ԿարևորՀասարակություն

Հինգ րոպե՝ մեկ կյանքի դիմաց

Մեկ կաթիլ արյունը «Դարձի՛ր հերոս, նվիրի՛ր արյուն» գրությունը ձեռքին պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մուտքի մոտ դրված սպասում է դոնորներին։  Պաստառի դեմքի հատվածը բաց է։ Պատերազմական օրերին այս պաստառի դեմքը մեկ օրում փոխվել է 300 անգամ։

«Եթե մարդը ցանկություն ունի՝ պետք է հասկանա, որ արյուն միշտ պետք է։ Այսինքն՝ միշտ հիվանդներ կան։ Եթե պատերազմ չկա՝ դա չի նշանակում,  որ արյուն պետք չէ։ Մի սպասեք, որ հայտարարություն տանք, հայտարարություն, որ տալիս ենք` նշանակում է, որ հասել ենք կրիտիկական շեմին։ Ում, երբ պետք է, եթե ինքը ցանկություն ունի ինչ–որ մեկի կյանքը փրկելու ցանկացած աշխատանքային օր, անձնագրով, առավոտվա իննից մինչև ժամը մեկը մոտեցեք, արյունը հանձնեք»։

Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում  Արյան բաղադրամասերի պաշարման բաժանմունքի վարիչ Անդրանիկ Շամիլյանի հետ փորձում ենք գծել  արյան ճանապարհային քարտեզը՝ դոնորից մինչև փոխներարկում։

 «Մենք պետք է էս ամեն ինչը նաև ստուգենք, որ հասցնենք բաց թողենք, էդ արյունը հասնի զինվորին, որովհետև եթե մենակ վերցնենք , էդ արյունը վերջ ի վերջո չի հասնելու զինվորին, որովհետև պետք է մի պահ կանգ առնել, որ սկսենք արդեն այդ արյունը ստուգել, բաց թողնել , մշակել։ Խնդրում էինք, ասում էինք, բայց հերթերը դեռ շատ երկար էին, ասում էինք գնացեք վաղը եկեք, հետո վաղն էլ էր այդպես լինում, ասում էինք մյուս օրը եկեք, էն մյուս օրը եկեք»։

Երբ հերթը հասնում  է զինվորներին, քաղաքացիները երբեմն ծայրահեղ քայլերի են դիմում։ Դեպքեր են եղել, որ նույն մարդը մի քանի օրվա մեջ փորձել է խորամանկել և մի քանի անգամ արյուն հանձնել` ինքն իրեն վնասելու հաշվին։

«Այսինքն, մարդը մտածում է, ասում է, ոչինչ, թող ինձ ինչ ուզում է պատահի, մենակ թե ես զինվոր փրկեմ, բայց ինքը չի մտածում, որ ինքը ինչ–որ հիվանդություն թաքցնելով` այստեղ վատանում է, մեր ամբողջ գործը մոտ երկու ժամ կանգնում է, մենք ամբողջ բաժնով զբաղվում ենք այդ մարդով, որ գիտակցության բերենք, որպեսզի մի բան չպատահի։ Այսինքն՝ ավելի լավ է մի պարկ արյուն քիչ լինի, բայց մեր աշխատանքը գնա, չկանգնի, քան այդպիսի դեպքեր լինեն։ Բայց մարդկանց ինչքան բացատրում ես, չեն ընդունում։ Հենց զինվորի հետ կապված դեպքերում,  եթե ասում ես, որ զինվորին արյուն է պետք, մարդիկ ամեն ինչ մոռանում են, ասում են՝ ինձնից պետք է երկու հատ, երեք հատ վերցրեք, ինչքան պետք է վերցրեք, շատ դժվար է նման մարդկանց հասկացնել ՝ էսպես է ճիշտը։ Կռիվ են անում, դժգոհում են, գնում են բողոքում, թեժ գիծ են զանգում»։

Արյան պահպանման ժամկետը 35 օր է։ Ամենապահանջվածը երկրորդ դրականն է, ամենաքիչ պահանջարկ ունեցողը՝ չորրորդ բացասականը։ Արյունը ստուգվում է, եթե մաքուր է և որևէ վարակ չի պարունակում, ապա բաժանվում է համապատասխան բաղադրամասերի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պահպանման ժամկետը և ջերմաստիճանային ռեժիմը։ Այնուհետև որոշվում է արյան խումբը, պիտակավորում  և արյան բաղադրիչները ուղևորվում են տրամադրման բաժին, որտեղից էլ,  ըստ պահանջարկի, բաց է թողնում  հիվանդանոց։ Եթե վարակի պատասխանը դրական է, ապա արյունը համապատասխան կարգով խոտանում են։

«Եթե զգում ենք, որ շատ է վախենում, արդեն մի որոշ չափով քրտնել է, մոտը դող կա, աշխատում ենք համոզել, որ չհանձնի, որովհետև փորձը ցույց է տալիս, որ 85–90 տոկոս դեպքերում վատանում են, ուշագնացություն է առաջանում։ Հիմնական ամենամեծ վտանգը դա է, վախենալն է»։

Անդրանիկ Շամիլյանի համակարգչի էկրանին Քովիդ 19–ի տվյալներն են, Հայաստանը այդ ցուցակում ըստ մեկ միլիոն բնակչի շրջանում տարածվածության առաջին տասնյակում է Այստեղ Քովիդի վտանգները ևս հաշվի են առնում։

«Կորոնավիրուսը արյան միջոցով չի փոխանցվում, այստեղ միակ վտանգը մեր բուժանձնակազմն է, որ չշփվի նման հիվանդի հետ  և մյուս դոնորների, որպեսզի վարակը չտարածվի։ Կորոնավիրուսը ինքը նոր ինֆեկցիա է, էդպես մանրամասն ուսումնասիրված չէ, բայց որքանով որ հայտնի է, վարակիչ են այն մարդիկ, որոնք որոշ կլինիկական նշաններ ունեն, այսինքն՝ ունեն ջերմություն, հազ։ Էդ փուլում իրենք վարակիչ են, իսկ եթե նշում է, որ տարել է, արդեն հարցնում ենք՝ ինչ ձևի է տարել, ըստ հիվանդության համապատասխան ընթացքի՝  ոնց է տարել, ըստ այդմ որոշում ենք՝ ինչքան ժամանակ հետո կարող է արյուն հանձնել»։

Բուն արյուն հանձնելը տևում է հինգ րոպե։ Ընդամենը հինգ րոպե և մարդուն կարելի է նվիրել ամենաթանկը՝ կյանքը։ Դրա համար անհրաժեշտ չէ լինել բժիշկ կամ ունենալ  բժշկական գիտելիքներ։ Փոխարենը` անհրաժեշտ է լինել առողջ և ունենալ համապատասխան կիլոգրամներ․ իգական սեռի դեպքում ՝ 53 կիլոգրամ, իսկ արականի դեպքում՝ 63 կգ։  Հինգ րոպեն հավասար է մեկ զինվորի, մեկ մարդու կյանքի։ Հինգ րոպեն հավասար է մեկ ընտանիքի դժբախտության կանխմանը։

Back to top button