ԿարևորՀասարակություն

Խոսքը չի վերաբերում Մեղրիից ինչ-որ մաս հանձնելուն․ Մխիթար Զաքարյան

Ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն Մեղրիով միջանցք է տրամադրվում Ադրբեջանին, որպեսզի վերջինս ցամաքով կապ հաստատի Նախիջևանի հետ։ Մեղրեցիները դեմ են դրան, չնայած դեռևս հստակ չէ, թե ի՞նչ ճանապարհի մասին է խոսքը։

Հանրապետության հարավում ենք, Մեղրիում։ Անցնում ենք Երևան-Բաքու երկաթգծի Արաքսի հատվածով։ Այս երկաթգիծը մոտ 50 տարի Խորհրդային Հայաստանի համար ունեցել է կենսական նշանակություն` ապահովելով ապրանքաշրջանառության շուրջ 85%-ը։ 

Գուցե, ըստ ստորագրված եռակողմ հայտարարության, Մեղրիով Ադրբեջանին տրամադրվող ճանապարհը հենց սա լինի։ Սակայն այժմ հայտնի չէ, թե ինչ ճանապարհի մասին է խոսքը, ասում է Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը։

«Այս պահին ամենից իրազեկվածը պետք է լինեին ռուս սահմանապահները, իրենք էլ դեռ ոչինչ հստակ չգիտեն։ Պարզապես նշում են, որ քննարկվում են տարբեր տարբերակներ, որոնցից մեկը էստակադայի տարբերակն է, գետնի մակերեևույթից մոտ 4-6 մետր բարձրության ճանապարհ։ Այդ դեպքում շփումները գրեթե զրոյական է լինելու։ Մյուս տարբերակը՝ ուղեկցումով պետք է լինի»։

Մարդիկ հիմնականում դեմ են, որ Մեղրիով ճանապարհ տրամադրեն։

Բնակչուհի Կարինե Սեդրակյան. «Եթե պատերազմը վերջացել է, բայց թուրքերը մարդ են առևանգել, ամեն ինչի էլ հավատալու է։ Իրենց վստահելի չէ։ Ի՞նչ ես իմանում, այսպես գան գնան, ո՞նց կլինի, մեզ էլ Արցախի պես չեն անի»։

Մեղրու Ագարակ գյուղի բնակիչ Հակոբ Հակոբյան․ «Ինչպե՞ս կարող եմ ես համաձայն լինել, որ այստեղով թուրքը գա, գնա։ Ես որպես Ագարակի քաղաքացի 100% համաձայն չեմ լինի, բայց մեր կարծիքն այսօր հարցնող չկա»։

Քաղաքացի Նուբար Թարվերդյանն էլ կողմ չէ․ «Կվախենանք, մեկ է ինչքան էլ հսկողություն լինի, կվախենանք, չենք կարող»։

Ռոբերտ Աղամալյան. «Դեմ եմ դրան, հսկողություն է պետք, ինչպե՞ս են գնալու, ինչպե՞ս են ստուգելու զե՞նք են տանում, թե՞ միրգ։ Հարցեր են սրանք, պետք է քննարկվի, որոշվի»։

Համայնքապետ Մխիթար Զաքարյանն ընդգծում է, որ տարածքային կորստի մասին չէ խոսքը։

«Առհասարակ խոսքը վերաբերում է ճանապարհային կոմունիկացիաների բացմանը, որը չի ենթադրում փոխհարաբերություն։ Խոսքը չի վերաբերում Մեղրիի տարածքից ինչ-որ մաս հանձնելուն»։

Միաժամանակ, Մխիթար Զաքարյանը նշում է, որ առանց Իրանի հետ սահմանի Հայաստանը չի կարող գոյատևել։

Ցուցադրել ավելի
Back to top button