ԿարևորՀասարակություն

Արցախում ընթանում են վնասների չափագրման աշխատանքներ

Ստեփանակերտցի Գրիգորի Անտոնյանի երկհարկանի  սեփական տունը հակառակորդի  հրթիռակոծության հետևանքով վնասվել է, սակայն  բազմանդամ ընտանիքը  վերադարձել է  հայրենի օջախ՝  կյանքն այստեղ նորից շարունակելու։   

«Չափագրում է կատարվել, տանիքը ծածկվել է ցելոֆանով, որ մնացածն էլ չվնասվի և կատարվել են մաքրման  աշխատանքներ։  Բայց շինարարական աշխատանքները դեռ չի սկսվել»։

Արցախի կառավարությունում և քաղաքաշինության նախարարությունում ստեղծվել է  բնակիչների  բնակարանային կարիքների գնահատման շտաբ և արդեն մոտ 2000 բնակիչ  գրանցվել է  կենտրոնում, սակայն  այս թիվը փոփոխական է, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Արցախի  քաղաքաշինության նախարարի տեղակալ Ազատ  Համբարձումյանն ու  ներկայացրեց  այս պահին իրականացվող  վերականգնողական  աշխատանքները։

«Ըստ ցուցակի` այդ 2000 բնակչից մոտ 400–ի համար  հատկացվել են շինարարներ, որոնք տեղում  նայում են և գնահատում վիճակը։ Այս պահին արդեն մոտ 50 տուն շինարարները մտել են։ Ամեն շրջանում կան շինարարներ։ Որ բնակարանը կարելի է շուտ վերանորոգել, շինարարը մտնում է, վերանորոգում ու տալիս բնակչին։ Ապահովում են մինիմալ պայմաններով։ Առաջինը փոխվում է տանքին ու պատուհանները, երկրորդ փուլով սկսվում  են ներքին հարդարման աշխատանքները։ Այսինքն այն, որ բնակիչները կարող են մտնել ու  միանգամից ջեռուցել ու ապրել։ Մինչև այս ձմեռը դուրս գա»։

Իսկ այն տները, որոնք հնարավոր չէ վերականգնել, այդ տվյալները նույնպես գրանցվում են  ու փոխանցվում կառավարություն։ Բայց թե ինչպիսի  վերջնական լուծում կառաջարկվի բնակարանները կորցրած բնակիչներին,  դեռ տարբեր ծրագրեր են քննարկվում, ասաց Արցախի պաշտոնյան։

«Ծրագիրը քննարկվում է, դեռ հաստատված ծրագիր չկա։  Քննարկվում է կիսակառույցները որքան ժամանակում կարող են դառնալ բնակելի։ Շատ ծրագրեր կան, սակայն քննարկվող։ Բայց կընտրվի  ամենամատչելի ու  ամենանորմալ տարբերակը»։

Դեռևս հստակեցված չէ նաև անտուն բնակիչների թիվը։ Քաղշինի մասնագետները դեռ գույքագրում են գրանցված բնակիչների բնակարանները։ Ամբողջովին քանդված տների բնակիչներին տրվում է տարածքային նախարարությանը ներկայացվող  տեղեկանք, որի հիման վրա նախարարությունը բնակչին ապահովում է ժամանակավոր  կացարանով։

Ժամանակավոր կացարանների համար էլ վերանորոգվում են նաև  հրետակոծության հետևանքով վնասված  հյուրանոցները։

Շինարարական աշխատանքներին մասնակցում են  նաև Հայաստանից մեկնած  շինարարներ, որպեսզի կարճ ժամկետներում կարողանան բնակարանները հանձնել բնակիչներին, տեղեկացրեց  Քաղշին նախարարի տեղակալը։  Ասկերանում  արդեն սկսվել են վերանորոգման  և ժամանակավոր կացարանով ապահովելու աշխատանքները, « Ռադիոլուրին» տեղեկացրեց  Ասկերանի վարչակազմի ղեկավար  Սասուն Բարսեղյանը։

«Տարբեր ուղղություններով, տարբեր համայնքներում աշխատում են։ 24-ժամյա ռեժիմով մեր շինարարներն աշխատում են։ Եվ հնարավորինս ամեն ինչ անում ենք։ Մոտ 80 ընտանիք տեղավորել ենք ժամանակավոր կացարաններում և այդ գործընթացը շարունակվում է»։ 

Հայաստանի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ  Արմեն Ղուլարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ կոմիտեի շինաշխատանքներին մասնակցության մասով  կկարողանան խոսել  միայն տների ու բնակարանների  վնասների չափագրման  վերջնական  տվյալները ստանալուց հետո։

Ցուցադրել ավելի
Back to top button