ԿարևորՔաղաքական

Թուրքիայի վերջին գործողությունները շատ ագրեսիվ են. Պոմպեո

ԱՄՆ վարչակազմը և Եվրոպան պետք է համատեղ աշխատեն վերջին մի քանի ամիսների ընթացքում Մերձավոր Արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունների լուծման շուրջ: Այս մասին «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ ֆրանսիական Le Figaro թերթին ասել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ես համաձայն ենք, որ Թուրքիայի վերջին գործողությունները շատ ագրեսիվ են եղել»,-ասել է Պոմպեոն՝ վկայակոչելով վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին, ինչպես նաև Լիբիայում և Միջերկրական ծովում ռազմական գործողությունները:

«Եվրոպան և ԱՄՆ-ն պետք է միասին աշխատեն՝ համոզելու Էրդողանին, որ նման գործողությունները չեն բխում իր ժողովրդի շահերից», -ասել է Պոմպեոն: Նա նաև նշել է, որ մտահոգիչ է Թուրքիայի ռազմական կարողությունների օգտագործման ավելացումը, բայց նա չի ասել՝ արդյո՞ք երկիրը, որն իր ավիաբազայում հյուրընկալում է ԱՄՆ ռազմական ուժերին, պետք է մնա Հյուսիսատլանտյան դաշինքում, թե՞ ոչ:

Պոմպեոն Le Figaro-ին նաև ասել է, որ ԱՄՆ վարչակազմը դեռ աշխատանք ունի անելու Իրանի վրա ճնշումը շարունակելու համար:

Back to top button