ԿարևորՔաղաքական

Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է վարչապետ դառնալու հավակնությունների մասին

Հավակնության մասին նույնիսկ խոսք լինել չի կարող՝ հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրին տված հարցազրույցում՝ անդրադառնալով վարչապետ դառնալու հավանականությունների մասին հարցին:

«Վարչապետ եմ եղել 25 տարի առաջ և երբ վարչապետ էի, երիտասարդ էի, գիտեի՝ ինչ եմ ուզում, հստակ ծրագիր ունեի։ Բայց Աստծո կամքն էր՝ որոշ ժամանակ վարչապետ լինելուց հետո ստիպված մեկուկես տարի անցկացրի հիվանդանոցում՝ բուժվելով շատ ծանր հիվանդությունից, և բախտավոր եմ, որ այսօր ձեզ հետ եմ այստեղ»,- ասել է Արմեն Սարգսյանը:

«Նախ՝ հավակնության մասին նույնիսկ խոսք լինել չի կարող: Ես հանրապետության նախագահն եմ և, նույնիսկ խորհրդարանական երկրում, նույնիսկ հայկական խորհրդարանական երկրում, որտեղ նախագահի գործառույթները շատ-շատ սահմանափակ են, նախագահն ունի որոշակի հստակ պարտականություններ և հնարավորություն՝ աջակցելու համար: Նախագահական ինստիտուտն այն հարթակը պետք է լինի, որ ճգնաժամային պայմանների դեպքում, որն ունենք այսօր, օգտագործվի և՛ իշխանության, և՛ ընդդիմության կողմից, որպեսզի առճակատումը փողոցից գա սեղանի շուրջ»,- նշել է նախագահը:

Նա կարծիք է հայտնել, որ ճշմարտությունը գտնելու համար պետք չէ անպայման փողոց դուրս գալ: «Ճգնաժամը չի որոշվում փողոցում մարդկանց քանակով: Կարծում եմ՝ Հայաստանում մենք ունենք իրապես խորը ճգնաժամ, և թե ինչու փողոցում 100 կամ 200 հազար մարդ չկա, պարզ վերլուծությամբ կարող ենք հասկանալ: Սակայն ունենք ճգնաժամ ոչ միայն Հայաստանում. ընդհանրապես, ողջ հայ ժողովրդի համար բարոյահոգեբանական խորը կորստի ճգնաժամ է: Դա կա ցանկացած հայի մոտ, և ինքներդ համոզվեցիք նաև Հորդանանում, նույնն է նաև Մոսկվայում, Կալիֆորնիայում: Ունենք տնտեսական և քաղաքական ճգնաժամ Հայաստանում և ունենք ընդհանրապես Հայաստանի հետ կապված ճգնաժամ դրսի հետ՝ միջազգային հարաբերություններում, որովհետև մեր երկրի և մեր ազգի կերպարն ու պատկերը շատ դրական չէ ներկայումս: Մենք տանուլ ենք տվել նաև հանրային պատերազմը, և հետևաբար, եթե 1994 թվականին ունեինք աշխարհ, որը շատ բարյացկամ էր վերաբերվում մեզ, մեր խնդիրներին և ղարաբաղյան պայքարին, ապա այսօր այդպես չէ, որովհետև մեր հակառակորդները տարիներով նպատակաուղղված աշխատել են, իսկ մենք այդ գործը չենք արել:

Հետևաբար, հանրապետության նախագահը շատ անելիք ունի և չի մտածում վարչապետ լինելու մասին,  պատրաստ է ժողովրդի կողմից ընտրված ցանկացած կառավարության և վարչապետի հետ աշխատել և իր ներդրումը բերել»,- ասել է նա:

Արմեն Սարգսյանը նաև ընդգծել է, որ ինքն իր պոտենցիալի ընդամենը 5, 10 տոկոսն է կարողանում օգտագործել՝ «լինի դա սահմանադրական սահմանափակումների պատճառով, լինի դա համագործակցության հանդեպ իմ գործընկերների ոչ բաց լինելու պատճառով»:

«Հիմնական պատճառները սրանք են, կարծում եմ՝ շատ ավելին կարող եմ անել և՛ միջազգային հարաբերութուններում, և՛ միջազգային տնտեսական, և՛ ներդրումային, և՛ մշակութային, և՛ դիվանագիտության ոլորտներում, բայց անում եմ շատ քիչ: Դա ինձ համար բավականին ծանր է, որովհետև ուզում եմ աշխատել, իհարկե, աշխատում եմ, բայց կարծում եմ՝ շատ ավելին կարող եմ անել»,- ասել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button