ԿարևորՎերլուծական

Միջնորդների հանդիպում՝ ծանր պատերազմից հետո․ ի՞նչ ակնկալել Մինսկի խմբից

Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Մոսկվայում հանդիպում են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Ռուսական կողմի հրավերն ընդունած Փարիզն ու Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել էին, որ մոսկովյան միջնորդությամբ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հարցեր ունեն ռուս գործընկեներին։ 

Մոսկվա — Երևան — Բաքու  համաձայնությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առանցքային մի շարք հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը մնացել են անպատասխան։

Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվան կանի ամեն ինչ՝ պահպանելու Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ համաձայնությունը։ Ինքը՝ Վլադիմիր Պուտինը նույնպես հայտարարեց, որ այդ համաձայնությունից  հրաժարվելը  Հայաստանի համար ինքնասպանություն կլիներ։

Այժմ կա դե-ֆակտո համաձայնությում, որը դադարեցրել է պատերազմական գործողությունները, վերաձևակերպել մինչ սեպտեմբերի 27- ն առկա ստատուս-քվոն և լուծել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը։ Ինչի՞ շուրջ են վարվելու ԵԱՀԿ եռանախագահության շրջանակներում բանակցությունները։ Հարցին պատասխանելիս՝  թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն իր հերթին հռետորական հարց է բարձրացնում։

«Ընդհանրապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն գոյություն ունի՞։ Կարծես թե թուրք — ադրբեջանական ագրեսիան այս ձևաչափը փաստացի ոչնչացրեց։ Համանախագահներն իրավունք ունե՞ն հարցեր ուղղել մյուս համանախագահին, որն, ի տարբերություն իրենց, ոչ միայն հայտարարություններով այլև գործով տարածաշրջանում է, և նրա ռազմական ներկայությունը առկա է Արցախում»,-նշում է Ռուբեն Մելքոնյանը։

Մոսկվայի միջնորդությամբ  եռակողմ համաձայնությունից  հետո Թուրքիայի դերակատարությունն արցախյան խնդրում դարձել է առավել շոշափելի և առարկայական։ Թուրքագետը համոզված է՝  ոչ թե Մոսկվայից, այլ Անկարայից  է պետք պահանջել թուրքական ակտիվացման և ագրեսիվ կեցվածքի մասին պատասխաններ։

«Երեսպաշտությունը շատ երանգներ ունի։ Այդ երանգներից մեկն էլ այն է, որ Ամերիկան ու Ֆրանսիան ՆԱՏՕ-ում  Թուրքիայի դաշնակիցներն են։ Թող ագրեսիայի և այս հակամարտության մեջ ներգրավվածության մասին հարցերն իրենց դաշնակցին ուղղեն։ Ռուսաստանին ուղղված հարցերից ոչ արցախահայության,  ոչ Հայաստանի և ոչ էլ Արցախի ճակատագրի հետ կապված էական նշանակություն ունեցող զարգացումմներ ակնկալել պետք չէ»։

Մինչդեռ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կարծում է, որ Մինսկի խումբն ունի հսկայական անելիք, և  Ֆրանսիան ու  Միացյալ Նահանգներն ամեն ինչ կանեն՝ վերադարձնելու Ղարաբաղյան հարցով քննարկումները եռանախագահության ձևաչափ։

«Մինսկի խմբի մյուս համանախագահները և հատկապես Միացյալ Նահանգները շարունակելու են պնդել իրենց արտահայտած այն կարծիքը, որ սա չի կարող համարվել լուծման ձև: Սա պարզապես հրադադար է, իսկ մյուս հարցերը, նաև՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը,  Մինսկի խմբի շրջանակներում պիտի կարգավորվեն։  Ֆրանսիան և Միացյալ Նահանգները չեն հանդուրժի, որ իրենց դուրս շպրտեն բանակցային ձևաչափից, Մոսկվայում այդ երկներն իրենց իրավունքներն են պաշտպանում»,- նշում է Արա Պապյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝  Մինսկի խմբի համանախագահների իրավունքները  կարող են համընկնել հայկական կողմի իրավունքների հետ։ Արա Պապյանը այդ տեսանկյունից մեր  դիվանագիտության  հսկայածավալ ու գրագետ աշխատանք է ակնկալում։

«Առաջին փուլում անհրաժեշտ է, որպեսզի  եռանախագահներն ընդունեն սա խնդրի լուծում չէ, այլ  պարզապես ռազմական գործողությունների դադարեցում։ Եվ ընդհանրապես՝  ինձ համար տարօրինակ է եթե սա զինադադար է, այն էլ՝ հայտարարության մակարդակով, ինչո՞ւ են ներառված այնպիսի կետեր, որոնք միջպետական պայմանագրերի լիազրոությունների շրջանակներում են»,-տարակուսում է Արա Պապյանը։

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավարի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբիի շրջանակներում պետք է բարձրացնել հետևյալ կոնկրետ հարցերը․

«Ընդունելով խաղաղապահների ներկայությունը` անհրաժեշտ է  նշել որ Լաչինի միջանցքից բացի  հյուսիսային ճանապարհը ևս պետք է բաց մնա։ Մշակութային ժառանգության, հումանիտար հարցերի, ռազմագերիներին հարցերով  պետք է շատ ակտիվ աշխատել»։

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադարձել էր նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին՝  նշելով, որ այն ապագայի հարց է։ Այսօր էլ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն է նշել, որ Արցախի կարգավիճակի հստակեցման ժամկետներ գոյություն չունեն։

Արա Պապյանը կարծում է, որ սա շատ կարևոր հանգամանք է, որը թողնում է աշխատանքային լայն դաշտ հայկական դիվանագիտության  համար։

Ցուցադրել ավելի
Back to top button