ԿարևորՀասարակություն

Երեխաները պե՛տք է սովորեն․ դասերը վերսկսվել են

Միացնում ենք տեսախցիկը, անջատում ենք բարձրախոսը և մեկնարկում է դասը։ Հանրակրթական դպրոցներում նոյեմբերի 13–ին՝ մեկամսյա դադարից հետո վերսկսվել է ուսումնական գործընթացը։ Չնայած կորոնավիրուսին, ռազմական դրությանը, արտաքին և ներքին քաղաքական զարգացումներին՝ երեխաները պետք է սովորեն․

«Երբ առաջին օրը լսեցինք պատերազմի մասին՝ հաջորդ օրը դասի էինք, ես մեծագույն սթրեսի մեջ էի, թե ինչպես եմ դասը անցկացնելու։ Բայց մտանք դասի ու հասկացա, որ ես պետք է տամ երեխաներին այն ուժը, որը նրանք փողոցից, հեռուստացույցի էկրանից չեն գտնի։ Ուսուցիչը պետք է գիտակցի, որ ինքն է այն սթափեցնող և ամրացնող ուժը, որը երեխան փնտրում է ամենուր»։

Թիվ 137 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աստղիկ Արևշատյանը պատերազմի մեկնարկին կարողացավ դաս անել, կարող է և պետք է անի նաև հիմա։ Ինքը դպրոց չի գնալու․ Առկա ուսուցումը միայն տարրական դասարանների աշակերտների համար է․ Իր դասավանդած աշակերտները հեռավար են սովորելու։ Այս մոտեցումը վարակը կանխելու նպատակ ունի, սակայն ուսուցիչը այլ կարծիքի է․

«Առկա կրթությունը ավելի ապահով է, քան այն որ երեխան կարող է 45 րոպե նստել համակարգչի առաջ դաս անել, հետո դուրս գալ փողոց։ Բոլորիս հայտնի է, որ շատ երեխաներ այսօր փողոցու մշատ հանգիստ խաղում են ընկերների հետ, շփվում են։ Երբ գալիս էին դպրոց, իրենք մի քանի ժամ շարունակ ավելի ապահով էին»։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը նշում է՝ հեռավար կրթությունը ավելի ապահով է, քանի որ գոնե կանխում է տրանսպորտային շարժը, ինչը վարակի տարածման մեծ ռիսկեր է պարունակում․

«Հասկանալի է, որ երեխաները դուրս են գալիս, իրար հետ շփվում են, բայց ծնողները պետք է հասկանան, որ կա մեծ ռիսկ և իրենք պետք է կարորղանան հետևեն, որ  երեխաները չվարակվեն վարակը չտարածվի»։

Աստղիկ Արևշատյանը այսօր 4 դաս է ունեցել։ Սկզբում տեխնիկական խնդիրները խանգարել են, բայց, ասում է, հնարավոր է շտկել։ Այլ, կրկին շտկելի դժվարություն ևս կան։

«Կան երեխաներ, ովքեր երբ դասը չեն սովորել, կամ իրենց հաճելի չէ, կամ ուղղակի հավես ունեն էդ օրը դաս անելու շատ հանգիստ կարող են ասել մենք կապի խնդիր ունենք, ես չեմ կարողանում միանալ, կապս կախում է։ Նման դեպքերը անխուսափ են։ Բայց պետք է այնպես անենք, որ երեխան այնքան սիրի ու այնքան սպասի հաջորդ դասին, որ ուղղակի առանց պատրվակի միանա դասին»։

Արտակ Պողոսյանի հետ փորձում ենք ճշտել՝ ինչպես է իրականանանալու դասին մասնակցելուն հաջորդող փուլը՝ գիտելիքի ստուգումը․

«Գիտելիքների հետ ստուգման հետ կապված կա հստակ ցուցում նախարարության կողմից դպրոցները կազմակերպելու են թեմատիկ գրավոր աշխատանքներ և սովորական պրոցեսով տեղի է ունենալու գիտելիք ստուգում, ինչպես միշտ իրականանում է։ Մենք առաջարկել ենք ոչ թե օգտագործել զում գործիքը այլ օգտվել երկու գործիքից՝ գուգլ և մայքրոսոֆթ, որտեղ կան գործիքներ, որոնց միջոցով պատասխանատուները ովքեր պեքտ է վերահսպողություն իրականացնեն՝ կարողանան անել դա»։

Աստղիկ Արևշատյանը պատերազմի առաջին օրերին դաս արեց՝ անհանգստությունը մի կողմ թողած։ Այսօր ավելի մեծ պատրաստակամությամբ է ասում․ երեխաները պետք է սովորեն․

«Պիտի հնարավորինս մոռանանք, փակենք էդ վատ էջը, նոր մտնենք դասարան։ Բայց մոռանալով հանդերձ երբեք չպիտի խաբենք երեխային, այսինքն փաստացի իրականությունը սա է այո, դուք չեք սխալվում, բայց մենք ենք կերտում մեր ապագան, մենք ենք մեր Հայաստանի հենասյուները և մենք պիտի լինենք ուժեղ։ Ես փորձում եմ թե ՛իմ երեխայի, և թե՛ իմ աշակերտների մեջ ջնջել պարտվողի հոգեբանությունը։ Պիտի ցույց տանք մեր ուժը, մեր լուսավորությունը, ես հավատում եմ մեր հաղթանակին, ես հավատում եմ, որ մենք հետագայում ավելի ուժեղ Հայաստան ենք ունենալու և դա շնորհիվ իմ աշակերտների»։

Կորոնավիրուսը, պատերազմը, հաջողություններն ու անհաջողությունները, քաղաքական խժդժությունները կարող են ազդել ամեն ինչի վրա, սակայն կրթությունը պետք է մնա աներեր։ Թեկուզ՝ օնլայն հարթակում։

Back to top button