ԿարևորՀասարակություն

Նույնականացվել են Ադրբեջանի կողմից առևանգված հայ քաղաքացիները


Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում երեկ հայտնվեց հայ գերիների մասին նոր տեսանյութը, որտեղ  մի քանի տղաներ կրկնում էին ադրբեջանցիների խոսքերը։ Տեսանյութում առաջինը նկարված  տղամարդը՝ 40–ամյա Դավիթ Իսահակյանն  է։  Կինը՝ Ժաննա Ղազարյանը, տեսանյութից է իմացել, որ ամուսինը ողջ է և գերևարված։

«Իմ ամուսնու հագուստն իրենը չի։ Արդեն պարզ է տեսանյութից, որ խոշտանգումների, կտտանքների, հոգեկան մեծ  ճնշումների է ենթարկվել։ Ես չպետք է նկարագրեմ, թե ինչ է կատարվել նրանց հետ»։

Երեք անչափահաս երեխաների հայրը նոյեմբերի 11–ին սեփական մեքենայով Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքից Գիշի գյուղ  է տեղափոխել տարեց ամուսինների իրենց իսկ խնդրանքով։   

«Արցախ գնացել է Գորիսի կողմով, որովհետև  Գորիսից պետք է վերցներ ամուսինների աղջկան, սակայն վերջին պահին  այդ աղջիկը մտափոխվում է և չի գնում նրանց հետ։  Ես իր հետ  վերջին անգամ խոսել եմ 14։00- ին, երբ Գորայքում էր։ Դրանից հետո ես իր հետ կապ չեմ ունեցել, երեք տարբեր համարներն էլ անհասանելի էին առ այսօր»։

Մինչ տեսանյութի հրապարակումը` կինն ամուսնուն փնտրել է ամենուր՝ հասնելով  նույնիսկ Գորիս։ Սակայն հետքը չի գտել։

«Սարերում,  ձորերում ոչ մի հետք չկար։ Եթե չլիներ այս վիդեոն,  մինչև այսօր ոչ մի մարմին ինձ չի պատասխանել։ Անգամ բացառում էին։ Ինձ համոզում էին, որ Լիսագոր գյուղի մոտից հնարավոր չէ իջնել, վտանգավոր է , դիպուկահարներ են աշխատում։ Այդ տարածքները դեռ մաքրված չեն։ Փաստը մնում է փաստ, որ ամուսինս գերևարվել է, իսկ ուղևորների մասին որևէ տվյալ չկա։ Բայց որքան հասկանում եմ նոյեմբերի 11–ին շատ մեքենաներ առանց որևէ միջամտության նորից գերևարվել են»։  

Ժաննան  դիմել է հնարավոր բոլոր ատյաններ, այսօր էլ եկել է ՄԻՊ գրասենյակ։ Գրասենյակի մոտ  հանդիպեցի հայտնի տեսանյութում իրենց ընկերներին ճանաչած  ևս երեք տղաների։ Գեղամ Դավթյանն ու Էդգար Հակոբյանն գնացել են Ասկերան` իրենց կամավորական ընկերներին հետ բերելու։

«Ամսի 11–ի երեկոյան ենք վերջին անգամ խոսել, դրանից հետո  խոսել ենք, ռուսներն են վերցրել հեռախոսն ու ասել, որ ձուկ են բռնում, գտել են հեռախոսը, ոչնչից տեղյակ չեն»։

Նրանց բոլորին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում անձամբ լսեց Արման Թաթոյանը։ Դրանից հետո վերջիններս շտապեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի  հետ հանդիպման։ Գերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ  տեսանյութում երևացող բոլոր քաղաքացիները նույնականացվել են։

«Նույնականացվել են տեսանյութում  երևացող անձինք, բոլորի տվյալները  մեզ հայտնի են։ Նրանց կարգավիճակը ձերբակալվածի կարգավիճակ է, չեն կարող ունենալ գերու կարգավիճակ։ Ադրբեջանը մարդու իրավունքների շատ  լուրջ խախտումներ է թույլ տալիս»։

Արցախում անհետացած քաղաքացիների ճակատագրով ներկա պահին զբաղվում են ԱԱԾ- ն, ՊՆ- ն, Կարմիր խաչն ու ՄԻՊ-ը։

Ցուցադրել ավելի
Back to top button