ԿարևորՀասարակություն

Ո՞վ է դավաճանը․ պատերազմից փախչո՞ղը, թե՞ զինվորին պատերազմի չպատրաստողը

Արցախցի Վալերի Բալայանին հանդիպում եմ   Ստեփանակերտում։ Նրա 3 որդիներն առաջնագծում են եղել, իսկ 4-րդ–ը՝ Արեգը, լուսանկարել է պատերազմի դրվագները։ Բալայանի հետ ցանկանում եմ զրուցել ստեղծված իրավիճակի մասին։ Բայց խոսակցության կծիկը չեմ կարողանում բռնել ու  չգիտեմ որտեղից սկսել։ 

Վալերի Բալայանը 1990թ.-ից ընդհատակյա գործունեություն է իրականացրել Արցախյան ազատագրական  շարժման զինված պայքարում: Եղել է պայքարի կենտրոնական շտաբի հետախուզության պետ, ինչպես նաև շտաբին կից համակարգող խորհրդի անդամ:

Ընդունվել է ՀՅԴ շարքերը եւ Ղարաբաղի  ԿԿ կողմից նշանակվել մարտական  գործողությունների պատասխանատու, ով կազմակերպել և  համակարգել է զինված ջոկատների գործունեությունը Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում: Եղել է Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի անդամ: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ նաև կառավարման ոլորտում։

Ի վերջո, հավաքում եմ մտքերս ու հարցնում՝ նման հանգուցալուծում պատկերացնո՞ւմ էիք։  Հետևում է պատասխանը՝ իհարկե ոչ։

Հայ ժողովորդը 94- թ-ից հետո երբեք չէր ենթարկվել նման կապիտուլացիայի։ Զրուցակիցս ասում է, որ  այս ամենը  եղել է մասնակի ծրագրված, օրինակ որ ռուսական զորքը Արցախի տարածքով պետք է մտի  Ադրբեջան, բայց վերջաբանը այս կերպ չպետք է լիներ։

Զինվորականի  հոտառությամբ նկատում է, որ դեռ 3-րդ օրը, երբ եղել է դիրեքում, այնտեղից  զանգահարել  ու ասել է, որ Արցախը մենք կորցնելու ենք։ Խնդրում եմ պարոն Բալայանին բացել  փակագծերը։

«Ես 3-րդ օրը գնացել եմ փոքր տղայիս գտնելու, քանի որ լուր չկար, թե որտեղ է։  Այնտեղից զանգեցի ու ասեցի,  որ Արցախը հանձնելու ենք։ Երևանից բերված երեխաներն էին  դաշտում ՝ առանց կապի, առանց  հրամանատարի,  առանց  առաջադրանքի։ Չգիտեին՝ ինչ անեին, տեղանքը ինձանից էին հարցնում, «ո՞նց գնանք ձյաձ, ո՞նց գնանք Հադրութ»։ Որդիս շրջափակումից դուրս  եկավ իր ընկերների հետ։ Հինգ օրվա ջահել ծառայողներ էին, դուրս գալուց վիրավորներին չեն թողել այնտեղ։ Բոլոր վիրավորներին հանել են ջահել 18 տարեկան երեխեքը։ Տղայիս  գնալուց առաջ ասել եմ, որ պատերազմի դաշտում եթե վիրավոր ընկերոջդ դաշտում թողեցիր, ուրեմն դու մարդ չես»։

Վալերի Բալայանն ասում է, որ 2000 թ–ից մեր բանակը  դեգրադացիա էր ապրում, իսկ  վերջին 2,5 տարիներին էլ  քաոսը մտավ բանակ ու մեր բանակի մեջքը կոտրեց։ Հիմա վարչապետն ու նախագահը փորձում են արդարանալ ու պատճառներ բերել, որ ՄՈԲ–ը չի կռվել, կամավորականները տեղում չեն եղել և այլն։  Իհարկե, դա եղել է, բայց գլխավոր մեղավորը անկազմակերպվածությունն է, ասում է։ 

«Նիկոլը չի ասում, որ 2,5 տարվա մեջ 4 հրամանատար է փոխել, ինչպես կարող է դա նորմալ լինել, էն էլ պատերազմող  Արցախում։ Ինչի չեն ասում, որ  նույն սպուտնիկը մենք կարող  էինք ունենալ, նույն ԱԹՍ- ները, բայց  չէ մենք պտի կռվեինք դրոններով։  Հիմա ո՞վ է դավաճանը։ Դավաճանը նա է, որ պայման չես ստեղծել որ կռվի, թե դու, որ չես  պատրաստվել պատերազմի»։

Զրուցակիցս, վերլուծելով ստեղծված իրավիճակը նկատում է, որ 2018 թ–ին  մարդիկ եկան իշխանության ու ասեցին, որ այսուհետ ապրելու ենք օրենքով, սակայն ամենաառաջին օրենքը խախտեցին հենց իրենք։

«Հայաստանի նոր ղեկավարությունը եկավ թավշյա էն հրեշին հանեց ու դարձավ նոր հրեշ։ Ինքը ոչ մի զարգացման ծրագիր՝ ոչ երկրի, ոչ էլ բանակի չներկայացրեց, քանի որ միջին ժուռնալիստ էր, միջին էլ փորձում էր ղեկավարել»։

Բայց կյանքը այսքանով հանդերձ կանգ չի առել, ու այս ամենից դուրս գալու միակ ելքը, դեղատոմսը Բալայանը տեսնում է ապրելով, աշխատելով ու  երեխաներ ունենալով։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button