ԿարևորՔաղաքական

Այն, ինչ այսօր ձեռք է բերվել արյան գնով, կարող էր լինել անարյուն… Լավրով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին հրամանագիր է ստորագրել և հանձնարարել է տարվա կտրվածքով երկու անգամից ոչ պակաս իրականացնել ԼՂ-ում ռուս խաղաղապահների ռոտացիա: Դաշնակից պետության  խաղաղապահներն արդեն մի քանի օր է՝ ժամանում են Հայաստան: Մինչ հայ ժողովուրդն ու հայաստանյան հանրությունը փորձում է ընկալել և հասկանալ, թե ինչ  եռակողմ փաստաթուղթ է համաձայնեցվել Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի ու  Թուրքիայի նախագահների միջև և ինչ հետևանքներ է այն ունենալու, Անկարայից արդեն երկրորդ օրն է էլ ավելի են բորբոքում կրքերը․ երեկ Թուրքիայի նախագահն ասել է, թե թուրք զինվորականները կլինեն Լեռնային Ղարաբաղում և կգործեն նույն հիմքով, ինչ ռուս խաղաղապահները։

Այսօր ՌԴ արտհործնախարարը առցանց ասուլիսի ժամանակ պատասխանել է Անկարային․ ոչ մի թուրք խաղաղապահ Լեռնային Ղարաբաղում չի լինի։ «Թուրքիայի Հանրապետության խաղաղապահ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղ չեն ուղարկվի։ Այս մասին հստակ ասված է «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին» Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հայտարարության մեջ», — հստակեցրել է նա։

Բայց թուրք դիտորդներն, այնուամենայնիվ, խաղաղության մոնիթորինգ  Ղարաբաղի շուրջ  իրականացնելու են։ Թուրքական կողմի այս հայտարարությունը Մոսկվան տարբեր մակարդակներով, այդ թվում՝ Լավրովի շուրթերից, հաստատել է, բայց  հստակեցրել․ Թուրքիայից դիտորդների շարժունակության սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում գտնվող Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնով: Այն չի գործելու Լեռնային Ղարաբաղի անմիջական հարևանությամբ, գործառույթն իրականացվելու է հեռավար տեխնիկական միջոցներով՝ օդում և ցամաքում՝ կանխելու հնարավոր խախտումները։ «Դա կապված չէ հակամարտության գոտում խաղաղապահ առաքելության հետ, ինչը պետք է քաջ գիտակցել։  Ես լսում եմ որոշակի ցանկություններ, բայց այդ ցանկությունները, երևի, պետք է մի կողմ թողնել և կոնկրետ գործով զբաղվել»,- ասել է Լավրովը։

Ռուսաստանի արտգործնախարարն անդրադարձել է հակամարտության բանակցային գործընթացի ընթացքում Մոսկվայի հասցեին հնչած մեղադրանքներին, թե հենց ռուսական կողմին էր ձեռնտու դրա չլուծված լինելը։ Դիվանագետը վստահեցրեց, իր երկրի համար ամենակարևորը աշխարհում  ու անմիջականորեն սեփական սահմանների մոտ խաղաղության առկայությունն է․

«Ռուսաստանը եղել է առաջնորդ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն առաջ մղելու գործում, և դրա վառ ապացույցը հանրահայտ Կազանյան փաստաթուղթն էր, որը կարող էր արձանագրել նույն համաձայնությունները, որ ձեռք են բերվել հիմա, բայց  առանց արյունահեղության։  Ռուսաստանի կողմից առաջարկների պակաս չի եղել։  Մենք այսօր էլ՝  թեև զոհերի գնով և  ուժի կիրառմամբ,  դուրս ենք եկել կարգավորման ուղու վրա, որը առաջ էր մղում  Ռուսաստանը։ Երևի պատմությունը ոչինչ չի սովորեցնում, պարզապես ցավալի է, որ այն ինչ այսօր ձեռք է բերվել արյան գնով, կարող էր լինել անարյուն»,- նշել է նա։

Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյս Ուորլիքը կարծում է, որ բանակցային գործընթացում Երևանին նախկինում առաջարկված փաստաթղերը ավելին  էին, քան այն ինչ հիմա է տեղի ունենում․ Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցային կարգավորումն ավելի կծառայեր Հայաստանի շահերին, քան ներկայիս գործարքը, համոզված է Ուորլիքը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահը  վստահ է․ կողմերը պետք է սկսեն աշխատել խաղաղության վրա, որը չի երաշխավորվում միայն Մոսկվայի կողմից։

«Այո՛, Ռուսաստանն էր, որ միջնորդ եղավ ԼՂ կարգավորման հարցում, և այժմ ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն ու Պետդեպարտամենտը պետք է ներգրավվեն՝ տարածաշրջանում երկարատև անվտանգություն ու զարգացում բերելու համար»,- նշել է դիվանագետը։

Այսօր նաև հայտնի է դարձել, որ  ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչներն առաջիկայում Մոսկվա կժամանեն՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված եռակողմ համաձայնությունը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի  խոսքով՝ Մոսկվան որևէ կերպ չի ցանկանում հեռանալ այդ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերներից՝ ամերիկացիներից և ֆրանսիացիներից: Ավելի վաղ Մոսկվան խոստովանել է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդական առաքելության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից երկուսը՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան չեն մասնակցել փաստաթղթի շուրջ քննարկումներին:

Նախօրեին պաշտոնական Փարիզը, ողջունելով հակամարտության գոտում կրակը դադարեցնելու մասին որոշումը, անդրադարձել էր Փաշինյան-Ալիև-Պուտին պայմանավորվածության տեքստում տեղ չգտած կետերին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին։ «Երկու կողմերի միջև քննարկումները պետք է անհապաղ վերսկսվեն։ Մասնավորապես, նրանք պետք է լուծեն վերջին շաբաթներին հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց վերադարձը և որոշեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը», — հայտարարել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժան-Իվ Լը Դրիանը:

Այսօրվա առցանց ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարարը նաև վստահեցրել է․ Թուրքիան չի միանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների շարքին։

Back to top button