ԿարևորՄշակույթ

Արցախյան առաջին պատերազմի լուսանկարների վաճառքի հասույթը կուղղվի երրորդ պատերազմի կարիքներին

Կնոջ գլուխը կախ է, քայլը՝ կիսատ, ոտքերը՝ բոբիկ։ Ուր է գնում` չգիտի, դեմքը չի երևում, բայց շարժումը մատնում է չիմացությունը։ Ձեռքերը՝ թևաթափ, ուսին պայուսակ, պայուսակում՝ անցյալ։ Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» շարքի լուսանկարներից մեկն է, փորձում եմ կարդալ պատկերը։

«Ճանապարհ էր, մենք գնում ենք, անընդհատ ընթացքի մեջ ենք, չէ՞, անկախ նրանից առաջ, թե հետ, ես ձգտում էի լույսը․ լույսը, ստվերը, մթնշաղը։ Թվում ա, թե լուսավոր ա առաջին պլանը, մենք գնում ենք, գնում ենք, ինքը նեղվում ա, ճզմվում ա, խավարում ա։ Նպատակս էն ա եղել, որպեսզի նայողը մի քիչ սկսի խորհել, չգիտեմ, Ձեր մոտ չառաջացրե՞ց մի բան», — հարցնում է Գագիկ Հարությունյանը։

Նորից եմ նայում նկարները, այս անգամ «Ես ձգտում էի լույսը․ լույսը, ստվերը, մթնշաղը» բանալի նախադասությունը մտքումս ունենալով։ Ու նկարներում նկատում եմ լույսը․ ճանապարհը, որ գալարվող ժապավենի էր նման, լուսավոր է, ձեռքերը վեր պահած տղամարդը կա՛մ լույսից էր պաշտպանվում, կա՛մ լույսին էր հանձնվում, իսկ դուռը, որ առանց տան կանգուն էր մնացել, արևն էր ձգվում։

«Չի կարող պատմություն չլինել, նույնիսկ ամենավատ լուսանկարիչն էլ ինչ-որ պատմություն ունի, փիսիկ ա տեսել էնտեղ նստած, նկարում ես, գլուխը շոյում ես, էլի պատմություն ա չէ՞։ Հիմա պարզ ա՝ սա էդ մակարդակը չի, ավելի բարձր է»,- ասում է Գագիկ Հարությունյանը։

Լույս, ստվեր, մթնշաղ։ Հերթը ստվերինն է․ ջրափոսում զինվորի ստվեր է, քանդված տան մահճակալների կողքին ստվեր է, պատերազմական նկարներում մարդու ստվերը փոխարինում է մարդուն։  Ցուցադրությունը ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությունն է, նպատակը՝ մշակույթի միջոցով աջակցել զինվորներին։ Աջակցության եղանակը՝ պարզ, ցուցադրության մուտքի տոմսերի, պաստառների ու բացիկների վաճառքի ամբողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» հիմնադրամին։

Լույս, ստվեր, մթնշաղ։ Հերթը ստվերինն է․ ջրափոսում զինվորի ստվեր է, քանդված տան մահճակալների կողքին ստվեր է, պատերազմական նկարներում մարդու ստվերը փոխարինում է մարդուն։  Ցուցադրությունը ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությունն է, նպատակը՝ մշակույթի միջոցով աջակցել զինվորներին։ Աջակցության եղանակը՝ պարզ, ցուցադրության մուտքի տոմսերի, պաստառների ու բացիկների վաճառքի ամբողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» հիմնադրամին։

«Հատկապես այսօր կարևոր է, որպեսզի թիկունքում մշակութային կյանքը կանգ չառնի, որպեսզի մարդիկ կարողանան նաև իրենց առօրյան լցնել արվեստով, իհարկե, քաջ գիտակցելով, որ այսօր շատ ծանր վիճակ է, բայց միևնույն ժամանակ արվեստը այն միջոցն է, որը մեղմում է նույնիսկ ամենածանր ցավը»,- Գագիկ Հարությունյան դուստրն է՝ Սոնա Հարությունյանը։

«Ես ողջունում եմ, ցուցադրվի և ինչ-որ ես էլ իմ լուման ունենամ, սենց հեռվից պուճուր թելի նման գալու է այդ արկղի մեջ մտնի»,- նշում է Գագիկ Հարությույանը։

Հաջորդ նկարում երևացող գրության մի մասը ընթեռնելի է՝ «Ես խոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առաջ, ովքեր Արցախը թուրքաթափ արին։ Եվ համբուրում եմ բոլոր նրանց ոտքերը, ովքեր Շուշին ազատագրեցին․․․»։ «Ղարաբաղ» շարքը ստեղծվել է 1992-1997թթ-ին։ Ներկայացված է 29 աշխատանք։ Պատմությունը, որ լուսանկարներից ոտքը դուրս է հանել ու էլի մտել իրականություն, հավատարիմ է իր անվերջ վերադարձի սկզբունքին։

«Անվերջ վերադարձ»-ը, այսինքն՝ հարցեր, որոնց մենք անընդհատ վերադառնում ենք, պատմական իրողություններ և, բնականաբար, մտքեր, որոնց մենք անընդհատ վերադառնում ենք, էս դեպքում, այո, անվերջ վերադարձ՝ մի հարց, որը կարելի է ասել 1915թ-ից անընդհատ մեզ հետ է, այսինքն՝ դա մեր հողերի, դա մեր հայրենիքի, դա մեր պետականության հարցերն են»,- ասում է Սոնա Հարությունյանը։

Վարպետը մտքով հետ է գնում, հատուկենտ նկարներից պատմում, բայց պատերազմից խոսել չի ցանկանում, ասում է՝ լուրջ թեմա է, նույնիսկ առաջին բանը, որ մտքիդ գալիս է, պետք է երկար մտածես, վերլուծես․

«Էնքան է եղել գնացել եմ, ոչ մի բան էլ չեմ նկարել, որովհետև դե չեմ հանդիպել էդ պահին, բայց եղել ա գնացել եմ, էնքան բան եմ նկարել, որը նույնիսկ շատ ա, երբեք չէի սպասի, թե էդքան շատ կնկարեմ։ Շուտ եմ հոգնում հիմա, շատ շուտ եմ հոգնում ու խոսել չեմ կարողանում, հիմա էլ դժվարությամբ եմ Ձեզ հետ խոսում»,- խոսքն ամփոփում է Գագիկ Հարությունյանը։

Վարպետին հանգիստ եմ թողնում, վերադառնում՝ կնոջ նկարի մոտ։ Նկարից դուրս քայլերը երևի մոտեցրել են հորիզոնում սպասող մթնշաղին։ Բոլոր նկարները չեմ կարդալու, ռեպորտաժը դրա համար սահմանափակ տարածք է, մինչդեռ Գեղագիտության ազգային կենտրոնում կամ Աբովյան 13-ում ցուցադրվող նկարները մինչև նոյեմբերի 30-ը սպասելու են հայացքների, որոնք կկարդան պատերազմի ստվերի, մթնշաղի ու հատկապես լույսի մասին։

Back to top button