ԿարևորՔաղաքական

Հայկական կողմը հստակ օրակարգով է մեկնել Ժնև

Ղարաբաղյան պատերազմի հարցով մեկ օրով հետաձգված հանդիպումը Ժնևում տեղի ունեցավ այսօր։ Երևանի ժամանակով ցերեկը ժամը 2–ի սահմաններում սկսվեց ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Հանդիպումը դռնփակ էր, բայց նախապես հայտնի էր, թե ինչ օրակարգով է Շվեյցարիա մեկնում հայկական կողմը։

Արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյան․ «Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցումն է, համաձայն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10–ին։ Եվ մեզ համար առաջնայինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է և դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով։ Հենց այդ օրակարգի շուրջ ենք մենք մեկնում Ժնև»։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես աշխատանքային այցով Ժնևում է։ Սեպտեմբերի 27–ից սկսած ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մի քանի հանդիպում արդեն ունեցել են կողմերի հետ։ Այսօր Ժնևում առանձին–առանձին հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Գրեթե մեկ ժամ առաջ՝ Երևանի ժամանակով 5–ի սահմաններում սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդումը։

Հանդիպումից առաջ միջնորդների մտադրությունները բացահայտեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Օրակարգում են նաև մարդասիրական միջազգային իրավունքին առնչվող հարցեր»,-հաստատեց Զախարովան՝ հավելելով․

«Մոսկվայում հոկտեմբերի 10–ին ձեռքբերված  պայմանավորվածությունների իրականացումն է՝ կրակի դադարեցումը, գերիների և դիակների փոխանակումը»։   

Հանդիպումից առաջ նաև համանախագահներն էին ձևակերպել Ժնևի հանդիպումների նպատակը։ Վաշինգտոնյան հանդիպումից հետո քննարկել, համաձայնեցնել և դեռևս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսել իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին համապատասխան հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այստեղ արդեն Հայաստանում վստահ չեն, թե որքանով Ադրբեջանի ղեկավարը հավատարիմ կլինի հայտարարված սկզբունքներին։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան․

«Մի հատ հասկանանք վերջապես՝ պարոն Ալիևը ինչ է ուզում։ Եվ հասկանանք՝ ինքն է ուզո՞ւմ, թե՝ Էրդողանն է ուզում, որովհետև այստեղ, այս գործողությունների մեջ ամեն ինչ խառնվել է իրար։ Ոնց որ թե պարոն Ալիևը իր իշխանությունը, կառավարումը հանձնել է պարոն Էրդողանին, որովհետև կարևորագույն հարցերով Էրդողանն է խոսում միջազգային կառույցներում իր «եղբոր» փոխարեն։ Տեսնենք՝ դեպքերը ոնց կզարգանան, բայց այդ ամենը կախված է մեր ժողովրդի կերտած հերոսապատումներից, և մեր հավաքական ուժի շնորհիվ բանակցություններում մենք մեր կամքը կթելադրենք»։  

Ռուսաստանի արտգործնախարարության դիրքորոշման համաձայն՝ կողմերը պետք է հասկանան, որ հակամարտության քաղաքական–դիվանագիտական լուծումը այլընտրանք չունի։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիրը շարունակում է կոչով դիմել «արտաքին խաղացողներին» ամեն ինչ անել՝ բացառելու ռազմական գործողությունների հետագա զարգացումները։

«Մոսկվան խորապես անհանգստացած է  շարունակվող ռազմական գործողություններից և դրանցում Մերձավոր Ալևելքից վարձկանների ավելացող ներգրավումից։ «Պատերազմական ծախսերը արդեն զգալի հետևանք են թողնում նաև հակամարտող կողմերի տնտեսությունների և հասարակությունների վրա»,-ասում է Զախարովան։

Մոսկվան՝ ի դեմս արտգործնախարարության երեկ ևս մեկ անգամ հայտարարեց բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին՝ ԵԱՀԿ ՄԽ–ի ձևաչափի շրջանակներում։

Ինչ որոշում էլ, որ այսօր ընդունվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումից հետո, բնական է, որ Երևանում և Արցախում սպասելիքները մեծ չեն։ Թերահավատությունը թերևս կապված է մարդասիրական հրադադարի նախորդ երեք փորձերի ձախողման հետ։

Back to top button