ԿարևորՀասարակություն

Փորձությունը հաղթահարելու ենք միասնականությամբ ու Աստծո զորությամբ

«Մեր նահատակների լույս հիշատակի առջև մենք այսօր պարտք ունենք արժևորելու և իրականություն դարձնելու նրանց նվիրական երազներն ու տեսիլքները»։

Այս կոչով այսօր Մայր աթոռ սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմեց ժողովրդին՝ կոչ անելով զերծ պահել հայրենի երկիրը նոր ցնցումներից ու վտանգներից։

«Այսօր մենք բոլորս սիրելի որդեկորույս ծնողների` սգակիր հայրերի ու մայրերի ու որբացած մանուկների հետ միասին մեր սրտերում կրում ենք մեր զոհված քաջորդիների կորստի մեծ վիշտը։ Այս անասելի ցավի հետ մեկտեղ նաև հպարտություն ենք ապրում նրանց անզուգական խիզախության, անօրինակ սխրանքների և պանծալի քաջագործությունների համար։ Մեր հերոսները մարտնչեցին ամենայն անձնվիրությամբ արցախահայության ազատ ապրելու արդար իրավունքի և Հայաստան ու Արցախ աշխարհի խաղաղ, ապահով կյանքի և բարօր առաջընթացի տեսիլքով»,- ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հիշատակի արարողություն։ Գարեգին Բ–ն, դիմելով ժողովրդին, նշեց, որ հայ ժողովուրդը իր դարերի պատմության ընթացքում տեսել է ավեր, կոտորածներ ու ցեղասպանություն, բայց անգամ դրանից հետո, երբ  նահատակվեցին մեր ժողովրդի 1.5 միլն զավակներ և կորցրինք մեր պատմական հայրենիքի մեծագույն մասը, մենք կարողացանք արևելյան Հայաստանի փոքրիկ հատվածում վերակերտել պետականությունը և շենացնել հայրենիքը։

«Այսօր պատերազմի հետևանքով ունեցած ցավալի կորուստներով և ստեղծված ներքաղաքական բարդ պայմաններով մեր երկիրը հայտնվել է ծանր ճգնաժամի առջև։ Այս դժվարին իրադրության մեջ հայրենիքի գերագույն շահի առաջ պետք է խոնարհվեն անհատական և խմբակային բոլոր շահերն ու հավակնությունները։ Յուրաքանչյուրիս, ի մասնավորի պետական և քաղաքական գործիչների պարտքն է պատասխանատվության բարձր գիտակցությամբ հանձն առնել ամեն զոհողություն ստեղծված բարդ իրավիճակի հաղթահարման համար՝ հանուն մեր հայրենիքի կայունության, անվտանգության և վառ ու լուսավոր ապագայի։ Հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զավակների անձնազոհության ու վառ հիշատակի հանդիման հարկ կա պահպանել մեր միասնականությունը, հեռու մնալ ատելություն ու թշնամանք հրահրող խոսքերից ու գործերից և զերծ պահել հայրենի մեր երկիրը ցնցումներից ու վտանգներից։ Հայրենասիրության, միաբանության, համերաշխության ու հանդուրժողականության ոգով լծվենք արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Հայաստանի և Արցախի նոր կյանքի կերտմանը»,– իր կոչում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթք բարձրացրեց առ Աստված՝ հայրենիքի հերոս որդիների հանգստության համար՝ հայցելով Սուրբ հոգու մխիթարությունը նրանց ընտանիքների, հարազատների և համայն հայ ժողովրդի համար։

«Առ Աստված աղոթքով հայցենք բարվոք ապաքինում վիրավորված մեր զինվորներին, նաև Ամենակալ տիրոջ խնամքն ու զորակցությունը գերեվարված մեր զավակներին՝ մաղթելով ազատություն և բարի վերադարձ հայրենիք։ Թող Աստծո սերը, շնորհները և օգնականությունը հովանի լինեն մեր հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին այսօր, և միշտ, և հավիտյանս։ Ամեն»։

Արարողության  ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստծուց զորություն խնդրեց, որպեսի հայ ժողովուրդն այս փորձությունը ևս հաղթահարի, շարունակի շենացնել ու զորացնել հայրենիքը։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button