ԿարևորՀասարակություն

Ֆրանսիայից Հայաստան կժամանի մարդասիրական ուղեբեռը․ այն տեղ կհասցնի Յուրի Ջորկայեֆը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան՝ ի աջակցություն ֆրանսահայ համայնքի ամենամյա դրամահավաք-հեռախոսամարաթոնի, որն այս տարի նվիրված է սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների օգնությամբ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում տեղահանված և ունեզուրկ եղած տասնյակ հազարավոր արցախահայության կարիքներին։

Ֆրանսպրես գործակալությունը հայտնում է, որ նախագահ Մակրոնը հայտարարել է․

«Ֆրանսիայի մարդասիրական այս հանձնառությունը մեր անմիջական պարտքն է Արցախից և վերադարձված յոթ շրջաններից 120.000 տեղահանված հայկական բնակչության, ինչպես նաև Հայաստանում դժվարին իրավիճակում հայտնված առվազն 1 միլիոն հայերի նկատմամբ։

Ֆրանսիայի կառավարության, ինչպես նաև «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը Երևան կմեկնի վաղը՝ նոյեմբերի 22-ին, երկրորդը՝ նոյեմբերի 27-ին։

Լուսանկարը՝ Ֆրանսպրեսի

Մարդասիրական ուղեբեռը Հայաստան տեղ կհասցնի ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ․ չեմպիոն Յուրի Ջորկաեֆը»։

Մարդասիրական օգնությանն անդրադառնալուց բացի, նախագահ Էմանուել Մակրոնը, մասնավորապես, նշել է․

«Ֆրանսիան պահանջում է, որպեսզի ս․թ․ նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների կասեցման արդյունքում հրադադարի պայմանները գործեն նաև շրջանի հայկական հոգևոր պատմամշակութային ժառանգության հանդեպ՝ դրանց ոչնչացումը կանխելու համար»։

Նախագահ Մակրոնը վերահաստատել է «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը միջազգային վերահսկման շրջանակում ներառելու Ֆրանսիայի ցանկությունը»։

Ցուցադրել ավելի
Back to top button