»-ը։ Պատճառը մեկն էր`  Արցախի երեխաները  աշխարհը  պետք է  ճանաչեն «Արտադրված է Արցախում» խաղալիքների միջոցով։  Այսօր այդ մարդուկները մնացել են Շուշիում։  Բայց «Մարդուկի»  կյանքը  շարունակվում է Հայաստանում։  Մա­նի­կը, Նու­նին, Լո­լոն, Տի­կին պատ­րաստ են ժպիտ­նե­րով լի օր պարգևել ի­րենց փոք­րիկ բա­րեկամ­նե­րին: «Մարդուկ»-ի  հիմնադիր Քնար Դանիելյանը   պատերազմի այս օրերին  նոր մարդուկներ է պատրաստել ու հիմա սպասում է իր գնորդներին։ Ասում է, որ  ամեն մարդուկ իր բնավորությունն ունի, իսկ պատերազմից հետո պատրաստվածները` նաեւ այլ խորհուրդ։

«Այո ամեն ինչ թողել ենք Շուշիիում` երկու բնակարան, իմ «Մարդուկ»- ի բոլոր նյութերը։ Իհարկե վերադառնալու ենք Ստեփանակերտ ու «Մարդուկ»-ը շարունակելու է արտադրվել Արցախում»։

«Դալմա-Գարդեն»  առևտրի կենտրոնի մի անկյունում  արցախցի  կանայք են, որոնք զբաղվում են ձեռագործ աշխատանքներով։ Նրանք մինչ պատերազմը Արցախում իրենց ձեռքի աշխատանքներ են վաճառել ու հիմա տեղափոխվելով Հայաստան որոշել են այս օրերին  հայաստանցիներիս ծանոթացնել Արցախի գույներին՝  պայուսակների աքսեսուարների ու խորհրդանիշների միջոցով։

Նախշուն Ավագյանն իր իսկ  ձեռքով  պատրաստած  «Նախշ» աքսեսուարներն է   ներկայացնում,  նշում  է, որ  Ստեփանակերտում արդեն բավականին հաճախորդներ ուներ, բայց չի հուսահատվում է, հաճախորդներ կգտնի, առաջիկա օրերին էլ   կվերադառնա Արցախ ու նորից կսկսի  իր գործով զբաղվել։

«Ապրել են Ստեփանակերտում, մի որոշ ժամանակ հետո պատրաստվում եմ  3 տղաներիս հետ  վերադառնալ Արցախ ու շարունակել ստեղծագործել  ու ծաղկեցնել մեր փոքրիկ հողը»։

Քրիստինե Բալայան էլ 2016-ից հետո կտրականապես հրաժարվեց թուրքական արտադրության ապրանքներ  օգտագործելուց, որոշեց, որ իր պայուսակները պետք է կարի իր իսկ  ձեռքով։ Առաջին նմուշն իր համար կարեց, վրան ասեղնագործելով «Եկ Արցախ»։ Հետո այն բոլորը հավանեցին ու որոշեց հոբբին վերածել աշխատանքի։

«Դալմա-Գարդեն»  առևտրի կենտրոնի մարքետինգի և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար  Մարինա Գալստյանը նշում է, որ  այս տոնավաճառի անցկացումը,  կարելի է ասել, արցախցի կանանց համար  հոգեբանական ազդեցություն ունի։

 «Ոչ թե ուղղակի գումար տալ մարդկանց, այլ հնարավորություն տալ մարդկանց գումար աշխատել։  Բացի դա, որը ոչ պակաս կարևոր է, նրանք տնից դուրս կգան  ու առօրյայից ինչ- որ չափով կկտրվեն։ Գալ այստեղ, հաճախորդների հետ շփվել, ինչը  դրական ազդեցություն ունի»։

Երբ պատրաստվում  էի   արդեն  հեռանալ, Քրիստինե Բալայանի սեղանին մի անկյունում  տեսնում եմ կախված պայուսակ` վրան  ասեղնագործած «Լյոխ Լյավ ա» հայտնի արտահայտությունը։

«Այս պայուսակը նախկինում ամենաշատն էր վաճառվում, քանի որ ես ասեղնագործել էի Արցախի քարտեզը  ու սահմանները ավելի մեծ, սակայն հիմա այդ սահմաններից մնացել է ամենափոքր հատվածը»:

Քրիստինեի խոսքից հասկանում եմ, որ նա այդքան շուտ չի պատրաստվում Արցախ վերադառնալ։

«Այս  պահի դրությամբ կարող եմ ասել, որ եթե  կարգավիճակի հարցը չլուծվի, ապա երեխաներիս չեմ տանի այնտեղ։ Իմ ընտանիքը առանց այն էլ մեկ անգամ տեղահան է եղել, ես չեմ ուզում, որ նույն ճանապարհը անցնեն իմ երեխաները»:

Զրուցում եմ արցախցի մյուս կանանց հետ։ Քրիստնեի նման շատերն են մտածում։ Այսօր նրանք անվտանգության երաշխիք համարում են Արցախի կարգավիճակը, ու քանի դեռ այն որոշված չի` չեն հավատում, որ Արցախում ապրելն իրենց համար անվտանգ է։

Back to top button