ԿարևորՀասարակություն

Առկա՞, թե՞ հեռավար. ի՞նչ է սպասվում արձակուրդներից հետո

Ռազմական գործողությունների արդյունքում խախտվել է Արցախից 33 հազար երեխայի կրթություն ստանալու իրավունքը: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս երեխաները հնարավորություն չունեն իրենց կրթության իրավունքն իրացնելու մանկապարտեզներում, դպրոցներում, քոլեջներում, բուհերում: Դրանից բացի, նաև ուսումնական հաստատություններում ունենք զգալի ավերածություններ: 

«Վերջին տվյալների համաձայն, շուրջ 61 դպրոց և 10 մանկապարտեզ զգալիորեն վնասվել են: Այն ենթակառուցվածքները, որոնք կրթության իրավունքի վերականգնման հնարավորություն են ընձեռում, լուրջ բարեկարգման անհրաժեշտություն ունեն»։

Կրթության իրավունքի խախտման, և այս իմաստով բռնության թիրախ են դառնում նաև ՀՀ-ի սահմանամերձ համայնքների աշակերտները: Պատերազմական գործողությունների սանձազերծման առաջին իսկ օրվանից, ելնելով անվտանգության նկատառումներից, սահմանամերձ համայնքների երեխաների կրթությունը կազմակերպվեց հեռավար: Շուրջ 10 հազար սովորողներ չկարողացան ուսումնական հաստատություններ հաճախել արդեն իսկ սեպտեմբերի 28-ից: Նրանք ստիպված են հեռավար ռեժիմով  սովորել, այդ թվում նաեւ աշնանային արձակուրդներից հետո։

«Դրանից բացի, մենք ունեցանք դպրոցների թիրախավորման դեպքեր Հայաստանում, մասնավորապես, Գեղարքունիքի մարզում: Մենք տեսնում ենք շարունակական թիրախավորում, բռնություն: Երբ խոսում ենք երեխաների հանդեպ բռնությունից, ապա շատ կարևոր է գիտակցել, որ պատերազմական այս դրությունը մեծապես վտանգում է նրանց իրավունքները: Այս շարունակական բռնությունը, կրթության իրավունքի ոտնահարման հետ մեկտեղ, դպրոցականների հոգեկան առողջության հետ կապված լրջագույն խնդիրներ է առաջացնում: Այսօր ոտնահարված են երեխաների տարրական իրավունքները»։

Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցի դպրոցահասակ երեխաներին կամ ուսանողներին փոխնախարարը խորհուրդ տվեց դիմել պետական որևէ օղակի՝ համայնքապետարան կամ պարզապես մոտակա դպրոց։

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ամեն ինչ արվում է, որպեսզի որևէ աշակերտ կրթական պրոցեսից դուրս չմնա։

Իսկ ահա աշնանային արձակուրդներից հետո տարրական դպրոցները, ամենայն հավանականությամբ, կանցնեն առկա ուսուցման, իսկ մնացած դեպքերում կարող է տարբերակված մոտեցում կիրառվել, այսինքն` կախված դպրոցից եւ բնակավայրից կկազմակերպվի կամ առերես, կամ հեռավար ուսուցում:

Փոխնախարարը նաեւ հայտնեց, որ հաշվի առնելով խնդրի արդիականությունը, քննարկվում է ուսումնական հաստատություններում «Նախնական ռազմական ուսուցում» առարկայի, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության ոլորտում պրակտիկ աշխատանքների մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը:

Back to top button