ԿարևորՎերլուծական

Փաշինյանը չի հեռանում․ փորձագետը տեսնում է նախընտրական փուլի մեկնարկը

Եկել է ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիների, մեթոդների ու ծրագրերի մասին խոսելու ժամանակը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ֆեյսբուքյան գրառումը ոչ թե արդեն տեղի ունեցածի, այլ ապագայում տեղի ունենալիքի մասին էր․

«Ասել եմ արդեն, որ ինձ եմ համարում ստեղծված վիճակի թիվ 1 պատասխանատուն: Իրավիճակը հաղթահարելու եւ երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ես եմ: Ընդգծում եմ, որ ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլեւ ամբողջությամբ լծված եմ այդ գործին»:

…Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի եւ մասնագիտական վերապատրաստման ապահովում:

Պատերազմին մասնակցած անձանց եւ ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձեւավորում…

«Գրառումը ստեղծված իրավիճակում հասարակությանը հնարավոր ելքեր առաջարկելու նպատակն ուներ։ Առկա է ծանր քաղաքական և հոգեբանական իրավիճա, նաև լարվածություն, որն էդ իրավիճակի զգալիորեն տրամաբանական ու օրինաչափ հետևանքն է։ Բայց ինքնին գրառումը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ, որովհետև այդ քարտեզը պիտի շատ ավելի շոշափելի և առարկայական լինի իրացվելիության տեսանկյունից, հանրության համար համոզիչ լինելու առումով»։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը պարզաբանում է՝ ինչի մասին էր վարչապետի ներկայացրած ամենակարևոր անելիքների 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզը։ Ի թիվս առաջարկների՝ այն այլ նպատակ ևս ուներ․

«Կարծում եմ՝ գրառումն ինքնին նաև արձագանքն է հրաժարականի կոչերին և արտահերթ ընտրության գաղափարին և այս իմաստով փատացի Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է, որ առնվազն մինչև հունիս իր պլաններում չկա դրանց տարբերակը և նա փորձելու է աշխատել հանրության հետ թե՛ իրավիճակի ընթացիկ կառավարման, և թե՛ քաղաքական պայմանավորվածության իմաստով»։

․․․Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում եւ բարեփոխումների մեկնարկ:

Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում․․․

«Մինչև առնվազն հունիս մտադիր է շարունակել։ Ինչքանով կհաջողվի իրականացնել այդ մտադրությունը, այս հարցը բաց է, բայց ինքը ներկայացնում է, որ իր տեսադաշտում մինչև հունիս ինքը վարչապետ է։ Եվ հիմա հարցն այն է, թե որևէ այլ ավելի ազդեցիկ տեսադաշտ կա՞, թե՞ ոչ»։

Քաղաքական վերլուծաբանի խոսքերով՝ շատ կարևոր է հասկանալ՝ կլինե՞ն արդյոք վարչապետի պլանին համահունչ այլ պլաններ, որոնք կարող են ձևավորել թե ներքին քաղաքական ուժերը, և թե արտաքին քաղաքական միջավայրը։

Բադալյանը հակիրճ ներկայացնում է այն պատկերը, որը առկա է հանրապետությունում․ ծանր բարոյահոգեբանական վիճակ ու քաղաքական իրադրություն՝ ռազմական փաստացի պարտությունից հետո։ Այս հանգամանքն արդեն իսկ օրակարգ է բերում տվյալ իրավիճակի համար պատասխանատու քաղաքական ուժի կառավարման շարունակականության նպատակահարմարության խնդիրը։

«Անկախ քաղաքական ուժերի հարբերակցությունից, անկախ հրապարակում կամ որևէ տեղ հրաժարականի պահանջ լինել–չլինելուց, ինքնին տեղի ունեցածը այնքան ծանր իրողություն է Հայաստանի համար, որ առաջ է բերում առնվազն հետագա կառավարման նպատակահարմարության հարցը։ Հանրային տրամադրությունը կարող է չարտահայտվել որևէ հրապարակում, բայց ինքն արդեն գտնվում է ապակառուցողական ու հուսահատ մի վիճակում, որը պահանջում է արմատական և շոշափելի փոփոխություն։ Հիմա Նիկոլ Փաշինյանը առաջարկում է փոփոխության իր տարբերակը, այսինքն՝ ինքը մնում է, բայց փոխում է կատավարության 80 տոկոսը և հանրությանն առաջարկում է աշխատել մինչև հունիս, ու որոշել՝ ինչպես է գնահատվում այդ աշխատանքը»։

․․․Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում․․․

Նիկոլ Փաշինյանը մտադիր է 2021 թվական հունիսին հանդես գալ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, որից հետո, հանրային կարծիքն ու արձագանքը հաշվի առնելով, հետագա անելիքների վերաբերյալ որոշում է կայացվելու։

«Ակնհայտ է մի բան՝ Հայաստանն արդեն գտնվում է նախընտրական փուլում։ Դա դե ֆակտո փուլ է, որևէ ընտրական հեռանակար դե յուրե չկա, բայց մենք արդեն ընտրական փուլում ենք, ու զարգացումները կախված են լինելու նաև արտաքին գործոններից»։

Մենք շատ աշխատանք ունենք կատարելու և պարտավոր ենք հաջողել․այսպես է ավարտում իր գրառումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Back to top button