ԿարևորՀասարակություն

Ուսուցիչները դասավանդում են հույս, աշակերտները` սովորում վերագտնել այն

Բեյրութն ու Ծմակահողը իրար մասին չէին լսի, եթե Կարինը մի օր չբռներ տունդարձի ճանապարհը։ Օգոստոսին եկավ Հայաստան, սեպտեմբերին գնաց Արցախ, իսկ պատերազմի նախորդ օրը փաստաթղթերի համար եկավ Երեւան ու այլևս չկարողացավ վերադառնալ։ Արցախում ապրեց ու դասավանդեց ընդամենը երեք շաբաթ։

«Ուզում էի գոնե հայրենիք վերադառնալ, էստեղ ավելի լավ բաներ կկարողանամ անել, ավելի էսպես առիթը կունենեամ։ Արցախը դեռ սիրում ենք, ինչպես որ սիրում էինք, բայց ինձ համար բարդ է երևում, որ գնանք մի տեղ, որովհետև շատ անորոշություններ կան, պայմանները երևի լավ չեն լինի, մի քիչ երևի դժվար է, ինձ համար դժվար է»։

Հիմա Դիլիջանի հյուրանոցում դաս է տալիս մոտ 25 աշակերտի, դրան զուգահեռ էլ  ավելացել է դասավանդվող առարկաների քանակը։ Ֆիզկուլտուրայի ուսուցչուհին նաև  անգլերեն  ու նկարչություն է պարապում։ Նկարչության դասի ժամանակ արցախցի երեխաները հիմնականում նկարում են․

«Արցախի դրոշները, օդանավը, եկեղեցին. էս բոլորն իրենք հյուսում են տունը, և քիչ–քիչ էսպես Ձմեռ պապիի մթնոլորտի մեջ են, էսպես սպասում են նամակ գրեն, հետո նվեր ստանան։ Երեխաները, ինչ–որ հասկացա, ուզում են հետ գնալ իրենց տունը, անընդհատ ինձ ասում են՝ իմ տունը Հադրութի մեջ է, մենք ձրի ենք տվել, կամ օրինակ նկարչության ժամանակ գրում են «Հաղթելու ենք» կամ ինչ–որ դրոշներ, եկեղեցիներ են նկարում, եչևի դեռ էդ մթնոլորտի մեջն են, ուզում են նկարչություններն իրենց պապիին ուղարկել,  որուն որ այսպես կարոդցած են շատ»։

«Դասավանդիր Հայաստան» ծրագրով, ընդհանուր առմամբ, Արցախում աշխատում է 28 ուսուցիչ` 24 համայնքում։ Այդ 24-ից մի քանիսը հայկական ուժերը եռակողմ հայտարարությունից հետո թողել են։  Բոլորը ուսուցիչները տեղափոխվել են Հայաստան, իսկ 10–ը՝ Դիլիջանում են։  «Դասավանդիր Հայաստան» ծրագրի առաջնորդության զարգացման ղեկավար Գարիկ Վանյանն է մանրամասնում։

 «Մեր ուսուցիչները աշակերտների հետ տարբեր [ծրագրեր են] իրականացնում` թե՛ մասնագիտական, թե՛ արտադասարանային, թե՛ տարբեր ուսուցողական խաղեր կամ ժամանցային խաղեր, որպեսզի նախ երեխաները շարունակեն ներգրավված լինեն կրթության մեջ  և, բացի դա, որպեսզի ստեղծված իրավիճակից ինչ–որ ձևով կարողանան դուրս բերել, որովհետև կան երեխաներ, որ ունեն բավականին մեծ հոգեբանական խնդիր։ Որոշ երեխաների ծնողներն են Արցախում մնացել , կան երեխաներ, որ մի քանի շաբաթ ծնողներին չեն տեսել։ Այսինքն՝ փորձում ենք գոնե արտադասարանային խմբակներով, ինչ–որ ժամանցային խաղերով երեխաների առօրյան ավելի հետաքրքիր դարձնել, ինչ–որ ձևով կտրել այդ առօրյա խոսակցություններից, նորություններից»։

Պատերազմը նոր մարտահրավերներ է առաջ բերել  կրթության ոլորտում։ «Դասավանդիր Հայաստան»–ը այս ընթացքում երեք ուղղությամբ աշխատանքներ է սկսել։ Առաջինը սոցիալ–հուզականության վերաբերյալ  դասընթացներն էին, ուսուցիչների վերապատրաստում, որպեսզի կարողանան աշխատել աշակերտների հետ։ Երկրորդը հոգատարության փաթեթներն էին, առաջին անհրաժեշտության պարագաներ և կրթական պարագաներ, գրքեր, որոնք կօգնեն  երեխաներին ներգրավել կրթության մեջ, իսկ երրորդը օնլայն կրթություն ստեղծումն ու վերականգնումն  է․ հավաքագրում են աշակերտների տվյալներ և փորձում ապահովել  համացանցով ու տեխնիկայով։

«Կան մի քանի մասնակիցներ, որոնք ցանկություն են հայտնել նորից հետ գնալ Արցախ։ Բնականաբար, դա արդեն ստիպողաբար չի լինի, որովհետև ոչ մեկը հիմա չի կարող երաշխավորել որևէ մեկի անվտանգությունը, այդ թվում «Դասավանդիր Հայաստան»–ը, բայց կան մասնակիցներ, որոնք անկախ ամեն ինչից ցանկություն են հայտնել հետ գնալ Արցախ։ Պետք է հասկանալ, արդյո՞ք ներկայիս իրավիճակը թույլ է տալիս նրանց տեղափոխումը Արցախ։ Որպես կանոն մենք ուղարկել ենք ուսուցիչներ Քաշաթաղի շրջան, Մարտակերտ, Շահումյան, որտեղ, բնականաբար, այլևս չենք կարող, որովհետև այլևս մեր ենթակայության տակ չի։ Հիմա պետք է հասկանանք Ստեփանակերտում կա՞ թափուր հաստիք կամ Ասկերանի շրջանում կա՞ արդյոք թափուր հաստիք, որտեղ ըստ կարիքի կարողանանք տվյալ ուսուցչին ուղարկել հետ»։

Կարինը Ծմակահողի աշակերտների հետ կապ է պահպանում, իսկ նոր աշակերտների հետ կապ ստեղծում։ Ասում է՝ ժամ առաջ տեղում են լինում, որ դասերը սկսեն։

«Հիմա արդեն դպրոց են գնում, հետո որ հյուրանոց գան, էդ մթնոլորտից դուրս գան մի քիչ։ Ուզում եմ էսպես ֆիզկուլտով զբաղվեն, դաս–դաս չլինի, էդպես մի քիչ դուրս կմնան էդ մթնոլորտից, հետո արդեն գիշերը կարող են հանգիստ քնել։ Օրինակ ՝ իրենք եթե միշտ իրենց ծնողների մոտ մնան, էդ նյութերը էդպես լսելով–լսելով իրենք էլ անհանգիստ կզգան»։ 

Թե որտեղ կշարունակի դասավանդել Կարինը, դեռ պարզ  չէ, բայց պարզ է մի բան, թե՛ Կարինը, թե՛ իր նոր ու հին աշակերտները դուրս են գալիս ստեղծված իրավիճակից՝ Կարինը դասավանդելով հույս, իսկ աշակերտները՝ վերագտնելով այն։

Ցուցադրել ավելի
Back to top button