ԿարևորՀասարակություն

«Հո՛գ տար» արցախցի մեր հայրենակիցների մասին

«Մեզ համար 2020-ը շատ կարևոր տարի էր․ մենք 3 լուրջ ձեռքբերում պիտի ունենայինք՝  նախագիծը, որ մի անգամ հաջողված էր, երկրորդ անգամ պիտի հաջողեինք, պիտի ամուսնանայինք, ու պիտի տուն ձեռք բերեինք»:

Դիանա Հարոյանն է՝ ջահել, եռանդուն, սիրահարված կյանքին, հայրենիքին ու Համլետին: Իր պլաններով արդեն հարսի շորով պիտի անցած լիներ եկեղեցու խորան տանող ճանապարհը: Բայց Քովիդը, հետո արդեն պատերազմը իր համար այլ երթուղի էին նախատեսել. Սկզբում՝ հիվանդանոցից հիվանդանոց, հիմա՝ Ֆուչիկի փողոցից Հալաբյան փողոց․

«Ամսի 27-ին արթնացանք ու պարզվեց՝ պատերազմ է: Համլետն ասաց, որ ինքը առավոտյան գնում է զինկոմիսարիատ, նույն կերպ Արթուրը, ու մենք ասեցինք, եկեք պատկերացնենք, որ դուք սպասում եք մինչ ձեզ կկանչեն, ու էդ սպասելու ընթացքում անում եք գործ»:

Հենց այսպես Դիաննան, Համլետը, իրենց ընկերը` Արթուրն ու իր կինը՝ Սոնան, որոշեցին հոգ տանել Արցախից Հայաստան տեղափոխվող ընտանիքների մասին ու ստեղծվեց «Հոգ տար» սոցիալական նախաձեռնությունը: Խոսեցին սննդաբանի հետ, հասկացան՝ ինչ է պետք մարդուն 7-10 օր ապրելու համար ու գործի անցան.

Դիանան արկղերն է ցույց տալիս․ «էստեղ հիգիենայի պարագաները, միրգ-բանջարեղենն է՝ 7 կգ, էս մյուսը պարենային ապրանքներն են՝ ձեթ, ձու, ոսպ, հնդկաձավար, էլի ինչ-որ բաներ, որ ես չեմ հիշում։ Սա ավելի ծանր ա՝ 15 կգ»:

Արկղերը գրավում են Հալաբյան փողոցի մի հատվածը: Օրը մեջ դրանք շարվում են իրար կողքի, լցվում սնունդով, հիգիենայի պարագաներով ու ուղևորվում Երևանի ու հարակից մարզերի տարբեր կետեր: Դիանան արխիվն է ցույց տալիս, որում արդեն 2000-ը գերազանցող հասցեներ կան: Ասում է՝ եղել է օր, երբ 186 արկղ է հասել հասցեատիրոջը.

«Ամենակարևորը կամավորներն են․նախաձեռնողները մի կողմ, բայց կամավորները շարժիչ ուժն են։ Էնպիսի մարդիկ են ամեն օր էստեղ գալիս․ տատիկներ, երեխաներ, վարորդները գալիս են, իրենց մեքենաներով հասնում են Արարատի հեռու գյուղեր, գիշերով, էն որ ոչ նորմալ հասցե կա, բայց իրանք էդ պատասխանատվությունը վերցնում են ու գնում են»:

Համլետն է զանգում․ գործով։ Ու մինչ իրենք քննարկում են օրվա անելիքները, ես քայլում եմ տասնյակ արկղերի արանքներով, ծանոթանում տարածքին, ուր ամեն օր ընթանում է կամավորական այս եռուզեռը: Տարածքը Համլետի ընկերոջն է՝ Արամինը: Երկու ամիս առաջ որպես տպագրատուն է բացել, արդեն մեկ ամիս ծառայում է որպես նախաձեռնության շտաբ.

«Եկեք ցույց տամ, էս իրենց հանդիպումների սենյակը պիտի լիներ, բայց հիմա դարձել է պահեստ։ Էսպես, ժողովների սենյակ՝ տաքդեղի հոտով»:

Նախաձեռնությունը գործունեության սկզբից՝ հոկտեմբերի 2-ից, համագործակցել է պետական կառույցների հետ: Այսօր այդ համագործակցությունն ավելի է խորացել: Այսպիսով` Արցախից եկած ընտանիքները օգնություն ստանալու համար արդեն պիտի դիմեն թաղապետարաններին, որոնք էլ «Հոգ տար»-ի հետ միասին շատ արագ կկազմակերպեն գործընթացը:

Պատերազմն արագություն է սիրում: Այն արդեն ամենուր է: Եկել է, փոխել պլաններ, առօրյա ու մտածողություն.

«Ես ահավոր պացիֆիստ եմ, հիշում եմ հուլիսին, երբ մարդիկ գրում էին, որ լավ է, որ իրենց զինվորները զոհվում են, ես ինստագրամում ինչ-որ սթորիներ էի անում, որ ժողովուրդ, էկեք չուրախանանք հակառակորդի զոհերից։ Հա, իրենք մեր թշնամիներն են, բայց պետք չի ուրախանալ։ Իսկ ես էսօր պնդում եմ, որ պիտի՛ ուրախանալ իրենց զոհերից, որովհետև միակ ելքը իրանց ոչնչանալն ա։ Այ էդքան ա իմ միջի պացիֆիստը մեռել ու ես ուրախ եմ, որ ինքը մեռել ա»:

Դիանան, Համլետը, Արթուրը, Սոնան, Արամը, հարյուրավոր ընկերներ, կամավորներ, աջակիցներ որոշել են սպասելու ընթացքում ինչ-որ կարևոր բան անել: Եթե կարող են՝ հոգ տանել մեկի, երկուսի, իսկ իրականում՝ հազարավոր հայրենակիցների համար: Նրանք բոլորը հավատում են՝ հիմա միավորվել ու գործել է պետք:

Իսկ հաջողել նախատեսած ծրագիրը, ամուսնանալ, տուն գնել դեռ կհասցնեն. հաղթանակից հետո:

Back to top button