ԿարևորՀասարակություն

Վերհիշել ռազմագիտության դասը. քաջարանցի կամավորները պատրաստվում են առաջնագիծ մեկնելու

Քաջարանցի կամավորները կոչ են անում իրենց օրինակով ինքնակազմակերպվել և այս օրհասական պահին կանգնել սահմանին և պաշտպանել հայրենիքը։ Նրանք ուսումնական վարժանքներ են անցկացնում։

Հանրապետության հարավում ենք՝ Սյունիքում։ Վարժարանի տարածքում քաջարանցի ազատամարտիկները վերհիշում են իրենց ռազմական մասնագիտության դասերը, իսկ նորեկները ամեն ինչ սկսում են սովորել սկզբից՝ զենքին ծանոթանալուց մինչև լիարժեք տիրապետելը։

Շարքային Նարեկ Աթայանը անվտանգության կանոնները սերտել է, սպասում է, որ օր առաջ միանա առաջնագծում գտնվող հայրենիքի պաշտպաններին։

«Ընդհանրապես պալիգոններին շատ եմ մասնակցել, բայց որ պետք է մասնակցենք մարտական գործողությունների՝ առաջին անգամ է։ Մարտական ոգին լավն է, պատրաստվում ենք, լավ պատարստ ենք, ուժեղ ենք, գնում ենք ընկերներին օգնելու»։

Տղաներին վերապատրաստողներից մեկը պահեստազորի սպա Բժշկյանն է, ում խոսքով այժմ խնդիրը վարժանքների ավարտից հետո մարտունակ դասակներ ու ջոկեր կազմելն է։

«Մենք արդեն երկու անգամ տարբեր փուլերով եղել ենք տարբեր տարածքներում, կատարել ենք մարտական խնդիրներ։ Մեր նպատակն է հին տղաների հետ փորձի փոխանակում կատարել, նորեկներին տալ մեր գիտելիքը»։

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի խոսքով, կամավորների հետ առաջին իսկ օրվանից համախմբվել են ու մեկնել առաջնագիծ, մոտ 15 օր Արցախի հարավում էին, իսկ երբ հայտարարվեց աշխարհազոր ստեղծելու մասին, անմիջապես ինքնակազմակերպվեցին։

«Ես կոչ արեցի մեր ժողովրդին, որպեսզի ավելի զգոն լինեն, որպեսզի էլ ավելի ամուր տեր կանգնեն իրենց հող ու ջրին, տեր կանգնեն մինչև վերջ։ Ժողովուրդ ջան, մեր օրինակով  բոլորդ ինքնակազմակերպվեք, բոլորդ մեկնեք դիրքեր»։

Սյունիքի դարպասները երբեք չի բացվել թշնամու առաջ։ Լեռների ժողովուրդը կուռ բնավորության տեր է, թիկունքն էլ՝ ամուր։ Հաղթելու ենք։

Back to top button