ԿարևորՔաղաքական

«Դրամատուրգիա». ռուսական հանդիպումներ Հայաստանում

Ներկայացուցչական ավտոշարասյուն՝ ՌԴ դրոշներով։ Միջգերատեսչական պատվիրակությունն այսօր վաղ առավոտից էր Երևանում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակության հանդիպումները մի քանի ուղղություններով էին։ Հայաստանում նորանշանակ նախարարները իրենց պաշտոնավարման առաջին եթե ոչ րոպեներին, ապա ժամերին ընդունում էին բարձրաստիճան հյուրերին։

Հետպատերազմական իրավիճակում ստեղծված իրողությունները և պատերազմի հետևանքների հաղթահարման հնարավորությունները. այս հարցերը քննարկել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանը և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևը։

Տեղեկատվությունը շատ չէ, բայց ենթադրելի է, որ նույն հարցերն են եղել նաև Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպման օրակարգում։

Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանը ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ ոչ միայն քննարկեցին, այլև ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ։

Առանձին հանդիպումներից բացի ընդլայնված կազմով ռուս–հայկական հանդիպում տեղի ունեցավ կառավարությունում։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախ՝ նախագահ Պուտինի և վարչապետ Միշուստինի բարևներն ու բարեմաղթանքները փոխանցեց հայ գործընկերներին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ` միջգերատեսչական հանձնաժողովը Հայաստան էր եկել հարցերի լայն շրջանակ քննարկելու համար։ Առաջարկվող օգնությունը կապված չէր միայն պատերազմական հետևանքների հաղթահարման հետ։ Ռուսաստանից ժամանած պատվիրակության կազմում էր, օրինակ, առողջապահության նախարարը։ Իրենց հետ բերել էին և Հայաստանին տրամադրեցին COVID-19-ի պատվաստանյութի օրինակները։ Հայ–ռուսական այսօրվա հանդիպումների օրակարգը հասկանալու համար կարելի է ուսումնասիրել Հայաստան ժամանած պատվիրակության կազմը։ Երկու փոխվարչապետերից, արտաքին գործերի, պաշտպանության, արտակարգ իրավիճակների և  առողջապահության նախարարներից բացի ռուսական պատվիրակության կազմում էին նաև ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, «Ռոսպոտրեբնադզոր» և «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունների ղեկավարները։  

Հայաստանյան այս այցից ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ըստ ամենայնի գոհ էր։

«Սերգեյ Լավրովի փոխանցմամբ Հայաստանի ղեկավարությունը հաստատեց Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման և խորացման կուրսը։ Ռուս պատվիրակներն իրենց այցը դիտարկում են իբրև հաստատում նախագահ Պուտինի արտահայտած դիրքորոշումների՝ աջակցելու Հայաստանի վարչապետին և նախագահին երկրում կայունություն հաստատելու և նոյեմբերի 9–ի հայտարարության կետերը կյանքի կոչելու համար։ Ըստ Սերգեյ Լավրովի՝ թե երկրի ներսում, թե արտերկրում հայտարարությունը հարցականի տակ դնելու փորձերն անընդունելի են։ «Մենք հաստատել ենք մեր վճռականությունը անել ամեն ինչ, որպեսզի այդ հայտարարությունը շարունակի գործել»,- Երևանում հայտարարեց ՌԴ արտգործնախարարը։    

Թե ընդլայնված, թե առանձին հանդիպումների ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծում էր՝ պատերազմի օրերին Հայաստանը մշտապես զգացել է ՌԴ աջակցությունը։

«Պատերազմից առաջ դժվարին ժամանակաշրջան էր, բայց հիմա ավելի բարդ ժամանակներ են»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա հույս հայտնեց, որ այս ընթացքում կկարողանան խորացնել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, այդ թվում` անվտանգության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում:

«Տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը փոխվել է և դեռ պետք է ուսումնասիրել այդ իրավիճակի բոլոր պարամետրերը»,– ասաց վարչապետը: Վստահություն հայտնեց, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական համագործակցության և եղբայրական բարեկամության ոգով առաջիկայում և ռազմավարական ապագայում երկու պետությունների կապերը կշարունակեն խորանալ։ Փոխգործակցությունը կլինի ավելի սերտ և ավելի ռազմավարական:

Սերգեյ Լավրովի փոխանցմամբ` իրենք այժմ աշխատում են նաև միջազգային կազմակերպությունների հետ՝ հակամարտության գոտում կրոնական և մշակութային ժառանգությունը պահպանելու ուղղությամբ։ Ակտիվություն են ակնկալում հատկապես UNESCO-ից, որպեսզի չկրկնվի Սիրիայի՝ Հալեպի և Պալմիրայի պատմամշակութային արժեքների ճակատագիրը։  

Օրվա երկրորդ կեսին պատվիրակությունն արդեն Բաքվում էր։

Իսկ հայաստանյան հանդիպումներից հրապարակված նկարներից մեկը ՌԴ արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հրապարակեց «Դրամատուրգիա» վերնագրով։

Ցուցադրել ավելի
Back to top button