ԿարևորՀասարակություն

Հրետակոծությունը չի ստիպի Դավիթ Բեկի բնակիչներին լքել գյուղը

Վերջին օրերին թշնամին ինտենսիվորեն հրետակոծում է Հայաստանի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրը․ կան վիրավորներ, ավերածություններ։ Չնայած հրետակոծությունները շարունակվում են, բայց տեղի բնակիչները մտադիր չեն լքել գյուղը։

Թշնամին հրետանային միջոցներից կրակ է արձակում Սյունիքի Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ։ Հրետակոծությունը ուղղված է խաղաղ բնակչությանը։ Մարտական գործողությունները շարունակվում են՝ թողնելով ավերածություններ։

Բնակիչ Աննա Մնացականյանն է հևիհև պատմում․ «Հոկտեմբերի 30-ն էր, տանը մի քանի կանանցով հավաքվել էինք, որ զինվորների համար ճաշ եփենք։ Պատրաստել էինք, լցրել համապատասխան ամանների մեջ, ու պետք է գային, տանեին։ Ասացի՝ հերթով գնացեք ապաստարան, վտանգը կար ամեն դեպքում։ Այնպես արեցինք, որ մի օգտակար բան անենք զինվորների համար։ Բոլորը գնացին, տանը մնացինք ես ու սկեսրայրս, միանգամից ձայնը, ապակիների ջարդը, նայեցի ներքևից մեր պատուհանները, հարևանների պատուհանները, տան մի մասը դուռը»։

Դավիթ Բեկի բնակիչ Երեմի մեքենան նույնպես վնասվել է։ Երեմը ռազմաճակատում է, հոր՝ Արամայիս Միքայելյանի հետ զրուցելուն խանգարեց հերթական համազարկը։ Ստիպված եղանք զրուցել շատ թե քիչ պաշտպանված այլ տեղ։

«Խփել է մեր տան ու Յուրիկի տան արանքը, եկա տեսա ավերակ։ Մեքենան այնտեղ կանգնած էր։ Վախեցել էինք, բայց սովոր ենք ամեն դեպքում։ Հաղթելու ենք»։

Դավիթ Բեկի վարչական ղեկավար Բենիկ Պողոսյան․ «Այս պահին ընթանում են հերթական մարտերը, գնդակոծությունները՝ Դավիթ Բեկի վրա։ Մի 10 տուն գնդակոծվել  է, պատուհանները ջարդված են։ Մեր համագյուղացիներից, կամավորականներից մեկը զոհվել է, վիրավորներ ունենք թեթև։ Մենք հետ չենք գնա հաստատ, մեր սահմանները կպահենք, ի վերջո հաղթելու ենք, Դավիթ Բեկի արծիվներն իրենց սահմանը հաստատ չեն տա թուրքին»։

Չնայած թշնամին թիրախավորում է խաղաղ բնակչությանը, այնուհանդերձ գյուղացիները մտադիր չեն լքել գյուղը։ ․

«Վախենում ենք, բայց չենք հուսահատվում, ուժեղ ենք մնալու, այստեղ էլ ապրելու ենք», — ասում է Նինա Ղոնյանը:

Նարինե Օհանջանյանը նույնպես իր տունը լքել չի պատրաստվում։

«Ամեն մի կրակոցից թռնում ենք, բայց ինչ էլ լինի, մենք այստեղ ենք, չենք լքելու գյուղը։ Թեկուզ այսքանով էլ լինենք, չենք գնալու։ Ես երեկ լոբի եմ մաքրել, դասավորել նույնիսկ բուրդ եմ մշակել այս կրակոցների տակ։ Չէ, չենք վախենում, չենք թողնի գյուղը»։

Անահիտ Մուրադյանն էլ 43 տարվա բուժքույր է, թոշակի է անցել, բայց այս օրերին կրկին անցել է մասնագիտական աշխատանքին․երկու վիրավորի է օգնել։

 «Կարևորը, որ այդ պահին չենք հուսահատվում, մեր գործն ենք անում։ Խոսելիս կարող է ինչ-որ առումով դժվարանանք, չկարողանանք մեր գործը պատմենք, բայց երբ կանգնում ես փաստի առաջ՝ վիրավորը քո դիմաց պառկած, ընկած է, դու ուժեղանում ես, մի ուրիշ ուժ է գալիս։ Հավատում եմ, որ սահմանին կանգնած զինվորն էլ նույն կերպ է մտածում։ Այդ ժամանակ թշնամին իր առջև է, ուզի թե չուզի ուժեղ պիտի լինի, և այդ ուժը՝ գերբնական, գալիս է»։

Դավիթ Բեկի բնակիչները վստահ են, որ այս արհավիրքը շուտով ավարտվելու է, հավատով են ներշնչված, վկայությունը գյուղի Սուրբ Գայանե եկեղեցին է։

Back to top button