ԿարևորՀասարակություն

Մեր ԶՈւ-ին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ գրանցել․ Հովհաննիսյան

Այսօր մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի ողջ երկայնքով, բայց ոչ մեծ ինտենսիվությամբ։ Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի ռազմական գործողություններ։

«Մեր զինված ուժերին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ գրանցել»,- նշել է Հովհաննիսյանը։

Բացի դրանից, Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերում անտառային զանգվածի, փոքր բնակավայրերի հարակից տարածքներում շարունակվում են մարտական գործողությունները։

«Այսօր դրանք ընթացել են Ավետարանոց և դեպի Սղնախ գյուղի տարածքին ու հարակից բլուրների ու անտառային զանգվածներում։ Դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով, նրանց դեմ պայքարը ենթադրում է առանձին մարտավարություն, ինչը սովորական համազորային մարտի կամ 5-րդ սերնդի պատերազմին բնորոշ մարտեր չեն»,- ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։

Նա հիշեցրել է, որ օրվա ընթացքում շարունակվել են նաև Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները։

«Կիրրառվում են հիմնականում հրետանային, հրթիռային միջոցներ»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

Back to top button