ԿարևորՔաղաքական

Կողմերը խաղաղ բնակչությանը չթիրախավորելու պայմանավորվածություն են ձեռք բերել․ ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը

 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) այսօր հայտարարություն են տարածել։

Հայտարարության մեջ ասված է․

«Հոկտեմբերի 30-ին Ժնեւում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առանձին և համատեղ հանդիպում են ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և ԿԽՄԿ նախագահ Պիտեր Մաուրերի հետ:

Համանախագահները մեկ անգամ ևս կոչ են արել կողմերին ամբողջությամբ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը` համաձայն հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարության, որը կողմերը վերահաստատել են Փարիզում հոկտեմբերի 17-ին և Վաշինգտոնում՝ հոկտեմբերի 25-ին:

Առանց վնասելու հրադադարի կամ այլ պարտավորությունների կատարմանը, կողմերը պայմանավորվել են անհապաղ կատարել մի շարք քայլեր, ներառյալ.

  • Կողմերը կանխամտածված չեն թիրախավորելու քաղաքացիական բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտները` համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի:
  • Կողմերը ակտիվորեն ներգրավվելու են գերիներ և դիերի դուրսբերման և փոխանակման իրականացմանը` ԿԽՄԿ-ին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին տրամադրելով անհրաժեշտ անվտանգության երաշխիքներ:
  • Կողմերը մեկ շաբաթվա ընթացքում ԿԽՄԿ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին կփոխանցեն ներկայումս պահվող ռազմագերիների ցուցակը` մուտքի ապահովման և վերջնական փոխանակման նպատակով:
  • Կողմերը գրավոր կտրամադրեն մեկնաբանություններ և հարցեր` կապված հրադադարի հաստատման հնարավոր մեխանիզմների հետ` համաձայն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետի:

Կողմերը մտքերի բաց և առարկայական փոխանակման մեջ են մտել՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետի համաձայն համապարփակ լուծման առանցքային տարրերի վերաբերյալ իրենց բանակցային դիրքորոշումների հստակեցմանը:

Համանախագահները կշարունակեն ինտենսիվորեն աշխատել կողմերի հետ ՝ հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու ուղղությամբ»:

Ցուցադրել ավելի
Back to top button