ԿարևորՄշակույթ

«Ծիրանի ծառ». Ուջանի փառատոնը` հեռավար

Ուջանի  «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 6–րդ միջազգային փառատոնն իր պատմության մեջ առաջին անգամ մեկնարկեց երկու անգամ՝ սեպտեմբերին և հիմա։ Ամեն տարի սեպտեմբերին փառատոնի կազմակերպիչները Ուջան էին հրավիրում ընտրված ֆիլմերի ռեժիսորներին, որոնց հետ շփվում, հաց էին կիսում, ֆիլմեր դիտում և մասնագիտական շփման հարմար մթնոլորտ ստեղծում։ Իսկ այս տարի․

«Այս տարի Քովիդի պատճառով, իհարկե, ստիպված էինք մի քիչ փոփոխել։ Քանի որ արտասահմանյան հյուրեր չէինք կարող հյուրընկալել, որոշեցինք երկու փուլով անել փառատոնը, սեպտեմբերին, ինչպես միշտ, բացօթյա ցուցադրություններ անել Ուջանի այգում, այնուհետև` սեպտեմբերի 20–ից մինչև դեկտեմբերի 20–ը, պետք է ամեն շաբաթ մի ֆիլմ ցուցադրեինք ու արդեն պատրաստվում էինք այդ երկրորդ փուլին, բայց․․․»

Բայց սկսվեց պատերազմն ու փառատոնը հետաձգվեց։ Ավելի ուշ՝ պատերազմի ավարտը դարձավ օնլայն փառատոնի մեկնարկը։ Նոյեմբերի 23–ից 30–ը փառատոնի կայքում ընտրված ֆիլմերը ցուցադրվելու են հեղինակի հետ հարցազրույցով ու նախապես տեսագրված քննարկումով։ Մոտ 80 երկրից ստացել են շուրջ 500 հայտ, որից ընտրել են 15 ֆիլմ՝ 13 երկրից։  «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի ծրագրերի տնօրեն Արթուր Վարդիկյանն է ներկայացնում․

Լուսանկարները՝ փառատոնի ֆեյսբուքյան էջի

«Այնուամենայնիվ, կինոդահլիճում շատ ավելի հաճելի է ֆիլմը դիտել հենց փառատոների ժամանակ, երբ գիտես, որ կողքիդ  հանդիսատեսը ոչ թե ժամանցիդ համար է եկել, այլ եկել է հենց քեզ հետ միասին այդ ֆիլմը նայելու, վերապրելու։ Բայց, իհարկե, դրական կողմեր էլ կան։ Մասնավորապես այն, որ այսպես մենք կարծում ենք շատ ավելի մեծ լսարանի կարող ենք հասնել ու ֆիլմը մեկ անգամ չի, որ ցուցադրվում է»։

Փառատոնի ծրագրում ընդգրկվել է երկու հայկական ֆիլմ․ առաջինը` Հովհաննես Իշխանյանի անմիջական ու անձնական՝ «էլի կգաս պապ» կամ «Ո՞վ է այդ պապը» ֆիլմն է, իսկ երկրորդը՝  Կարինե Հարոյանի և Նարե Նավասարդյանի «Անցում»  ֆիլմն է. երեք քաղաքներում` Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում երիտասարդության շրջանում հետհեղափոխական տրամադրությունների մասին։ Այս տարի փառատոնը կինոդպրոց էր կազմակերպել տեղի դպրոցականների համար, որի արդյունքում ստեղծվեց Մանե Վարդանյանի «Կիսատ զրույցներ»–ը և Սոսե Հարոյանի «Սպասում» առաջին ֆիլմերը․

Լուսանկարները՝ փառատոնի ֆեյսբուքյան էջի

«Անկախ նրանից երեխաները ապագայում կինոյով կզբաղվեն, թե` չէ,  սա շատ կարևոր փորձառություն է նրանց համար, որովհետև ռեժիսոր լինելը շատ մեծ փորձ է էլի մարդուն տալիս, որովհետև պետք է արագ որոշումներ կայացնես ու վստահաբար դա նրանց ապագայում կօգնի ու հենց դա է նաև պատճառը, որ չնայած պատերազմին, չնայած սենց վատ ու ողբերգական ավարտին, մենք որոշեցինք այնուամենայնիվ փառատոնը անել, որովհետև կարծում ենք՝ հենց արվեստի ու գիտության խրախուսմամբ է, որ երկիրը կկարողանա ոչ միայն դուրս գալ էս վիճակից, այլև նոր հաջողություններ, նոր ձեռքբերումներ  ունենալ»։

Ուջանի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում ընդգրկված վավերագրական ֆիլմերը նաև խաղարկային տարրեր են պարունակում, ցանկում տեղ են գտել նաև փորձարարական և անիմացիոն լուծումներով ֆիլմեր։ «Ծիրանի ծառը», որն սկսվել է որպես ազգագրական ֆիլմերի փառատոն, դուրս է եկել այդ սահմաններից եւ հիմա ֆիլմերի ընտրության միակ չափանիշը բարձր գեղարվեստական արժեքն է։

Ցուցադրել ավելի
Back to top button