ԿարևորՀասարակություն

Բերձորից չեն տեղահանվելու, այն լինելու է հայկական․ Դավիթ Բաբայան

«Ռադիոլուրի» զրուցակիցը Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական  Դավիթ  Բաբայանն է։ Նրա հետ զրուցել ենք հետպատերազմական Արցախի մասին։

-Իրավիճակը բավականին յուրահատուկ է, պատերազմը նոր է ավարտվել ու, կարծես թե, չենք հասկանում ինչ իրավիճակում ենք հայտնվել։ Սա, իհարկե,  բնորոշ  է հետ պատերազմական վիճակին, ու մարդիկ լիովին չեն պատկերացնում ինչ վիճակում են։  Կամաց-կամաց սկսում ենք գիտակցել ու փորձում ենք դուրս գալ այս իրավիճակից։  Հասկանում ենք  նաև, որ նոր էջ է բացվել մեր պատմության մեջ։ Բարեբախտաբար մեր պատմության գիրքը չփակվեց, այլ բացվեց մեկ այլ էջ։  Սա հնարավորություն է տալիս շարունակելու, պայքարելու: Պայքարը դա պատերազմը չէ միայն։ Պետք է  պայքարենք, որպեսզի  Արցախը վերականգնվի, մնա հայկական ու մարդիկ վերադառնան իրենց տները։

 — Առաջին իսկ օրվանից գիտեինք, որ մենք միայն ադրբեջանական բանակի դեմ չենք կռվում։ Եթե պետք է  նման համաձայնագիր կնքվեր, ի՞նչու ավելի վաղ չկնքվեց։ Արդյունքում մենք չէինք կորցնի  Շուշին, Հադրութը և ամենակարևորը զոհերի թիվը քիչ կլիներ։

-Գիտեք պատճառը նաև այն էր, որ հակառակորդը հասկանում էր, որ կարող է ավելի առաջ գնալ ու չէր կանգնում։ Տղաներն էլ մինչև վերջ պահում էին։ Մենք պետք է դասեր քաղենք ու շատ լուրջ։ Եթե մենք ճիշտ դասեր քաղենք, ապա կարող ենք հետագայում այնպիսի հաղթանակներ գրանցենք, որոնց մասին դժվար է պատկերացնել։ Մենք եղել ենք շատ ավելի բարդ իրավիճակում։ Պարզապես պետք է շենացնենք ու զարգացնենք Արցախը։

— Եթե Շահումյանի շրջանի բնակիչները կարող են իրենց իրերը վերցնել, ապա Շուշիի ու Հադրութի վարչական կազմում ապրողները կարծես թե այդ հնարավորությունը չունեն։ Ի՞նչ ճակատագիր է սպասվում  մեր քաղաքացիներին։

-Դժբախտաբար ադրբեջանցին և թուրքը թույլ չեն տալու, որ մեր ժողովուրդը իրերը վերցնեն։ Նախ և առաջ ամեն ինչ թալանել են։ Իսկ ինչ վերաբերվում է այն քաղաքացիներին, որոնց բնակվելու տարածքները արդեն գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ, այդ հարցը շատ բարդ հարց է։ Մի քանի տարի պետք է, որպեսզի նրանց համար տներ կառուցվեն՝ լինի դա Արցախի տարածքում, կամ Մայր հայրենիքում։ Սակայն ուզում եմ շեշտել, որ Բերձորը մնում է հայկական, այսինքն ցամաքային կապը Մայր Հայաստանի ու Արցախի միջև լինելու է, իսկ  անվտանգությունն ապահովելու են  ռուս խաղապահները։ Տվյալ դեպքում Բերձորից տեղահանում տեղի ունենալ չի կարող։ ՌԴ-ն շահագրգռված է լինելու այստեղ տարբեր ծրագրեր, ենթակառուցվածքները աշխատեցնելու համար, այդ թվում նաև Ստեփանակերտի օդանավակայանը։ Կարծում եմ սա մեծ առավելություն կլինի և թույլ կտա, որպեսզի Ստեփանակերտը շատ շուտ ապաքինվի։

Ցուցադրել ավելի
Back to top button