ԿարևորՀասարակություն

Բնակարան կորցրած արցախցուն մեկ շնչի հաշվով միանվագ կհատկացվի 300 հազար դրամ

Դեպի Արցախ վերադարձն ընթանում է բավականին մեծ տեմպերով: Միայն 5 օրվա ընթացքում 25 հազար մարդ հետ է եկել և հոսքը շարունակվում է: Այս մասին ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ճանապարհների, անվտանգության հետ կապված հարցերը դեռ կքննարկվեն, նշել է նա։

«Առաջիկա օրերին մի քանի սոցիալական ծրագրեր են իրականացվելու, մասնավորապես, Հայաստանի Հանրապետություն տեղափոխված յուրաքանչյուր արցախցու տրամադրվելու է դրամական օգնություն, բնակարան կորցրած մեր հայրենակիցներին մեկ շնչի հաշվով միանվագ հատկացվելու է 300 հազար դրամ: Այս և մյուս ծրագրերը լիցքաթափելու են սոցիալական լարվածությունը»,- ընդգծել է Հարությունյանը:

Նա հատուկ շնորհակալություն է հայտնել հայությանը, ովքեր այս մեկուկես ամսվա ընթացքում հյուրընկալել են արցախցիներին և նրանք որևէ տեսակի խնդիր չեն տեսել, չեն զգացել:

«Հաշվի առնելով այն, որ եղանակներն ավելի են ցրտում ու կոմունալ ծախսերն ավելի են մեծանալու, մենք ևս Երևանում ստեղծված օպերատիվ շտաբի միջոցով փորձում ենք փոխհատուցել կոմունալ որոշ ծախսեր, նաև ՀՀ մեր այն հայրենակիցների համար, ովքեր իրենց ունեցածը, հյուրանոցները կամ օբյեկտները տրամադրել են: Այստեղ անելիք շատ ունենք»,- ասել է ԱՀ նախագահը:

Նա հայտնել է, որ առաջին փուլում պլանավորում են իրականացնել այն քաղաքացիների տեղափոխումը Արցախ, ովքեր ունեն մնալու հնարավորություն, իսկ նրանք, ովքեր զրկվել են, կտեղափոխվեն փուլային տարբերակով, որպեսզի հնարավոր լինի և՛ տեղավորել, և՛ ընթացքում լուծել սոցիալական խնդիրները:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button