ԿարևորՀասարակություն

Covid-19-ի պատվաստանյութի առաջին փորձարկումը Հայաստանում․ բուժվե՞լ, թե՞ չհիվանդանալ

Պատվաստանյութերի մրցավազքը մեկնարկել է։ Կորոնավիրուսի դեմ պայքարում առաջնային դիրքերում են ռուսական, գերմանական, ամերիկյան պատվաստանյութերը։ Հայկական կողմը ընտրողի դերում է։ Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյան․

«ՌԴ ԱՆ–ի կողմից Հայաստանին էր տրամադրվել COVID-19 «Սպուտնիկ» պատվաստանյութի օրինակներ։ Մի քանի կամավորներ պատվաստվելու են պատվաստանյութով»։

Եթե օրգանիզմի և վարակի առաջին հանդիպումը տեղի է ունենում, օրգանիզմը հաջորդ հադիպումներին ավելի պատրաստված է լինում։ Պատվաստանյութը հենց այս առաջին հանդիպումը կազմակերպողն է։ Օրգանիզմում նրա ծավալած գործունեության մասին պատմում է վարակաբան Արման Բալայանը․

«Կենդանի պատվաստանյութը, երբ վերցնում ենք տվյալ հարուցչին, դա կլինի վիրուս, թե բակտերիա, թուլացնում ենք իր հիվանդություն առաջացնելու հատկությունը, ներարկվում է օրգանիզմ, ու տվյալ թուլացված հարուցիչը խթանում է իմուն համակարգը և ստեղծում է համապատասխան բջիջներ և օրգանիզմը սկսում է պայքարել վարակի դեմ։ Արդեն հետագայում, երբ դու վայրի վիրուսին կամ բակտերիային հանդիպես, արդեն օրգանիզմդ պատրաստ ա հակամարտելու դրանց դեմ»։

Պատվաստանյութերը տարբեր տեսակներ ունեն․ երբեմն վիրուսը կամ բակտերիան բժշկի վերահսկողությամբ օրգանիզմ են ներարկում կենդանի կերպով, երբեմն՝ սպանված, որոշ դեպքերում՝ մարդն ընդունում է միայն դրա մի հատվածին։ Կարևորը, որ հիվանդություն առաջանելու հնարավորություն չունեցող վարակի միջոցով իմունային համակարգը պատրաստ լինի ընդունել իսկապես վտանգավոր վարակները։

Սակայն մեր հասարակությունում եւս պատվաստանյութերի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ։ Երբեմն մարդիկ վախենում են հիվանդությունից՝ միաժամանակ խուսափում պատվաստվեուց։

«Եթե փորձենք ինչ–որ վիրտուալ սանդղակ ստեղծել՝ բժշկական միջամտությունների շարքում պատվաստումային գործընթացը, որպես ներխուժում մարդու օրգանիզմ, գտնվում ա ամենաստորին հատվածներում իր ռիսկայնությամբ որևէ խնդիր առաջացնելու»։

Վարակաբանի խոսքերով՝ մարդիկ ավելի շատ նախընտրում են բուժվել, քան` չհիվանդանալ։ Եթե կա ցավ, տառապանք, ապա կա նաև այցելություն հիվանդանոց կամ դեղատուն։ Բայց բոլորը չէ, որ պատրաստ են ցավն ու տառապանքը չզգալու համար առողջ սնվել, սպորտով զբաղվել, չծխել, դիմակ կրել կամ հաճախակի լվացվել։

«Ինչ կապված է կանխարգելման հետ, մարդը որպես առաջին պատասխան չի ուզում դա անի, որովհետև դա կամային հատկություն է մարդուց պահանջում, իսկ կամային հատկանիշից շատերս ցավոք թույլ ենք ինչի՞ պատվաստվեմ, մի երկու–երեք օր էլ խնդիրներ լինի, որ հետո կարող է չհիվանդանամ, մեկ է՝ առողջ եմ։ Այ էստեղից արդեն խնդիրները ստեղծվում են, որովհետև մարդը պետք է բավարար կրթվածություն ունենա, որ հետո խնդիրներ չլինի»։

Ամեն օր Հայաստանում գրանցվող կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի ցուցանիշը քառանիշ մի թիվ է լինում․ սա արդեն սովորական է։ Հիվանդանալ, հավանաբար, ոչ ոք չի ցանկանում։ Այդ նպատակով են Ռուսաստանը, Գերմանիան, ԱՄՆ–ն պատվաստանյութային մրցավազք սկսել, Հայաստանն ու մի շարք այլ երկրներ հայտնվել են ընտրողի դերում, սակայն վարակաբանը վստահ չէ, որ հասարակության մեջ պատվաստանյութերի նկատմամբ նման վերաբերմունքի պարագայում դրա առկայությունը միանշանակ է ընդունվելու․

«Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի հրաժարվի պատվաստումից, էսօր դա պարտադիր չի։ Բնականաբար այն անձինք, որոնք միշտ էլ սկեպտիկ են մոտենում էս հարցերին, թեպետ մենք տեսնում ենք՝ ինչ բնույթ ա կրում էս համաճարակը։ Միգուցե տարակուսանքի մեջ գտնվող մարդկանց մի մասը շփվել ա քովիդի հետ մտածելով որ վարակը չշարունակի տարաշվել պատվաստվեմ, բայց ես կարծում եմ բացասական վերաբերմունքը կմնա նաև այստեղ»։

«Պատվաստումը կատարվում է 2 դեղաչափով։ Երկրորդ դեղաչափը կիրառվում է առաջինով պատվաստվելուց  21 օր հետո» Ալինա Նիկողոսյանն է ներկայացնում Քովիդի դեմ ռուսական Սպուտնիկ պատվաստանյութի «օգտագործման եղանակը», իսկ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը նշում է՝ օգտագործողները դեռ հայտնի չեն, չենք կարող իմանալ՝ քանի հոգի, երբ ու ինչպես է անցնելու պատվաստանյութի արդյունավետությունը գնահատող փորձաշրջանը։

«Առկա գիտական հետազոտությունը խոսում է նրա մասի, որ պատվաստանյութը անվտանգ է և կամավորների շրջանում անսպասելի լուրջ  ռեակցիաներ չեն գրանցվել, և պատվաստանյութի արդյունավետությունը 92 տոկոս է»։

Նախօրեին AstraZeneca ընկերությունը հայտարարել էր, որ Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ մշակած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 70 տոկոս։

Անցած շաբաթ Pfizer կորպորացիան ևս հայտարարել էր, որ  կորոնավիրուսի դեմ իրենց պատվաստանյութի արդյունավետություն 95 տոկոս է։

Ամերիկյան Moderna ընկերության դեղամիջոցի մոտ այս ցուցանիշը կազմում է 94.5 տոկոս։

Շրջանառվում են որոշակի գնային տվյալներ ևս։ Օրինակ Moderna ընկերության՝ կորոնավիրուսի պատվաստանյութի մեկ չափաբաժնի արժեքը կտատանվի 25-37 դոլարի սահմանում։ Մրցավազքը շարունակվում է․ Հայաստանը դեռ ընտրություն չի կատարել։ Ուրեմն՝ դեռ վաղ է խոսել  տեխնիկական հարցերի մասին։ Այս փուլում դրանք պատասխաններ չունեն։ Հիմա մասնագետները միայն մտածում են հնարավոր ամենաանվտանգ, արդյունավետ ու հարմար պատվաստանյութը գտնելու, փորձարկելու ու ձեռք բերելու մասին։

Back to top button