ԿարևորՀասարակություն

Անհետ կորածներ ու գերեվարվածներ․ անորոշությունը շարունակվում է

Անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ։ Ժամանակ առ ժամանակ սոցիալական տիրույթում  հայտարարվում է որոշակի խմբով զինծառայողներին գտնելու մասին։ Շատ արագ, սակայն, այդ լուրերը հերքվում են։ Վերջերս  տեղեկություններ շրջանառվեցին, որ հայ զինծառայողների մի մասը, անցնելով Արաքս գետը, հայտնվել է Իրանում։

Հայկական սոցիալական ցանցերում  շրջանառվում են լուրեր, թե անհետ  կորած հայ զինծառայողների մի մասը, անցնելով Արաքս գետը, հայտնվել են Իրանում։ ՀՀ- ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը օրերս հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ կպարզի տեղեկատվության իսկությունը։

«Ռադիոլուրի» հետ զրույցում իրանահայ լրագրող և քաղաքական մեկնաբան Սահակ  Շահմուրադյանն ասաց, որ   լուրերն սկսեցին շրջանառվել, երբ  հոկտեմբերին    իրանական «Ասրե Իրան» լրատվական կայքում  տեսանյութ  հրապարակվեց։ Կադրերում երևում է, թե ինչպես  հինգ հայ զինծառայողներ, Արաքսի մյուս ափի հովտում, Խուդաֆարինի կամրջի մոտակայքում, թերևես նահանջելով, փորձում են ապաստան գտնել տեղանքում գտնվող լքված մի գյուղի ավերակներում:

«Լրագրողի հաղորդման համաձայն` ու վկայակոչելով  տեղաբնիկներին՝ հայ զինծառայողները սպասում են մինչև օրը մթնի, որ  կարողանան  անցնել Արաքսը, ապաստան գտնեն Իրանում։ Հենց այս կարճ պատկերները  տպավորություն ստեղծեցին, որ կարող է ռազմաճակատից նահանջող հայ զինծառայողները  ադրբեջանական ուժերի հետապնդումներից կամ պաշարումից ազատվելու համար հատեն Արաքս գետն ու անցնեն Իրանի տարածք»։

Զրուցակիցս փորձել է ճշտել լուրերի հավաստիությունը, վստահեցնում է՝ իրանական կողմը ոչ մի պատճառ չունի  Հայաստանին տեղյակ  չպահելու եղածի մասին։

«Մինչ այժմ մեր կատարած ստուգումների արդյունքում իրանական աղբյուրները չեն հաստատել  տեղեկությունների և շրջանառվող լուրերի հավաստիությունը։ Վստահ եմ` Իրանի  սահմանային  գոտում հայ զինծառայողների առկայության դեպքում իրանցի պաշտոնյաները դիվանագիտական ճանապարհներով անպայման տեղյակ կպահեն հայաստանյան կողմին։ Չեմ կարծում` Իրանի սահմանապահ ուժերի, բանակի ու կորպուսի, նույնիսկ տեղաբնիկների աչքից, վերահսկողությունից վրիպի հայ զինծառայողների  անցնելը սահմանագծից։ Կարծում եմ` իրանական կողմը ոչ մի պատճառ չունի  Հայաստանին տեղյակ  չպահելու եղածի մասին»։

Սահակ Շահմուրադյանի խոսքով,  պատերազմի հենց  սկզբից Իրանի  Իսլամական Հանրապետության սահմանապահ ուժերը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և բանակի ցամաքային ստորաբաժանումները տեղակայվեցին Արցախի հետ համատեղ սահմանի ամբողջ երկայնքով և շուրջօրյա  մարտավարական պարեկություն են անցկացնում սահմանամերձ շրջաններում։  Շահումարդյանն անհավանական է համարում, որ Իրանի սահմանապահ ուժերը չնկատեն սահմանը հատող և դեպի Իրան անցնող ցանկացած քաղաքացիական անձի կամ, ավելին, զինծառայողի ներկայությունը սահմանամերձ տարածքներում։

«Նկատի առնելով Արաքսի հովտի աշխարհագրական դիրքն ու Արաքս գետի ափի եղեգնուտ տարածքը, թերևս ենթադրվում է, որ կարող է որոշակի թվով հայ զինծառայողներ թաքնված կամ կորած լինեն տեղանքում։ Սա իհարկե ենթադրություն է և ոչ-ոք, բացի սահմանապահ ուժերից,  չեն կարող դա հաստատել»։

Շահմուրադյանի խոսքով, սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղում սկսված պատերազմից  մինչև նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումը, Իրանի կառավարության պաշտոնատար անձինք, արտաքին գործերի նախարարությունը, սահմանապահ ուժերը և ԻՀՊԿ-ի և բանակի ուժերն ու բարձր հրամանատարությունը հետևել են պատերազմի ընթացքին և հետագա զարգացումներին։ Պատերազմի սկզբից Իրանը կրկնապատիկ ուժեղացրել է իր սահմանների երկայնքով ռազմական և անվտանգության վերահսկողությունը բոլոր ուղղություններով։

«Իրանի ռազմական ներկայությունը դեռևս շարունակվում է երկրի հյուսիս-արևմտյան սահմաններում և օրավուր ուժեղացնում  սահմանային վերահսկողության միջոցներն ու հնարավորությունները։ Այնպես որ` չեմ կարծում Իրանի սահմանապահ ուժերի և բանակի ու կորպուսի և նույնիսկ տեղաբնիկների վերահսկողությունից վրիպի հայ զինծառայողների անցնելը սահմանագծից։ Վստահեցնում եմ, ոչ միայն հյուսիս արևմտյան այլև ամբողջ Իրանի սահմանների երկայնքով տեղի ունեցող բոլոր տեսակի տեղաշարժերն ու անցուդարձերը վերահսկվում են սահմանապահ ուժերի կողմից և պաշտոնական Թեհրանը չի կարող անտեղյակ մնալ  իրադարձություններից»։

Անհետ կորած  ու գերեվարված զինծառայողների  հարազատները շարունակում են նրանց փնտրել։ Գերիների մասին տեղեկատվության աղբյուրները տարբեր են՝ սոցիալական ցանցերից  մինչև  անձնական կապեր։ Ինչպես անհետ կորածների, այնպես էլ գերիների հստակ թիվ չկա։  Կարմիր խաչի  հայաստանյան գրասենյակի  հաղորդակցման կապի ղեկավար Զառա Ամատունին «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ     կազմակերպության ներկայացուցիչները հնարավորություն ունեն այցելել   Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներից ոչ բոլորին։  Կողմերը գերիների  ամբողջական տեղեկատվություն չեն փոխանցում։

Արդեն հայտնի գերիներին տեսակցելու են գնում Կարմիր Խաչի ներկայացուցիչները․ «Առաջին տեսակցությունից հետո արդեն որոշակի պարբերականություն է լինում։ Սահմանված հատուկ ժամկետներ չկան։ Նպատակը տեսակցելն է, աջակցել, որպեսզի կապ հաստատեն հարազատների հետ։ Ոչ պակաս կարևոր է, որպեսզի կարողանանք մշտադիտարկել բոլոր կարևոր պահերը, քանի դեռ անձը անազատության մեջ է»։

Զառա Ամատունին նաև հստակեցրեց՝ կողմերը նախապես տեղեկացված են լինում, որ Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելելու են ռազմագերիներին կամ քաղաքացիական անձանց։ «Գերիներին տեսակցելը տվյալ երկրի իշխանությունների պարտավորությունն է»,– եզրափակեց  Կարմիր խաչի  հայաստանյան գրասենյակի  հաղորդակցման կապի ղեկավարը։ Գլխավոր դատախազությունը բարձրաձայնեց Ադրբեջանի զինված ուժերի մոտ գտնվող եւ միջազգային կոնվենցիաներով  պաշտպանության իրավունք ունեցող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգելու, նրանց նկատմամբ դաժան, անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսեւորելու բազմաթիվ դեպքերի մասին:

Նույնը հայտարարեց նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝  խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ տեսանյութերի մեծագույն մասն իրականություն է` ասաց: Դրանք ապացույցի տեսքով հայաստանյան ու արցախյան կողմերն ամրագրել են. ներկայացրել ու շարունակում են ներկայացնել միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության

Մինչդեռ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է,  թե հայկական կողմի զինծառայողների դիերի անարգանքի և գերեվարված անձանց նկատմամբ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մասին ադրբեջանական զինված ուժերին վերագրվող տեսանյութերի մեծ մասը կեղծ է: Ավելին, սպառնացել է,  թե քրեական վարույթներ են սկսել ու մեղավոր անձինք կենթարկվեն պատասխանատվության:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան  Արման Թաթոյանը  հայտարարեց  նաև, որ այդ դաժանությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը պատերազմական հանցագործություններ են: Դրանք կատարել են Ադրբեջանի ոչ թե առանձին վերցված զինվորներ՝ իրարից անկախ, այլ այդ ամենը Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական կազմակերպված քաղաքականության անբաժան մաս է, Ադրբեջանում տարիներով կուտակված ու պետական աջակցությամբ համակարգված հայատյացության արդյունք:

Ցուցադրել ավելի
Back to top button