ԿարևորՀասարակություն

Գերիների եւ անհետ կորածների բոլոր տվյալները հավաքագրում է ՊՆ համապատասխան հանձնաժողովը

Մարդու իրավունքների եվրոպական  դատարանը  Ադրբեջանին մինչև նոյեմբերի 27–ը ժամանակ է տվել, որպեսզի վերջինս 9 հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն  տրամադրի և հայտնի   փոխանակման ժամկետները, «Ռադիոլուրին» հայտնել է ՄԻԵԴ- ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նա նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը Մարդու իրավունքների եվրոպական  դատարանին է դիմել նաև նոյեմբերի 11-ին առևանգված  քաղաքացիական 10անձանց մասին տեղեկատվություն ստանալու  խնդրանքով։ 

ՀՀ–ն  նոյեմբերի 16–ին դիմել էր ՄԻԵԴ, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանում գտնվող  9 հայ ռազմագերիների մասին տեղեկատվություն ստանալ։ ՄԻԵԴ–ը  դիմել էր Ադրբեջանի կառավարությանը՝   խնդրանք- պահանջով։ 

ՄԻԵԴ- ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի տեղեկացմամբ.

«Ադրբեջանը ներկայացրել էր  5 հոգում մասին  ընդհանրական տեղեկանք՝  առանց որևէ  կոնկերտ ապացույցների, 4–ի մասին ընդհանրապես որևէ տեղեկություն չէինք ստացել»։ 

Դրանից հետո նորից Հայաստանը մի քանի դիմում է ներկայացրել՝ նույն խնդրանքով։  ՄԻԵԴ–ի արձագանքն արդեն կա: Դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանը ամբողջական տեղեկատվություն ու ապացույց չի ներկայացրել, այժմ արդեն այդ երկիրը պետք է մինչև նոյեմբերի 27–ը մանրամասն տեղեկատվությունը ներկայացնի

«Դատարանը որոշեց կիրառել միջանկյալ միջոցը 19–ին։ Դատարանը նաև պահանջում է մանրամասն տեղեկատվությունը ապացույցներով ներկայացնել  կոնկերտ բոլոր ռազմագերիների մասով։ Նաև հիշեցնում է Ադրբեջանին, որ միջանկյալ միջոցի պահանջի խախտումն առաջացնում է  կոնվենցիայի 34–րդ հոդվածի խախտում։  Եթե չկատարվի, արդեն Ադրբեջանը որպես ԵԽ անդամ երկիր, լուրջ խնդիրներ կունենա»։

Մինչև նոյեմբերի  30–ը Ադրբեջանը պետք է  նաև մանրամասն տեղեկատվություն ներկայացնի  քաղաքացիական 10 անձանց մասով։  Սա նույնպես՝ ՀՀ դիմումի համաձայն։

«Ադրբեջանը պետք է մանրամասն տեղեկատվություն ներկայացնի  իրենց որպիսիության, առողջական վիճակի մասով»։ 

Հստակ թիվ, թե քանի ռազմագերի կամ  քաղաքացիական անձ կա Ադրբեջանում, չկա։ Պատկերը նույնն է նաև անհետ կորածների դեպքում։  Նրանց հարազատները ամեն օր իրենց   պահանջն են  բարձրաձայնում՝ ստանալ  որևէ տեղեկություն իրենց  զինծառայողների մասին ։

ԱՀ ՄԻՊ  Արտակ Բեգլարյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ Կարմիր խաչն ուղիղ աշխատում է ԱՀ կառավարության, գերիների ու անհետ կորածների հարազատների հետ։ Նրա կարծիքով, ՌԴ–ն գուցե ընդգրկված է այս խնդիրների լուծման մեջ։ Ի՞նչ է արվում շրջափակման մեջ գտնվող զինծառայողներին դուրս բերելու համար.

«ՊՆ  համապատասխան հանձնաժողովը բոլոր տվյալները հավաքագրում է, իրենք աշխատում են Կարմիր խաչի ու խաղաղապահների հետ հնարավոր անհայտ կորածների հայտնաբերման, վերադարձման ու դիերի որոնման, փոխանակման ուղղությամբ։ Տարբեր ուղղություններով մարմինների  որոնում, փոխանակում է տեղի ունեցել»։

Բեգլարյանը հիշեցրեց նաև անտառներում թաքնված ու  հայտնաբերված կոնկերտ  խմբերի, զինծառայողների մասին։ Սոցիալական տարբեր հարթակներում վերջին շրջանում տեղեկություններ էին տարածվում,  թե պատերազմի ընթացքում մոտ 80 հայ  զինվորներ անցել են Իրանի տարածք։

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը  խոստացել է ստուգել հայ զինվորների ներկայության մասին փաստերը, նշել, որ դեսպանությունն այս պահին չի կարող հաստատել այդ լուրը, սակայն իրականացվող ուսումնասիրությունների արդյունքները կհայտարարվեն առաջին իսկ հնարավորության դեպքում:  

Ցուցադրել ավելի
Back to top button