ԿարևորՄիջազգային

Ֆրանսիայում բախվում են հայկական պահանջն ու թուրքական սադրանքը

Ֆրանսիական A7 մայրուղին ամբողջ երկայնքով եռագույն է. դեպի Վալանս տանող ճանապարհը Ֆրանսիայում ապրող հայերը երկկողմանի փակել են ։ Նրանք դարձյալ  ուշադրություն են հրավիրում և պահանջում են համարժեք արձագանքել Արցախում թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիային:

«Մեր կոչը միայն մեկն է ճանաչել Արցախի անկախությունը և կանգնեցնել պատերազմը։ Մենք կոչ ենք անում Էմանուել Մակրոնին, կոչ ենք անում ամբողջ Եվրոպային, կոչ ենք անում և պարտադրում ենք կանգնեցնել պատերազմը, այս ահաբեկչությունը»,- ասում է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ֆրանսահայերը նաև պահանջում էին տեղի հեռուստաալիքներով ուղիղ եթեր ապահովել, որպեսզի նաև  այդ տարբերակով իրենց բողոքն արտահայտեն: Նրանք նշում էին, որ իրենց ուժերի ներածին չափով պատրաստ են անել ամեն ինչ, որպեսզի միջազգային հանրությունը ոտքի կանգնի: Մինչ հայ ցուցարարները Ֆրանսիայից և ամբողջ Եվրոպայից պահանջում էին կանգնեցնել պատերազմը,  ակցիայի  ժամանակ միջադեպ գրանցվեց․ բախումը մայրուղին փակած հայ ցուցարարների և խցանման մեջ հայտնված թուրքերի միջև էր։

«Մենք խաղաղ ցույց էինք անում, խցանման մեջից 3 թուրք դուրս եկան և մուրճերով հարձակվեցին մերոնց վրա»,– ասում է ցուցարարներից մեկը։

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան, առաջին բուժօգնությունը ցույց տվել տուժածներին, ապա հոսպիտալացրել են տուժածներից մեկին: «Մեր ընկերոջ գլխին են հարվածել, բայց համապատասխան պատասխանը ստացան․ նրանք էլ բուժօգնության կարիք ունեն»։

Ի վերջո , ֆրանսահայերը որոշեցին բացել մայրուղին կրքերն ավելի չբորբոքելու համար։ Սակայն մինչև վերջին պահը հայերի կոչը չէր լռում։ «Արցախը մե՛րն է», «Հաղթելո՛ւ ենք», «Ալիևը դիկտատոր է», «Էրդողանը և Ալիևը ահաբեկիչներ են», «Ճանաչում», «Հայ զինվոր, մենք քեզ հետ ենք», «Փա՛ռք հայոց բանակին»։

Ֆրանսիայից դեպի հարավ–արևելք՝ Հունաստանում  սփյուռքի նախաձեռնությունն այլ  բովանդակություն է ունեցել․ «Հայ դատի» հանձնախմբի անդամ Հովիկ Ղասաբյանը հայտնել է, որ Հունաստանում բնկավող հայերը պատրաստ են մեկնել Արցախ և կռվել ռազմաճակատում, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Ինչպես հայտնում է Greek City Times-ը, Ղասաբյանը հունական պարբերականների հետ զրույցում հայտնել է, որ հայերին աջակցություն տրամադրելու ցանկություն են հայտնում նաև հույները: Նրանք առաջարկում են օգնել դեղամիջոցներով կամ գումարով: Ոմանք էլ նույնիսկ պատրաստ են մեկնել հայերի հետ և կռվել նրանց կողքին: Նրանց անուններն ուղարկվել են Հունաստանում Հայաստանի դեսպանատուն, որտեղ էլ կորոշեն, թե ինչ առաքելությամբ հանդես կգան կամավորները: «Խոսքը միայն ռազմաճակատի մարտերի մասին չէ: Կան օժանդակ աշխատանքներ, որոնք նույնպես պետք է արվեն»,- ասել է Ղասաբյանը:

Չեխիայում հայ երիտասարդները 3-րդ բողոքի ակցիան են արել «Չեխոսլովակ գրուպ» ընկերության դիմաց։ Այս  ընկերության արտադրած DANA ինքնագնաց հրետանային կայանքները Ադրբեջանը վերջին օրերին կիրառում է Արցախի դեմ։ Չեխիայի Հայ երիտասարդական միության անդամները փողոցում արյունոտ հագուստ ու գումար են ցուցադրել, պարզել դատապարտող գրություններով պաստառներ։

«Մենք լուռ ենք, իսկ արյունոտ հագուստն ու փողերը խոսում են մեր փոխարեն«,– ասում են ակցիայի մասնակիցները։

Պայքարի հաղթական սպորտային նոտան էլ հնչել է Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությամբ։ Գեղասահքի Ռուսաստանի պատանեկան գավաթի երրորդ խաղարկության հաղթող է ճանաչվել 13-ամյա հայուհի Ադելիա Պետրոսյանը, ով Սոչիում կայացած մրցույթի ազատ ծրագրում հանդես է եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button