ԿարևորՄիջազգային

Լուռ բողոք ՄԱԿ-ի լռության դեմ․ Նյու Յորք, Վիեննա, Ժնև

Ամերիկյան հորդարատ անձրևը չի ստիպել հայերին լռել ու դադարեցնել արդարության պահանջի տեղատարափը։ Նյու Յորքում, հակառակ եղանակային վատ պայմաններին, տեղի հայերը հավաքվել են ՄԱԿ–ի գլխավոր գրասենյակի մոտ։ Հայաստանի, Արցախի դրոշներով ու պաստառներով ու անձրևանոցներով հավաքի մասնակիցները պահանջել են ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Ամերիկահայերը կոչ են արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, դադարեցնել Ադրբեջանի կողմից բոլոր հարձակումներն Արցախի ու հայ ժողովրդի դեմ, իսկ ՄԱԿ-ի հակաահաբեկչական գրասենյակին հորդորել են դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահաբեկիչների հավաքագրումն ու ներգրավումը Արցախի դեմ մղվող պատերազմում: Ցուցարարները պահանջել են նաև հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախի խաղաղ բնակչությանը: Հայերի լուռ ակցիան ուղեկցվել է դուդուկի երաժշտությամբ:

Բողոքի հավաք էր կազմակերպել նաև Վիեննայում ՄԱԿ- ի գրասենյակի մոտ։ Արցախի դրոշներով, թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող պաստառներով ու հայկական դուդուկի մեղեդու ներքո հայ համայնքի ներկայացուցիչները դատապարտել են ՄԱԿ-ի անդամ երկրների հանցավոր լռությունը Արցախում կատարվող ոճրագործության նկատմամբ: Լուռ հավաքը եզրափակվել է Տերունական աղոթքով:

Թուրքական ագրեսիան առաջնագծում ու Սփյուռքում

Ժնևում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի դիմաց բողոքը նույնպես լուռ էր:«Լռությունը աջակցում է ահաբեկչությանը». «Ձեր աչքի առաջ տեղի է ունեմ հայոց երկրորդ ցեղասպանությունը», «Օգտագործեք ձեր ձայնը՝ վերջ դնելու ագրեսիային» «Արթնացի՛ր, Եվրոպա», «Արցախը խաղաղություն է ուզում», և այլ գրությամբ պաստառներով ակցիայի մասնակիցները, սև զգեստներ հագած, իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ պահանջելով դատապարտել թուրք ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ և վերջ դնել հայ ժողովրդի նկատմամբ կատարվող հանցագործությանը: Հայ համայնքի ներկայացուցիչները իրենց պահանջները շարադրել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսին ուղղված նամակում:

Բողոքի ակցիաները չեն շրջանցել  նաև գերմանական Հալե քաղաքը։ Հալեի գլխավոր հրապարակում տեղի հայ համայնքը հայկական խմորեղենի վաճառք էր կազմակերպել, գոյացած հասույթը գերմանահայերը փոխանցելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Ակցիայի մասնակիցները «Կանգնեցրեք Ալիևին», «Կանգնեցրեք ագրեսորին» վանկարկումներով ու ելույթներով փորձում էին տեղաբնակներին իրազեկել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Օվկիանոսից այն կողմ էլ հարյուրավոր հայեր ցույց են արել Կալիֆորնիայի Հոթորն քաղաքում SpaceX-ի կենտրոնակայանի դիմաց՝ ընդդեմ Թուրքիայի կառավարության հետ ընկերության արբանյակային գործարքի: Բողոքի ակցիա իրականացնողները հավատացած են, որ արբանյակը Թուրքիայի կառավարության կողմից կարող է օգտագործվել ռազմական նպատակներով: Ավելի վաղ աշխարհի տարբեր ծայրերից հայերը SpaceX- ին ուղղված էլեկտրոնային նամակների արշավ էին սկսել: SpaceX-ի աշխատակիցների էլեկտրոնային փոստերը հեղեղվել են նամակներով` կոչ անելով ընկերությանը չեղյալ հայտարարել Թուրքիայի կառավարության հետ կնքած գործարքը՝ դրանով իսկ չօգնելով Էրդողանի ռեժիմին:

Շառլ Ազնավուրի ավագ դուստր Սեդա Ազնավուրն էլ նախօրեին ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ձեր չեզոքությունը սպանում է մեզ» գրությամբ պաստառ եւ գրել․ «It’s time to act» «Գործելու ժամանակն է»։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button