ԿարևորՄիջազգային

Թուրքական ագրեսիան առաջնագծում ու Սփյուռքում

Ֆրանսիական Լիոն քաղաքի փողոցներում  «Ուր եք, հայեր» վանկարկումներով և ատելության խոսքով թուրքերը փորձել են թիրախավորել հայկական խանութներն ու սրճարանները: Հայերի նկատմամբ  սադրանքներ եղել են նաև Վիեն քաղաքում, որտեղ թուրքերը հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա։

Արդեն երկրորդ օրն է, աշխարհում բախվում են հայկական պահանջն ու թուրքական սադրանքը։ Խաղաղության հայկական կոչերի կողքին թուրքական ագրեսիան է ոչ միայն առաջնագծում, այլև Սփյուռքում։

Սադրանքներ եղել են նաև օվկիանոսի հակառակ ափին․ ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում խաղաղ ցույցի ընթացքում են հայերը ենթարկվել հարձակման։ Բախման արդյունքում 2 հայ դանակահարվել է։ Այս մասին հայտնում են Սփյուրքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Նաև կոչ են անում մեր հայրենակիցներին զգոն լինել, չտրվել սադրանքների և համագործակցել տեղական իրավապահ մարմինների հետ: Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմը սահմանից տեղափոխում են երրորդ երկրների տարածք և սկսում սադրիչ գործողությունների արշավ:

Ֆրանսիայում բախվում են հայկական պահանջն ու թուրքական սադրանքը

Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս միացավ զգոնության ու զգուշության կոչին՝ շեշտելով, որ անթույլատրելի է կոնֆլիկտը ճակատամարտից տեղափոխել այլ վայրեր։

«Պատերազմն ընթանում է ռազմաճակատում, դրանից դուրս չենք կարող վտանգել հայության խաղաղ կենսակերպը: Մի տեղ մի մարդ կլինի, մի տեղ հինգ մարդ, սա շատ վտանգավոր է, մենք դա տեսել ենք հուլիսյան դեպքերից հետո, որը մի կերպ կանգնեցվեց, հիմա նույն բանի կրկնությունը մենք չպետք է թույլ տանք»,– ասաց Էդմոն Մարուքյանը։

Սադրանքի առաջին միջադեպն արձանագրվել էր երեկ Ֆրանսիայում՝ դեպի Վալանս տանող մայրուղու վրա։ Դրան արձագանքել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը՝ խստորեն դատապարտելով հայ խաղաղ ցուցարարների դեմ ռասայական խտրականության հողի վրա իրականացված հարձակումը, որի արդյունքում կան տուժածներ և մարմնական վնասվածքներ ստացածներ։ Այս մասին դեսպանությունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

«Բռնության յուրաքանչյուր դրսևորում, առավել ևս՝ խաղաղ ցույց անող քաղաքացիների նկատմամբ, որևէ պարագայում չի կարող ընդունելի լինել։ Միևնույն ժամանակ, դեսպանությունը կոչ է անում Ֆրանսիայում բնակվող ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին չտրվել որևէ սադրանքի՝ հավատարիմ մնալով ֆրանսիական օրենսդրության պահանջներին»,- նշվում է հայտարարությունում։

Միջադեպի արդյունքում տուժած տղան արդեն լավ է։ Բայց պետք է զգուշանալ թուրքերի և ադրբեջանցիների հետ բախումներից՝ սադրանքներից խուսափելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ֆրանսահայ Ստելլա Դավթյանը, որն ականատես է եղել երեկ թուրքերի կողմից հայերի վրա հարձակվելու միջադեպին:

«Այն, ինչ երեկ տեղի ունեցավ, նշան էր այն բանի, որ իրենք իրենց ձեռքով փոսն ընկան: Կոչ եմ անում, որ բոլոր հայերը ռադիկալ քայլերի չդիմեն, մեր քայլերը պետք է լինեն խելացի: Թե՛ դեսպանատան, թե՛ ոստիկանության կոչն այն է, որ սադրանքների չտրվենք, դուրս չգանք փողոցներ, չպատասխանենք թուրքերին իրենց ձևով: Նրանք հիմա ամեն հնարավորություն են փնտրում, որ մեզ հետ խնդիր ունենան, պիտի թույլ չտանք, որ պատմությունը փոփոխեն ու ասեն, որ հայերն են սկսել»,– ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է Ստելլա Դավթյանը:

Իսկ Հարավային Ամերիկայում կրքերն ավելի հանգիստ են, բայց հայկական բողոքը շարունակվում է։ Արգենտինայում գործող հայկական միությունների և հաստատությունների ներկայացուցիչները  բողոքի երթ են իրականացրել դեպի Իսրայելի դեսպանատուն, որի դիմաց տեղի է ունեցել լայնամասշտաբ հանրահավաք: Ցույցի մասնակիցները կոչով դիմել են Իսրայելի ներկայացուցիչներին՝ պահանջելով աջակցություն չցուցաբերել Ադրբեջանին և բարձրաձայնելով, որ Ադրբեջանն օգտագործում է իսրայելական զենքը հայ ժողովրդի դեմ:

«Հայ ժողովուրդն ու հրեա ժողովուրդը եղբայրացել են պատմական նույն ողբերգությամբ: Պահանջում ենք Իսրայելի կառավարությունից կասեցնել զենքի և ռազմական տեխնոլոգիաների վաճառքն այն երկրներին, որոնք ցանկանում են ևս մեկ ցեղասպանություն իրականացնել»,- ասել են ցույցի մասնակիցները:

Զգոնության ու զգուշության կոչերի կողքին նյու–յորքաբնակ հանրահայտ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը, որը մեկ ամիս է, ինչ Հայաստանում է, հերթական անգամ կոչով ու պահանջով դիմել է միջազգային հանրությանը՝ շեշտելով, որ եկել է Արցախի անկախությունը ճանաչելու ժամանակը: «Արդեն 31 օր է, ինչ ամեն րոպեն տարի է թվում: Յուրաքանչյուր հայ խաղաղություն է ուզում»,- գրել է Ձիթողցյանը՝ հորդորելով կանգնեցնել ագրեսորներին՝ Էրդողանին և Ալիևին:

Ցուցադրել ավելի
Back to top button